Լրտեսները վտանգում են «ապահով Հայաստանը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 21, 2012 7:25

Դեկտեմբերի 15-ին մի իրադարձության ականատեսը եղանք բոլորս. համացանցում տարածվեց  ձայնագրություն, որը վերնագրված էր «Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը սրճարանում»: Զրույցը, իհարկե, գաղտնալսված էր:

Նույնիսկ չենք էլ ուզում անդրադառնալ, թե ինչ թեմաներ էին արծարծում զրուցակիցները և ինչ էին խոսում, քանի որ նրանք, որպես ժողովրդավարական արժեքներ որդեգրած, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու պարտականություն ստանձնած երկրի քաղաքացիներ, ունեն սեփական մտքերն ու տեսակետները ունենալու, դրանք ազատորեն հայտնելու և տարածելու իրավունք:

Մի խոսքով, նրանք  քաղաքական գործիչներ են, խոսում էին քաղաքական գործունեության մարտավարական հարցերի շուրջ, առաջ էին քաշում իրենց տեսակետները և քննարկում, թե ինչ պետք է անեն այդ տեսակետները կյանքի կոչելու համար: Դա նրանց իրավունքն է ճիշտ այնպես, ինչպես մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու պատասխանատվություն ստանձնած ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու: Եվ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մի կարևոր բաղադրիչն էլ անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է: Տվյալ ձայնագրությամբ, փաստորեն, ոտնահարվեց ՀՀ այս երկու քաղաքացիների հենց այս` անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Իսկ երբ խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապա դա արդեն ապահովության զգացում չի առաջացնում: Ընդհակառակը, շատերի մեջ կարող է սկսվել հոգեբանական մի երևույթ, որը հոգեբաններն անվանում են «հետապնդման մոլուցք»:

Էական չէ, թե ովքեր են այդ զրույցը գաղտնալսել և ինչ նպատակներով, այլ այն, որ դա հրապարակվել է և հանրայնացվել: Ու հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ քաղաքացին, թեկուզ` քաղաքական գործիչը, չի կարող հանգիստ նստել սրճարանում և զրուցել, ասենք, քաղաքական մարտավարության քայլերի շուրջ: Ու անկախ այն հանգամանքից, թե ով է այս «լրտես-լրտես» խաղացողը, պետք է հայտնաբերվի և պատժվի մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը ոտնահարելու համար:

Բայց սա այս կարգի միակ դեպքը չէ Հայաստանի Հանրապետությունում.

այսպիսի մի դեպք եղավ` կապված Արամ Աբրահամյանի հետ, երբ մարդիկ բառացիորեն մտել էին  նրա «անկողին»: Մի դեպք էլ կապված է Ալեքսանդր Արզումանյանի անվան հետ: Չենք մոռացել նաև այն դեպքը, երբ հրապարակվեց ՕԵԿ-ի նախագահ, ներկայումս ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի զրույցը բրիտանացի դիվանագետի հետ: Դրանց համար, բնականաբար, ոչ ոք պատասխան չտվեց: Եվ հետևանքն այն է, որ այդ երևույթը մեզանում չի վերանում:

Բայց եղավ անձնական կյանքի գաղտնիության ոտնահարման մի շատ  աղմուկ հանած ու քննարկված դեպք էլ, որը երկար ժամանակ դարձավ հայկական շոուբիզնեսի գլխավոր պոռնոսկանդալը: Այս դեպքում նշվեց մեղավորի անունը, և այդ մարդը դատապարտվեց ազատազրկման:

Սա, մեղմ ասած, մտահոգիչ միտում է դեպքերի բացահայտման ցուցանիշի, քանակի ու որակի առումով:

Նույնիսկ «ուոթերգեյթյան» սցենարներո՞վ ենք փորձում նմանվել Արևմուտքին

 

Այս գաղտնալսման ձայնագրությանը ծանոթանալիս ակամա հիշեցինք «Ուոթերգեյթյան դատավարության» մասին, երբ 1972 թ. հունիսի 17-ին` ԱՄՆ նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ, հինգ լրտեսներ, մտնելով գործող նախագահ Նիքսոնի մրցակից, դեմոկրատ թեկնածու Ջորջ Մակգովերնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում տեղակայված շտաբը, գաղտնալսող սարքավորումներ էին տեղադրել։

Դեմոկրատ թեկնածուի շտաբ ներխուժած հինգ լրտեսները բացահայտվեցին, և արդեն 1973 թ. հունվարին՝ Ռիչարդ Նիքսոնի «համոզիչ» հաղթանակից երկու ամիս անց, սկսվեց նրանց դատավարությունը։ Մարտ ամսին Սենատում ստեղծվեց Ուոթերգեյթյան գործը քննող հանձնաժողով, որի լսումները սփռվում էին հեռուստատեսությամբ։ Դրանց հաղորդակից էր դառնում ԱՄՆ բնակչության մոտ 85%-ը։

1973-ի օգոստոսին նախագահ Նիքսոնը հրաժարվել է դատախազությանը բացատրություններ տալ կառավարության աուդիոհսկողության մասին և տրամադրել օվալաձև կաբինետում իր և իր օգնականների միջև եղած զրույցի ձայնագրությունը, որի գոյությունը փաստել էին որոշ պաշտոնյաներ։ Նիքսոնը նույնիսկ կարգադրել է գլխավոր դատախազ Ռիչարդսոնին աշխատանքից ազատել դատախազ Կոքսին նման հարցում անելու համար։ Ռիչարդսոնը հրաժարվել է կատարել նախագահի հրամանը, և հոկտեմբերին Ռիչարդսոնն ու նրա տեղակալը հրաժարական են տվել։

1974-ի փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սկսել է Նիքսոնի իմփիչմենթի գործընթացը։ Այսուհանդերձ, Նիքսոնը համառում էր և չէր ուզում հետաքննության մարմիններին տալ իր մոտ եղած ձայնագրությունները՝ հղում կատարելով գործադիր իշխանության արտոնություններին։ 1974-ի հուլիսին, սակայն, ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն որոշեց, որ նախագահը նման արտոնություն չունի, և պահանջեց ձայնագրությունները։

1974-ի օգոստոսի 9-ին Նիքսոնը հրաժարական տվեց։ Մինչ այդ՝ օգոստոսի 5-ին, երբ արդեն ԱՄՆ Սենատին պիտի փոխանցվեր պաշտոնանկության եզրակացությունը, Գերագույն դատարանի որոշմամբ` գաղտնազերծվել էին 1972-ի հունիսի 23-ին կատարված ձայնագրությունները, որտեղ Նիքսոնն իր աշխատակազմի ղեկավար Հոլդմենի հետ քննարկում էր Ուոթերգեյթյան պատմությունը՝ այն անվանելով ծխացող հրացան (smoking gun)։ Նրանք քննարկում էին, թե ինչպես կարելի է խանգարել քննությանը` օգտագործելով ՀԴԲ-ն և ԿՀՎ-ն։

Այս բացահայտումից հետո Նիքսոնի նույնիսկ ամենամոլեռանդ պաշտպանները սկսել էին չկասկածել, որ նախագահը, անձնական և կուսակցական շահերից ելնելով, հենց սկզբից փորձել է խոչընդոտել արդարադատությունը։ Իսկ հանրապետական սենատորները, որոնք պատրաստվում էին քվեարկել Նիքսոնի օգտին, ձայնագրություններին ծանոթանալուց հետո իրար հետևից հայտարարեցին, որ պաշտպանում են մեղադրանքի բոլոր կետերը։

Արդեն հայկական «Ուոթերգեյթյան դատավարություն» սկսելու ժամանակն է

 

Այժմ այս համատեքստում անդրադառնանք հայաստանյան «Ուոթերգեյթին». արդեն այս դեպքին հաջորդող երկուշաբթի օրը` դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հերքման տեքստով և ասաց, որ այս գաղտնալսման, այնուհետև դրա հրապարակման հետ ոչ մի կապ չունի:

Իհարկե, ակնկալվում էր նաև, որ իր հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն գոնե կհավաստիացներ, որ ջանք ու եռանդ չի թափի միջադեպի մանրամասների բացահայտման և մեղավորներին պատժելու համար: Սակայն այդպիսի ակնարկ անգամ չկար մեր ԱԱԾ տարածած մամուլի հաղորդագրության հետ: Նրանք ուղղակի շտապ փորձեցին իրենց վրայից գցել կասկածի բաժինը, քանի որ անմիջապես հանրության շրջանում գերիշխող դարձավ այն տեսակետը, թե այս գաղտնալսման իրագործողը հատուկ ծառայություններն են:

Այդ դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ է ձեռնտու երկրի քաղաքական կյանքում կարևոր ու առաջնային իրադարձությունից` առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հրապարակել ոչ իշխանական այս երկու ուժերի ներկայացուցիչների զրույցը, թեկուզ` քաղաքական թեմաների շուրջ:

 

Այսօր հիրավի կա մի նոր` հայկական «ուոթերգեյթյան դատավարություն» սկսելու անհրաժեշտություն: Հակառակ պարագայում, ով էլ մեզ փորձի համոզել, թե ձգտում է «դեպի ապահով Հայաստան», միևնույն է, հավատ չի ներշնչի: Քանի որ միայն այն գիտակցումը, որ ամեն վայրկյան կարող է հանրության սեփականությունը դառնալ այն, ինչ խոսել ես սրճարանում ընկերոջդ, գործընկերոջդ կամ պարզապես ՀՀ մեկ այլ քաղաքացու հետ, ապահովության զգացման ոչ մի նշույլ անգամ չի թողնում:

Ուստի ենթադրվում է` ՀՀ նախագահը, որ ընտրել է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, նաև Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հովանավորն է, պետք է րոպե առաջ զբաղվի այս հարցով ու նաև երաշխավորի, որ այս դեպքի մանրամասները կբացահայտվեն, ու մեղավորները պատասխան կտան իրենց գործածի համար: Հանուն ապահով Հայաստանի:

 

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply