Հաշվետվություն են ներկայացրել Հայաստանի շախմատի և աթլետիկայի ֆեդերացիաները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2012 13:33

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվություն են ներկայացրել Հայաստանի շախմատի և աթլետիկայի ֆեդերացիաները:

Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը ներկայացրել է 2012թ. ժամանակահատվածում կատարված և հաջորդ տարվա համար նախատեսված աշխատանքային ծրագրերը, որոնք իրականացվել են և կիրականացվեն ինչպես նախարարության աջակցությամբ, այնպես էլ ֆեդերացիայի միջոցներով: Հայ շախմատիստների հաջողությունները և ձեռքբերումները բացահայտ են. մեր մարզիկները աշխարհի և օլիմպիադային բազմակի չեմպիոններ են: Այս արդյունքները գրանցվել են նաև ֆեդերացիայի կողմից տարվող համակարգված և հետևողական աշխատանքի շնորհիվ:

Հաշվետու տարում մեր մարզիկները մասնակցել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցաշարերի, որոնք կազմակերպվել են թե Հայաստանում, թե արտերկրում: «Շախմատիստների շատ լավ սերունդ է մեծանում»,- նշել է Թավադյանը և  հույս հայտնել, որ նրանք կկարողանան համալրել այսօրվա հայ տիտկոսակիր մարզիկների շարքերը:

2013թ. շարունակվելու են աշխատանքերը մեր մարզիկների հաջող մրցելույթները միջազգային և տեղական միցաշարերում ապահովելու ուղղությամբ: Կազմակերպվելու են ուսումնամարզական հավաքներ, որոնց ընթացքում դարձյալ մեծ ուշադրություն է դարձվելու հայ շախմատիստների ֆիզիկական մարզավիճակը բարձր մակարդակի վրա պահելուն ուղղված աշխատանքներին: «Ուսումնամարզական հավաքների ժամանակ, մեր շախմատիստները շատ լավ են իրենց դրսևորում նաև խաղային սպորտաձևերում, նրանք ավանդաբար նաև լավ ֆուտբոլ խաղացողներ են»,- ավելացրել է տնօրենը:

Հաջորդը, կատարած աշխատանքների հաշվետվությամբ, հանդես է եկել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: 2012թ. տարեսկզբին, Հայաստանի հավաքականը մասնակցել է Ստամբուլում կայացած ուսումնամարզական հավաքին և փակ դահլիճում կայացած աշխարհի առաջնությանը: Ուսումնամարզական հավաք է կազմակերպվել նաև Երևանում և Ծաղկաձորում: Մեր մարզիկները մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի առաջնություններին: «Ունենք բավականին լավ մարզիկներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը: Ըստ նրա աշխատանքներ են տարվում նրանցից մեկի՝ Լևոն Աղասյանի մարզումները եվրոպական ակումբներից մեկում կազմակերպելու ուղղությամբ:

2013թ. Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցելու է Գյոթեբորգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ պատանի աթլետները կմասնակցեն Ստամբուլում նախատեսված միջազգային մրցաշարին: Տարբեր տարիքային խմբերի հավաքականները կմասնակցեն միջազգային մի շարք այլ մրցաշարերի և, իհարկե, հանրապետական առաջնությանը:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ աթլետիկայի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է բժշկական կենտրոնի հետ, և 2-3 ամիսը մեկ անգամ հավաքականի մարզիկները բուժզննում են անցնում կենտրոնում:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply