Կկառուցվի նոր մուտք մետրո «Երիտասարդական»-ի համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2010 9:55

Երևան քաղաքի երթևեկության շարժունակությունը բարելավելու և տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված հուշագրի համաձայն` առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկի Երևանի կայուն քաղաքային տրանսպորտային ծրագիրը:

Երևանի կենտրոնի երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնող այս ծրագիրը կկապի Երևանի հարավարևմտյան և հյուսիսարևելյան շրջանները:

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, որպես առաջին փուլի ծրագիր, մայրաքաղաքում կսկսվի Դավթաշենի կամուրջ – Աշտարակի խճուղի, Արգավանդի մայրուղի – Շիրակի փողոց և Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ուղղություններով նոր շրջանցիկ մայրուղիների կառուցումը: Ծրագրի համաձայն` նախատեսվում է նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նոր մուտք կառուցել Աբովյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկի հատվածում:

Նշված նախագծերը քննարկելու, բնակիչներին հուզող հարցերը տեղում, մասնագետների հետ ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել   հանրային խորհրդակցություն, որտեղ նոր շրջանցիկ ճանապարհների ու մետրոպոլիտենի նոր մուտքի երկարությունը, լայնությունը, շրջակա միջավայրի ներկայիս իրավիճակն են  քննարկվել:

Ասիական զարգացման բանկի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Կլաուս Շոնֆելդը, դրական գնահատելով քաղաքապետարանի` նման քննարկումների նախաձեռնությունը, նշել է, որ կարևոր է նաև հասարակության կարծիքն իմանալ այս ծրագրի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հանրային կարծիքի միջոցով ծրագիրը դարձնել էլ ավելի արդյունավետ:

«Դավթաշենի կամուրջ – Աշտարակի խճուղի նոր մայրուղու կառուցմանը անհամբերությամբ ենք սպասում»,- ասել է հանրային խորհրդակցությանը ներկա Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ Գագիկ Գևորգյանը: Այս ճանապարհի կառուցումը զգալի կթեթևացնի երթևեկության վիճակը, համոզված նշել  է վերջինս.

«Հալաբյան 48-ից մինչև Հալաբյանի սկզբնամաս ընկած հատվածում ճանապարհը թողունակություն չունի: Բնապահպանական առումով էլ դանդաղ ընթացող ավտոմեքենաների արտանետումներն ավելի վտանգավոր են: Նոր ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա մեքենաներին ավելի արագ շարժվել: Ցանկացած դավթաշենցի մեծ ուրախությամբ, մեծ ակնկալիքով է սպասում թե ճանապարհի շինարարությունը երբ են սկսելու, էլ չեմ ասում` ավարտելու: Քաղաքը պիտի զարգանա, իսկ զարգացման առաջին նախապայմանը տրանսպորտն է»:

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply