Վազգեն Մանուկյանը` մարզերից տեղափոխված հուշարձանաքարերի մասին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 20, 2012 14:15
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի որոշմամբ 4 տարի ժամկետով մարզերից Երևան տեղափոխվեցին պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ` Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման նպատակով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում: Հարցը քննարկվեց նաև Հանրային խորհրդում: «Անկախը» փորձեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից պարզել, թե ի՞նչ քննարկում էր դա և լսել նրա անձնական կարծիքն այդ որոշման մասին:
– Նախ` այն փաստը, որ հասարակությունը, մասնավորապես` երիտասարդությունը, անտարբեր չէ, մտահոգված է իր մշակութային հուշարձանների ճակատագրով, ողջունելի է և ուրախալի: Ինչ վերաբերում է քննարկմանը, ապա դա իմ կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցություն էր, քանի որ դրանից առաջ մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են այդ ծրագրին, դիմել էին Հանրային խորհուրդ: Խորհրդակցությանը հրավիրել էինք թե՛ այդ երիտասարդներին, թե՛ անկախ մասնագետներին և թե՛ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանին: Նպատակը խնդրի էությունը հասկանալն էր, կլոր սեղանի շուրջ կողմ և դեմ տեսակետները լսելը: Հարցը քննարկվեց, երկու կողմերն էլ բերեցին իրենց հիմնավորումները: Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում կարող են մասնագիտական քննարկումներ ծավալվել հարցի վերաբերյալ: Կարծում եմ` այս հարցում մասնագետները պետք է կարծիք արտահայտեն:
Իմ անձնական կարծիքը հետևյալն է. օրենքի համապատասխան դրույթում սահմանվում է, որ հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխումն ու փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, հետևաբար պետք է հստակություն մտնի, պարզաբանվի` որոնք են բացառիկ դեպքերը: Բացի այդ, կարծում եմ, որ նման որոշումներ ընդունելիս պետք է հաշվի առնվի նաև անկախ մասնագետների, շահագրգիռ քաղաքացիների և տվյալ տարածքի բնակչության կարծիքը, կազմակերպվեն հանրային լսումներ:
Ինչ վերաբերում է արդեն Երևան տեղափոխված հուշարձանաքարերին, գուցե նպատակահարմար չէ դրանք Պատմության թանգարանում մինչև 2016 թվականը պահելը, այլ կարելի է 1-2 տարի պահել կամ օրինակ` 2013-ը հայտարարել ցուցադրության տարի, ապա հետ վերադարձնել դրանք իրենց նախնական վայրեր՝ այդ ընթացքում էլ կազմակերպելով վերականգնման և նախնական վայրերում անհրաժեշտ պայմանների ապահովման աշխատանքները»,- մեկնաբանեց Հանրային խորհրդի նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
