Երբ կաթնամթերքների «շոռը» ելավ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 20, 2012 13:26

Առանց արտադրության օրվա մասին տեղեկատվության` թթվասեր, մածուն, թան, կաթ ու կաթնաշոռ. «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրած այս բոլոր կաթնամթերքների «շոռը» ելավ, երբ դրանք մի քանի ամիս առաջ երեքուկես տասնյակից ավելի խանութներում պետական համապատասխան կառույցի կողմից հայտնաբերվեցին թերի մակնշմամբ: Բայց միայն այս ընկերության արտադրանքի մակնշումից չէ, որ բացակայել է արտադրության օրվա մասին տեղեկատվությունը: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Վան» ընկերության պանրիկը, որն իր ուսումնասիրության շրջանակներում շուրջ տասնյակի չափ խանութներում հայտնաբերել է դարձյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նույնպես չի ունեցել արտադրության օրվա մասին նշում, ինչը նշանակում է, որ այն կարող էր նաև ժամկետանց լինել:

Արտադրության օրվա մասին տեղեկատվությունը բացակայել է նաև «Ափնա» ընկերության մածնաբրդոշի մակնշումից, սակայն նշված ծառայությունը հիշյալ ընկերություններից ոչ մեկին էլ չի տուգանել, հայտնաբերված խախտումներն ընդունել է ի գիտություն: Այնպես որ, բնավ չենք զարմանա, եթե հայաստանյան խանութներում առաջիկայում էլ հայտնաբերվեն առանց արտադրության օրվա կամ պիտանիության ժամկետի մածնաբրդոշներ և այլ կաթնամթերքներ:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply