Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 19, 2012 12:00

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը:
Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:
Պատվիրակությունները քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Տեղեկանք: Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում մոտ 40 երկրների հետ: Հայաստանի եւ ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2009թ.-ին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply