Աշխարհին սպառնում են նոր երկաթե վարագույրնե՞ր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 24, 2012 7:04

ԱՄՆի և Ռուսաստանի միջև լարվածությունն օրեցօր մեծանում է: Եթե նախկինում այդ լարվածությունն ուղղակիորեն չէր զգացվում, այսինքն` ո՛չ ԱՄՆն, ո՛չ Ռուսաստանն անմիջապես իրար դեմ որոշակի քայլեր չէին ձեռնարկում հրապարակավ, այլ դա անում էին միջնորդավորված` աշխարհի «թեժ կետերին» վերաբերող հարցերի շրջանակներում  ԱՄՆի և ՌԴ տեսակետների, հայտարարությունների ձևով, ապա կողմերն արդեն, կարելի է ասել, անցել են իրար անմիջական «շոշափելուն»:

Աշխարհաքաղաքական զարգացումներում ԱՄՆն ու ՌԴն արդեն բախվել են

 

Նախ` վիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում, հետաքրքիր զարգացումներ ունեցավ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Օբաման այդ որոշումը մեծ քայլ համարեց և ընդգծեց, որ, այդ պահից սկսած` Վաշինգտոնը Սիրիական ազգային կոալիցիան, ի տարբերություն Բաշար Ասադի վարչակազմի, ճանաչում է որպես Սիրիայի միակ օրինական ներկայացուցիչ: Միաժամանակ Օբաման ընդգծեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է Ասադի ոչ բոլոր հակառակորդներին, քանի որ նրանց շարքում կան նաև ծայրահեղականներ, որոնց հետ ԱՄՆ-ն մտադիր չէ բանակցել:

Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե որոշումը հակասում է Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածություններին: Նրա կարծիքով` որոշումը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը խաղադրույք է սահմանել կոալիցիայի զինված հաղթանակի համար (ըստ Росбалт-ի հաղորդման): «Ես զարմացած էի` իմանալով ԱՄՆ-ի այդ որոշման մասին: Սիրիական ազգային կոալիցիայի ճանաչումը հակասում է Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են համասիրիական երկխոսության սկիզբ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Այս հայտարարություններից հետո` դեկտեմբերի 15-ին, РИА Новости-ին, հղում անելով ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիվանագիտական աղբյուրին, հայտարարեց, որ ՄԱԿ-ը քննարկում է Սիրիա 4-10 հազար խաղաղապահ ուղարկելու հարցը: Այդ աղբյուրի խոսքով` ՄԱԿ-ում անցկացվել է խորհրդակցություն այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք խաղաղապահներ են ուղարկում աշխարհի թեժ կետեր: «Խնդիրը միայն այն է, որ ՄԱԿ-ը լրացուցիչ ռեսուրսներ չունի: Այսինքն` տարբեր երկրներում տեղակայված 115 հազար խաղաղապահներից հարկ կլինի մի մասին դուրս բերել` Սիրիա ուղարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը: Այդ պատճառով քննարկված ծրագիրը դեռևս չի նշանակում, որ ՄԱԿ-ն արդեն պատրաստ է Սիրիայում խաղաղապահներ տեղակայել:

Սրան Ռուսաստանը պիտի որ ինչ-որ ձևով պատասխանի: «Անկախի» նախորդ համարում անդրադարձել ենք, որ Ռուսաստանն էլ սիրիահայերին` ռուսական հանրային երկրորդ հեռուստաընկերության լրագրողների բնորոշմամբ` Սիրիայի ամենամեծ քրիստոնյա համայնքին օգնելու պատրվակով, եթե նրանք օգնության դիմեն իրենց հայրենիքի կառավարությանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ անդամ, հնարավորություն կստանա «խաղաղապահներ» մտցնել Սիրիա: Սա կնմանվի երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի Գերմանիայում ստեղծված իրավիճակին, երբ երկրի մի մասը վերահսկվում էր Արևմուտքի, մյուս մասը` ԽՍՀՄ-ի կողմից: Սիրիայում այս դեպքում կստեղծվեն նոր «Բեռլինյան պատ» կառուցելու նախադրյալներ: Բայց միայն նոր «Բեռլինյան պատի» ստեղծման նախադրյալները չեն, որ այսօր առկա են:

ԱՄՆն ու ՌԴն անցել են անմիջականորեն իրար «կողեր շոշափելուն»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 14-ին ստորագրել է այն օրինագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում Ջեկսոն-Վենիկի ուղղումն ու ներդրում է «Մագնիտսկու օրենքը»: Ավելի վաղ այս նախաձեռնությունը պաշտպանել էին ԱՄՆ կոնգրեսականները:

Ջեկսոն-Վենիկի ուղղումը, որով սահմանափակվում էր Ռուսաստանի հետ առևտուրը, մտցվել է 1974 թ.` !ՍՀՄ-ի կողմից էմիգրացիայի հարցերում քաղաքացիների իրավունքերի խախտման կապակցությամբ: «Մագնիտսկու օրենքը», ուժի մեջ մտնելով Ջեկսոն-Վենիկի ուղղման վերացման հետ միաժամանակ, ենթադրում է վիզային և ֆինանսական պատժամիջոցներ ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Այս փաստաթղթի վրա ամերիկյան օրենսդիրների աշխատանքները սկսվել են 2009 թ. ի պատասխան Մոսկովյան «Մոտրոսսկայա տիշինա» մեկուսարանում բրիտանական Firestone Duncan իրավախորհրդատվական ընկերության իրավաբան-ֆինանսական աուդիտոր, միաժամանակ Heritage Capital հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու  սպանության: Իրավաբանը հայտնել էր, որ ռուսական պետբյուջեից խոշորամասշտաբ յուրացումներ է հայտնաբերել, որն էլ, նրա գործընկերների, հարազատների և իրավապաշտպանների կարծիքով, դարձավ նրա ձերբակալման ու սպանության պատճառը:

37-ամյա աուդիտորը մեկուսարանում մահացել է 2009 թ. նոյեմբերի 16-ին ենթադրաբար, մեկուսարանի աշխատակիցների կողմից ծեծի և բռնությունների կիրառման պատճառով: Նրան(ենթադրաբար) խոշտանգումների ենթարկածները եղել են 8 հոգի: Սակայն 2012 թ. նոյեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով սանկցիաներ էին կիրառում այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնց անունները հայտնվել են այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակում»: Իսկ այդ ցուցակում հայտնվել է մոտ 60 անուն (դեռևս պաշտոնապես չեն ներկայացվել տվյալներ, թե քանի հոգի է ընդգրկված այդ ցուցակում, և ովքեր են նրանք):

Ի պատասխան դեկտեմբերի 14-ին Բարաք Օբամայի ստորագրած օրինագծի` ՌԴ Պետդումայում որոշել են առհասարակ արգելել ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանից որբ երեխաներ որդեգրել:

Պետդումայի քաղաքական մեծամասնության` «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին ՌԴ Դուման ընդունեց «Դիմա Յակովլևի օրենք» ոչ պաշտոնական անունը կրող օրինագիծը, որը նվիրված է ԱՄՆ-ում զոհված ռուս երեխայի հիշատակին:

Այս ամենից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրար դեմ են դուրս եկել արդեն ոչ թե միջորդավորված, այլ անմիջականորեն: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ վերոհիշյալ օրինագծերին կհաջորդեն նոր` ավելի խիստ օրինագծեր: Արդեն իսկ առկա է այն առճակատումը, որն կար էր սառը պատերազմի տարիներին: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ռուսաստանը ցանկանում է օր առաջ իրականություն դարձնել «Եվրասիական միությունը», որը նման է նախկին սոցճամբարին: Այդ մասին են վկայում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանում շքեղության հարկին վերաբերող հայտարարության որոշ մանրամասներ, որոնք, իբր ուղղված լինելով ներքին լսարանին, հստակ ուղերձներ են միջազգային հանրությանը: Մասնավորապես. «Աշխարհն օր օրի փոփոխվում է, և մենք պետք է լինենք շատ ուժեղ այս նոր, փոոխվող աշխարհում մարտահրավերներին դիմակայելու համար»: Սա արդեն ոչ միայն ներքին լսարանին ուղղված ուղերձ է, այլև սրանով նախագահ Պուտինը ցույց է տալիս աշխարհին, որ Ռուսաստանը չի վախենում փոփոխություններից և չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել:

Մի խոսքով, եթե աշխարհն այսօր դեռևս ընդգրկված էլ չէ նոր սառը պատերազմում, ապա գոնե դրա նախաշեմին է 

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply