Հայկական զբոսաշրջությունը դիմակայում է տնտեսական ճգնաժամին. այս տարի գրանցվել է զբոսաշրջիկների 2.8 տոկոս աճ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | June 18, 2009 14:42
«Հայկական զբոսաշրջությունը տնտեսական ճգնաժամի ազդեցությունից դեռևս չի տուժել, բայց կանխատեսում կա, որ այն անմասն չի մնա գլոբալ գործընթացից»,-այսօր ասաց ամերիկյան «Մրցունակ մասնավոր հատված»(CAPS) ծրագրի մրցունակության հարցերով ավագ փորձագետ Ալան Սաֆերին` CAPS-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության(ԶԶՀԳ) հետ համատեղ անցկացվող Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողովում:
Ըստ Սաֆերիի` աշխարհում հունվար-փետրվար ամիսներին զբոսաշրջությունը նվազել է 1 տոկոսով, իսկ ողջ տարվա համար կանխատեսվում է 2-3 տոկոս անկում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` արձանագրվել է Հայաստան եկող զբոսաշրջիկների 2.8 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայկական զբոսաշրջությունը խթանելու և ճգնաժամի ազդեցությունից հնարավորինս խուսափելու համար էկոնոմիկայի նախարարությունը ԶԶՀԳ-ի հետ համատեղ անցկացնում է հանդիպումներ` միջազգային զբոսաշրջային լրագրողների ու տուրօպերատորների հետ:
«Կարևոր չէ` ինչ ես անում, կարևորը` ինչպես է այն ընկալվում: Մեր հանդիպումը հենց նրա համար է, որ հասկանանք, թե մեր մասին դրսի ընկալումն ինչպիսին է, ու կարողանանք մեր արած գործի ու ընկալման միջև տարբերությունը հաղթահարել»,- ասել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հունիսի 2-ին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում եվրոպական 5 երկրներից Հայաստան ժամանած 10 զբոսաշրջային լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ ԶԶՀԳ մարքեթինգի տնօրեն Սյուզաննա Ազոյանի` այդ հանդիպումներն ու շրջայցերը կարող են լուրջ հոսքեր բերել Հայաստան, քանի որ նրանք, վերադառնալով իրենց երկիր, տարբեր ԶԼՄ-երով լուսաբանում են Հայաստանը, իսկ տուրօպերատորներն առաջարկված փաթեթներում ընդգրկում են նաև մեր երկիրը:
«Երբ մենք 2007թ.-ին որպես թիրախային շուկա ընտրեցինք Իտալիան ու աշխատեցինք իտալական տուրիստական գործակալությունների ու զբոսաշրջային լրագրողների հետ, 2008թ.-ին իտալացի զբոսաշրջիկների թիվն աճեց 34 տոկոսով»,- ասում է ԶԶՀԳ մարկետինգի տնօրեն Սյուզաննա Ազոյանը:






Facebook
Tweet This
Email This Post
