«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում նվիրաբերվել է 41 մլն դրամ և 31 մլն դրամի պարենամթերք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2012 14:51

 ՙՕգնիր Եղբորդ՚  քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկեց ս.թ. սեպտեմբերի 18-ին։  Առիթը մոտ մեկ տարի Սիրիայում շարունակվող  եղբայրասպան հակամարտությունն  էր, որի ողբերգական հետևանքները բացահայտ  էին  ինչպես  Սիրիայի ողջ ժողովրդի, այնպես էլ   մեր հայրենակիցների համար։  Պատերազմի  ավերիչ ընթացքն անդառնալի  կորուստներ էր հասցնում և շարունակում է հասցնել մեր ամենակենսունակ համայնքներից մեկին՝ սիրիահայ  համայնքին։

Անտարբեր լինելու իրավունք չունեինք և չունենք։ Պահն էր և է, երբ ողջ հայությունը պետք է ցույց տար իր միասնականությունը, օգնության ձեռք մեկնելով  ինչպես սիրիահայ, այնպես էլ  Սիրիայի կարիքավոր ընտանիքներին։

Մեր եղբայրներին   պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու    կոչը լայն արձագանք գտավ։ Եվ ինչպես ակնկալում էինք, նախաձեռնությունը չունեցավ ոչ աշխարհագրական և ոչ էլ գաղափարախոսական սահմաններ։  Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ և  գործարարներ իրենց   նյութական և բարոյական աջակցությունը ցուցաբերեցին ՙՕգնիր եղբորդ՚  նախաձեռնությանը:

Նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից  նվիրաբերվել է   41մլն 312660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ    31մլն  033210 ՀՀ դրամի պարենամթերք։

Նրանց և մի շարք  բարերարների հատկացումներով բեռնված ՙՕգնիր եղբորդ՚ քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական  ինքնաթիռը ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվեց   հոկտեմբերի 15-ին՝ տանելով   14 տոննա  պարենամթերք  և դեղորայք։ Թռիչքն իրականացրեց  ՙԷյր Արմենիա՚ ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։

Հոկտեմբերի 22-ին Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով   Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։

ՙOգնիր  եղբորդ՚   նախաձեռնութան հումանիտար օգնության երրորդ խմբաքանակն  ուղարկվեց  նոյեմբերի 21-ին, թռիչքը դարձյալ իրականացվեց Երևանի Զվարթնոց  միջազգային օդանավակայանից  ՙԷյր Արմենիա՚ ընկերության  բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա  բեռը՝ բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց   արկղերից և պարունակում էր  պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:

Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը   ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և  համահամայնքային ՙՇտապ օգնության՚  հանձնախմբի կազմակերպմամբ  բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։

Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում  հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով  ՙՕգնիր եղբորդ՚  նախաձեռնությունը 5000000 (5մլն) դրամի  փոխանցում է կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ։

Սիրիահայ մանուկների համար տարեվերջին  կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։

Օգնիր եղբորդ քաղաքացիական նախաձեռնությունը  իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր կոչին անդրադարձած բոլոր-բոլորին և վստահություն հայտնում, որ շարունակելու ենք  համազգային համախմբման այս  նվիրական գործը։

 

ՙՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ՚ քաղաքացիական նախաձեռնություն

 

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply