Առևանգիչը երկնքից. ոսկեգույն արծիվը ներքև է սլանում և իր ճանկերի մեջ վերցնում այգում խաղացող երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2012 20:27

YouTube-ում տեղադրված անհավանական տեսահոլովակում երևում է, թե ինչպես է հսկայական ոսկեգույն արծիվը այգու վրայով մի քանի անգամ պտտվում՝ նախքան ներքև սլանալն ու փոքրիկ երեխային, իր ճանկերի մեջ առնելով, վերև բարձրացնելը:
Երեխայի ծնողը սարսափած նայում է, թե ինչպես է արծիվը, որը համարվում է աշխարհի ամենագիշատիչ թռչուններից մեկը, մի քանի ոտնաչափ վերև բարձրացնում տղային:
Այնուհետև արծիվը ցած է գցում երեխային, որի անունը և տարիքը հայտնի չեն:
Տեսահոլովակը սկսվում է վեց ոտնաչափ երկարությամբ թևեր ունեցող արծվի կադրով, որը սավառնում է Կանադայի Մոնրեալ քաղաքի հանրային այգու վրայով:
Երբ արծիվը ներքև է սլանում, դեպքը նկարահանող ֆրանսախոս տղամարդը կադրը մոտեցնում է:
Այնուհետև նա վազում է շփոթված երեխայի ուղղությամբ, որը լաց էր լինում ,սակայն ինչպես երևում է լուրջ վնասվածքներ չէր ստացել:
Տեսահոլովակը այսօրվա դրությամբ ունեցել է ընդամենը 311 դիտում, սակայն այն ակտիվորեն շրջանառվում է Twitter-ում:
Ինչևիցէ՝ YouTube-ում տեղադրված բազմաթիվ գրառումներ հայտնում են, որ տեսահոլովակը իրական չէ: Օգտատերերից մեկը նշում է, որ հատուկ էֆեկտներ են օգտագործվել այն պատրաստելու համար՝ մատնանշելով, որ որոշ կադրերում բացակայում է առարկայի ստվերը:
Ըստ ԱՄՆ National Geographic Society-ի՝ ոսկեգույն արծիվը համարվում է հյուսիսային Ամերիկայի ամենամեծ թռչուններից մեկը և կարող է իր զոհի ուղղությամբ սլանալ ժամում ավելի քան 150 մղոն արագությամբ:
Եթե տեսահոլովակը իրական է, ապա արծիվը հավանաբար երեխային շփոթել է նապաստակի, արջամկան կամ գետնասկյուռի հետ, որոնք նրա հիմնական որս են համարվում:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply