Ինչու ենք գիրանում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 23, 2012 12:11Գիրանում ենք, որովհետև շատ ենք ուտում: Դա այսօրվա արդյունաբերական հասարակության հիմնական խնդիրն է:
Ավելորդ քաշը XXI դարի գլխավոր չարիք կարող է դառնալ: Քաշը մեր կերածի ու օրական ծախսած էներգիայի փխրուն հավասարակշռությունն է: Ժամանակակից կյանքի պայմաններում հաճախ ավելի շատ ենք սպառում, քան ծախսում:
Նստակյաց կյանք
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեխնիկայի ժամանակակից զարգացումները հնարավորություն են տալիս առավելագույնս թեթևացնելու հոգսերը: Յուրաքանչյուր ընտանիք ունի լվացքի մեքենա, ու ամեն տեսակ աշխատանքի համար ձեռքի տակ կան լավագույն տեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում ֆիզիկական աշխատանքը և՛ աշխատավայրում, և՛ տանը: Ու հասկանալի է, որ ինչքան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քիչ է, այնքան քիչ քանակությամբ կալորիա ենք ծախսում:
Այսօր ԱՄՆ-ում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. ձևավորվում է անհատականության նոր տիպ, մեծամասամբ` իգական սեռի, որոնց գլխավոր ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է հեռուստացույցի առջև բազմած կամ պառկած, չիփսի կամ ադի-բուդիի տոպրակով: Հետևանքներն աղետալի են. ճարպակալմամբ տառապողների թիվն աննախադեպ չափերի է հասել:
Չափազանց կալորիական սնունդ
Դեռևս 50 տարի առաջ մարդկանց սնունդը հիմնականում բաղկացած է եղել հատիկավորներից (հացը կրկնակի քանակով է օգտագործվել): Ավելի քիչ են միս կերել, քաղցրավենիք` հազվադեպ, համենայն դեպս, ոչ այսօրվա պես:
Հիմա fast-food-ի սերունդ է հայտնվել: Առանց մսի սեղանը չենք պատկերացնում: Ճարպերի ու ածխաջրերի կիրառումը գրեթե կրկնակի ավելացել է: Ի լրումն` ալկոհոլը, որը հայտնի բոլոր խնդիրներից բացի, քաշի ավելացման վտանգ է պարունակում: Օրգանիզմը չի իմանում, թե ինչ անի այդ կալորիաները, որոնք ստանում ենք ալկոհոլով լի յուրաքանչյուր բաժակի հետ` անկախ դրա թնդությունից: Յուրաքանչյուր ճարպի գրամի հետ օրգանիզմը 9 կկալորիա է ստանում: Իսկ մեր ամենօրյա սննդաբաժնի 40%-ը ճարպեր են, մինչդեռ օրգանիզմին լրիվ բավարար է օրական 30%-ը:
Փորձենք հաշվել, թե օրական որքան ավելորդ կալորիաներ ենք սպառում, իսկ սպառած ճարպերի մեծ մասը մսի, երշիկեղենի, թանձրահյութի ու հատկապես թխվածքի ու կարկանդակի մեջ է: Հաճախ էլ մի համով բան ենք փորձում ուտել սնունդ ընդունելու արանքներում` նույնիսկ չկասկածելով ու չմտածելով, թե որքան վնաս ենք հասցնում օրգանիզմին: Անիմաստ է գնել յուղազերծ մթերք, եթե , ասենք, ճաշից ընթրիք ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, մի բան փորձում ենք ուտել:
Մեր հիմնական թշնամին շաքարն է, Բոլոր ժամանակներում մարդուն դուր է եկել ու գրավել շաքարի համը, իսկ վերջին տասնամյակում այն վերածվել է մոլուցքի, կործանարար կախվածության: Այս հակման առաջին զոհերը երեխաներն են, որոնք փոքրուց են սովորում կոնֆետներին, քաղցրավենիքին, սոդա պարունակող ըմպելիքներին: Մանկական փոքրիկ սովորություններից են ծնվում հասուն մարդկանց մեծ խնդիրները` կապված ավելորդ քաշի հետ:
Իսկ շաքարն օրգանիզմի գլխավոր վառելիքն է, որը, սակայն, մեծ քանակությամբ է կիրառվում ու օգտակարից վերածվում առողջության համար վտանգավոր նյութի: Շաքարի ավելցուկը չի մշակվում, այլ վերածվում է ճարպերի, կուտակվում անտանելի, ատելի ծալքերի տեսքով: Շաքարն անհրաժեշտ, սակայն միևնույն ժամանակ անհուսալի գործընկեր ունի` ինսուլինը: Այդ հորմոնը մշակվում է ենթաստամոքսային գեղձում ու պատասխանում է արյան մեջ շաքարի ազատ շրջանառության, ինչպես նաև բջջի մեջ ներթափանցման ու էներգիայի վերածման համար: Սակայն ինսուլինը, օգնելով շաքարին, կարող է հիպոգլիկեմիայի պատճառ դառնալ, որն ուղեկցվում է վատ ինքնազգացողությամբ ու քաղցի ուժեղ զգացումով: Եթե մեծ քանակությամբ քաղցր եք ուտում , ապա մի մոռացեք, որ մեծ քանակությամբ էլ ինսուլին է մշակվում` առաջացնելով հիպոգլիկեմիա ու ինչ-որ բան ուտելու անհաղթահարելի ցանկություն: Ախորժակը դառնում է անկառավարելի, իսկ կիլոգրամներն աճում են:
Շաքարն ու ինսուլինը մեր գլխավոր թշնամիներն են. ուստի պիտի կարողանանք զսպել ցանկությունը:
Ուրեմն, ինչո՞ւ ենք գիրանում:
Փորձենք փոխել մեր սովորությունները
Պարզվում է, որ մեր քաշի ավելցուկի համար ոչ միայն ախորժակն է մեղավոր, այլև որոշ սովորություններ, որոնցից ազատվելն ավելի հեշտ է, քան ավելորդ կգ-ներից: Այդ սովորությունները պայմանականորեն անվանենք «գիրացնող» ու փորձենք պարզել, թե ինչպես են դրանք ազդում քաշի վրա:
Սննդի չափազանց արագ կիրառում
Սա խելացնոր ռիթմով ապրող մարդկանց խնդիրն է: Բժիշկները պարզել են, որ սնունդն արագ ընդունելը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, արյան բարձր ճնշմանը, խոլեստերինի բարձր մակարդակին ու արյան մեջ շաքարի պարունակության ավելացմանը:
Հեռուստացույց նայելու սովորությունը
Հեռուստացույցի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը գիրություն կանխագուշակող նշան է: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական 2 ժամից ավելի են անցկացնում հեռուստացույց դիտելով, մեծ հակում ունեն գիրանալու: Բանն այն է, որ հեռուստացույց դիտելիս մենք գործնականում չենք շարժվում, ինչի հետևանքով սրտխփոցը, արյան ճնշումն ու նութափոխանակությունը հատուկ ռեժիմում են կատարվում, որի դեպքում քիչ կալորիա է ծախսվում: Բացի այդ, հեռուստացույցի առջև անցկացրած ժամերը հանգեցնում են տարատեսակ սննդի անսահմանափակ ընդունման` չորահացից սկսած մինչև բուտերբրոդներ:
Անընդհատ ինչ–որ բան ուտելու սովորությունը
Շատ մարդիկ, հաճախ իրենց հաշիվ չտալով, անընդհատ ուտում են` ղեկի առջև, համակարգչի մոտ,գնումներ կատարելիս ու նույնիսկ հեռախոսով խոսելիս: Նման սովորությունը ժամանակի ընթացքում աննկատ վերածվում է ավելորդ կգ-ների:
Ճաշը` դրսում
Արագ սննդի կիրառումն անմիջականորեն կապված է գիրության հետ: Անխոս, արագ սնունդը շատ հարմար է, չափազանց. պատրաստելու հարկ չկա, աշխատավայրից հեռու չէ, մատուցում են արագ, չէ՞ որ դրանք կիսապատրաստվածքներ են: Բայց մի բան էլ է հաստատ. արագ սննդի որակը խիստ տարբեր է: «Դրսում» առաջարկվում է մեծ քանակությամբ սնունդ` սննդային բջջանյութի ու օգտակար նյութերի նվազ քանակով, եթե չասենք` բացակայությամբ, սակայն ճարպերով հարուստ ու գիրանալու վտանգով լի:
Սթրեսն ու խնդիրներն «ուտելու» սովորությունը
Հաճախ մենակությունն ու անհանգստությունը ցանկություն է առաջանում բթացնել ուտելով. դա դեպրեսիվ վիճակներից դուրս գալու յուրօրինակ միջոց է, այն էլ` մեծ քանակությամբ սննդով: Գիտնականների կարծիքով` շատակերությունը հատկապես կապված է զգացական սթրեսային վիճակի հետ, երբ առանց գիտակցելու, առանց քաղցի զգացման ցրված, սկսում ենք ինչ-որ բան ուտել,: Բացի այդ, շատ մարդիկ ուտում են պարզապես ձանձրույթից: Այսպես ասած «զգացմունքային սնունդը», ավելորդ կգ-ներից բացի, օրգանիզմին օգուտ չի բերոմ:
Ոչ լիարժեք քուն
Գիտական տեսանկյունից անքնությունը հանգեցնում է ախորժակը խթանող հորմոնի մշակման ու նվազեցնում ախորժակը ճնշող լեպտինների մշակումը: Եթե ավելի պարզ ասվի, ապա քնի մեկ ժամ նվազման հետ օրգանիզմում ճարպի քանակն ավելանում է 3%-ով: Ահա այսպիսի սարսափեցնող մաթեմատիկա:
Սնունդ ընդունելու բացթողումները
Այն, որ նախաճաշը շատ կարևոր է ու պետք է, որպեսզի օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ուտենք, թերևս բոլորը գիտեն: Այնուամենայնիվ, շատերս էլ համոզված ենք, որ նախաճաշը կամ ընթրիքը բաց թողնելով` կարող ենք նիհարել: Սակայն դա ճիշտ չէ: Անհրաժեշտ քանակով էներգիա չստացած օրգանիզմը սկսում է պահեստ ստեղծել (ճարպային): Ինչպես մի հաղորդման ժամանակ պատկերավոր ասվեց, օրգանիզմը վախենալով, որ իրեն քաղցած կրկին կթողնեն, սկսում է պահեստավորել, ինչպես կանայք` ձմռան համար: Ուստի ճիշտ է օրական թեթև չափաբաժիններով 5-6 անգամ սնվելը:
Սպորտի ժամանակ չկա
Շատերս ենք արդարանում. առանց այդ էլ ողջ օրը վազվզոցի մեջ ենք, ժամանակ չունենք, իսկ ոմանք էլ խոստովանում են, որ շատ դժվար է թեկուզ առավոտյան մարմնամարզություն անելը: Իսկապես էլ համակարգչի առջև ու խցանումներում անցկացրած ժամանակի պատճառով մարզասրահ հաճախելու ուժ չի մնում: Մտածում ես միայն տուն հասնելու ու մեկնվելու մասին: Սակայն փորձենք հենց այդ ժամանակ հիշել ամերիկացիներին, որոնք նստակյաց կյանք են վարում ու գիրությունը համարում իրենց ազգային հիվանդությունը:
Համեմատվելու սովորությունը
Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ հաճախ քաշի ավելացումը կարող է կապված լինել շրջապատի հետ: Ինչպե՞ս: Ժամանակակից մասնագետները գիրությունը սոցիալական երևույթ են համարում: Մեր շրջապատում գեր մարդու ներկայությունը (ամուսին, եղբայր, ընկեր) հանգեցնում է նրան, որ ենթագիտակցորեն սկսում ենք ավելորդ քաշն ընդունել որպես նորմալ երևույթ:
Յուղոտ ու կալորիական սննդի մասին չմտածելու սովորությունը
Սա հատուկ է շատերին. դա ի վերջո հանգեցնում է նրան, որ մարդը 2 անգամ ավելի շատ կալորիա է ընդունում, քան անհրաժեշտ է իր օրգանիզմին: Նման սովորություն ունեցողի համար ոչ միայն դժվար է նիհարելը, այլև քաշը նույն մակարդակի վրա պահպանելը:
Քաշը չհսկելու սովորությունը
Հետազոտությունների արդյունքներով` նա, ով հետևում է իր քաշին, 3 անգամ ավելի արագ է քաշը գցում, քան նա, ով անգամ չգիտի, թե քաշն ինչքան է: Քաշը հսկելն ու դրան հետևելը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու օրգանիզմը, այդ թվում, թե ինչն է հատկապես նպաստում գիրանալուն:
Անհարմար հագուստ կրելու սովորությունը
Տրամաբանական է մտածելը, որ հարմարավետ հագուստը նպաստում է ֆիզիկական ակտիվությանը: Այն մարդիկ, որոնց հագուստը չի սահմանափակում շարժումները, ավելի շատ կալորիաներ են ծախսում:
50 շաբաթ տևած գիտական հետազոտություններով ապացուցվել է, որ հարմարավետ հագուստով մարդիկ լրացուցիչ 125 կկալորիա են ծախսում, քան նրանք, որոնց հագուստը կաշկանդում է ու սահմանափակում շարժումները:
Այսօր աշխարհում գիրությունից մահացողների թիվն ավելի է քաղցից մահացողների թվից: