Գերազանցեցին իրենք իրենց

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 22, 2012 7:00

Հայաստանում մարմնամարզությունը վերելք է ապրում: Դա ևս մեկ անգամ հաստատեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օրերս կազմակերպված օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարը, որի թիմային պայքարում մեր երկրի ընտրանին, շրջանցելով  մարմնամարզությունից աշխարհում եղանակ ստեղծող մի շարք երկրների հավաքականներին, այդ թվում նաև տանտերերի երկու թիմերին, գրավեց  երկրորդ տեղը և իրենից առաջ թողեց միայն Ճապոնիայի ներկայացուցիչներին:

Մրցաշարը հեղինակավոր էր, պատվիրակներ էին ուղարկել 25 երկրներ: Թիմային պայքարում հանդես էին գալիս 20 պետությունների մարմնամարզիկներ: Հետաքրքրությունը մեծ էր նաև այն առումով, որ մոսկովյան այս ստուգատեսը մարմնամարզության միակ մրցաշարն է, որում աչքի ընկնողներին հանձնվում են նաև դրամական մրցանակներ: Ընդ որում, պարգևատրվում են նաև մարզիկների մարզիչները:

Հայաստանի թիմի կազմում էին Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը: Փաստորեն, մերոնք գերազանցեցին իրենք իրենց:

Մեր երկրի պատվիրակները փայլուն հանդես եկան նաև բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս: Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը հավասարը չունեցան նժույգաթափերում և օղակների վրա վարժություններում:  Երիտասարդական մրցաշարում էլ ուրախացրեց 15-ամյա  Արսեն Գասպարյանը: Նա իրավունք նվաճեց հանդես գալու ազատ վարժությունների  եզրափակչում և ի վերջո հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ մրցաշարը հիանալի էր կազմակերպվել: Մասնակիցները տեղավորվել են Շերեմետևոյի «Պարկ հոթել» բարձրակարգ հյուրանոցում, իսկ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզասրահում:

«Մերոնց ցույց տված արդյունքը սպասվածից բարձր է: Ակնկալում էինք, որ լավագույն դեպքում Հայաստանի հավաքականը կարող է թիմային պայքարում  գրավել 3-րդ տեղը: Բանն այն է, որ Ռուսաստանը երկու թիմով էր հանդես գալիս: Ազգային ընտրանուց բացի, կարողություններն էր փորձում նաև «Դինամո» մարզընկերության հավաքականը: Վորոնինն այդ մարզընկերության ներկայացուցիչ է եղել: Ճապոնիայի թիմից առաջ անցնել չէինք կարող, քանի որ այն համալրված էր տիտղոսակիր մարզիկներով, հանդես էր գալիս նաև Սինգապուրում կայացած  պատանեկան օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն Կամուտոն: 20-ամյա այդ մարմնամարզիկն էլ հաղթեց բազմամարտում: Անհատական մրցումերում էլ Մերդինյանը, որպես տիտղոսակիր մարզիկ, մեդալների հավակնորդների թվում էր: Դավթյանը բազմամարտի 3 մրցաձևից հետո 3-րդ տեղում էր: Ի վերջո, նա միավորների չնչին տարբերությամբ զիջեց 3-րդ մրցանակակրին և բավարվեց 4-րդ տեղով: Իսկ Թովմասյանը հայտնություն էր: Ի դեպ, Արթուրը նժույգաթափերում առաջ անցավ ռուսաստանցի մարմնամարզիկից, որը 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում երկու մեդալի է տիրացել, իսկ օղակների վրա վարժություններում Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Թովմասյանը, որի մարզիչն է Արտյոմ Ավետյանը, օղակների վրա վարժություններում  շատ բարձր գնահատական ստացավ` 15,7 և շրջանցեց հիմնական մրցակցին: Իսկ Դավթյանը բազմամարտի 3 մրցաձևից հետո 3-րդ տեղում էր: Ի վերջո, նա միավորների չնչին տարբերությամբ զիջեց 3-րդ մրցանակակրին և բավարվեց 4-րդ տեղով»,- ասաց Սերոբյանը

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply