Մասնատման ուղերձներ և ելք`դեպի սև ծով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 19, 2012 12:59

Միացյալ Նահանգների ազգային հետազոտության խորհրդի հրապարակած առաջիկա քսան տարվա կանխատեսումները բովանդակող զեկուցումը հայկական կողմի համար առանձնանում է՛ Թուրքիայի մասնատման վերաբերյալ կատարվող վերլուծությամբ եւ եզրակացությամբ: Նշելու համար, թե առնչված ի՛նչ այլ կետեր է բովանդակում զեկույցը, արագ ակնարկով պետք է արձանագրել քրդական գործոնի գերաշխուժացումը, Քրդստանի ստեղծումը եւ թուրքական պետության ազդեցության աճը` միջազգային հարցերի վրա:

Բնական է, որ իրատեսական պատճառներ չկան խանդավառությամբ ընկալելու համար նման զեկուցման Թուրքիային վերաբերող բաժինը:

Մեծ Քրդստանի մտավախությունը ակներեւ է Անկարայի կատարած յուրաքանչյուր քայլում: Ճիշտ է, որ Թուրքիան կազմող ազգաբնակչությունները այսօր բացահայտորեն այլեւս ունեն ինքնության խնդիր: Քրդերից սկսած, անցնելով դեպի ալավիները, ասորիները, հայերը, հույները, զազաներն ու ղըզըլպաշները (հիշելու համար հիմնականները) իրենց արտահայտություններով, շարժումներով, իրավունքների պահանջներով հետզհետե սկսել են հստակ տարբերություն ցույց տալ Թուրքիայի քաղաքացիների եւ ազգությամբ թուրքերի միջեւ: Ինքնության խնդիրն ու մանավանդ խտրականությունն ու իրավազրկումը մասնատման ուղղությամբ մնայուն պայթունավտանգ ենթահող պատրաստ վիճակում պահելու են ծառայում: Թեեւ խնդիրները տարբեր են, իրավազրկման տարողությունները` եւս, այսուհանդերձ քեմալական աշխարհիկության, իշխանության կրոնականության, եւ զինվորականության իրողականության իրար հակասող երեւույթների միջեւ Թուրքիան իրոք կարող է մասնատման վտանգ դիմագրավել:

Դիպաշարին հետեւողը կհամոզվի ու կվերահամոզվի, որ Թուրքիայի դիմակայած համար մեկ խնդիրը այսօր քրդական հարցն է: Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Անկարայի մոտեցումները, պահանջները, հայտարարություններն ու կատարած զինվորաքաղաքական քայլերը հիմնականում ուղղակի, թե անուղղակի առնչվում են քրդական վտանգը հնարավորության սահմաններում հեռացնելու քաղաքականությանը: Սահմանների տարածքում զինվորական ուժի կուտակումը, հրթիռների տեղակայումը եւ մանավանդ անվտանգության գոտի ձեւավորելու հետեւողական քայլերը Դամասկոսի դեմ պատերազմելուց ավելի Իրաքի, Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի միացումով մեծ Քրդստանի ծրագրի տապալման միտում ունեն:

Հայտնաբար Թուրքիայի տարածքում ապրող ալավի ազգաբնակչությունը պահպանում է իր կրավորականությունը, մերժելով վերածվել քաղաքական գործոնի: Դամասկոսին փաստորեն չի հաջողվում ալավի զանգվածը Տրովադայիի ձիու վերածել: Մինչդեռ, Անկարան նման շահարկումներ է կատարում սունի զանգվածների եւ հիմա էլ Սիրիայի տարածքում ապրող թուրքմեն ազգաբնակչության նկատմամբ (նկատի ունենալ` նախագահ Գյուլի հայտարարությունը Սիրիայում ապրող թուրքմենների դերակատարության մասին): Թուրքիայի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բողոքի գործողություններին ալավի համայնքի որոշ շրջանակներ կրավորականությունից դուրս գալու առայժմ շարունակություն չունեցած փորձ կատարեցին. դրանք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը:

Վերադառնանք զեկուցման բովանդակությանը, այնտեղ տեսնելու համար դիտարժան երկու հանգամանք: Զեկուցումը, եթե որեւէ վերլուծական կենտրոնի ստորագրությունը կրեր պիտի փորձեինք տեսնել նրա հետևում կանգնած քաղաքական ուժ կամ ինչ որ պետության ձեռագիր՝ համապատասխան եզրակացություն կատարելու համար: Այս դեպքում, ուղղակի Միացյալ Նահանգների ազգային հետազոտության կենտրոնի պաշտոնական զեկուցման մասին է խոսքը, ինչը որ ցուցանշային որոշ իմաստ ունի:

Երկրորդ, այս զեկույցի հրապարակմամբ Վաշինգտոնը հստակ ուղերձ է փոխանցում Անկարային: Նման կանխատեսումներ, վերլուծումներ, մանավանդ պատկան համապատասխան ծառայությունների կողմից ունենում են կա՛մ փակ ու խորհրդապահական կամ էլ բաց ու հրապարակային բնույթ: Երկրորդ տարբերակները ունենում են քարոզչական բնույթ եւ ուղերձ ու պատգամ փոխանցող միտում:

Միացյալ Նահանգները պաշտոնապես առաջին անգամ չէ, որ Թուրքիայի մասնատման մասին ուղերձներ է փոխանցում: Թուրքիայի մասնատման հնարավորության մասին որեւէ հրապարկման ընթացքում, հայկական կողմը պետք է մտաբերի հայերին սեւծովյան ելք խոստացող Վաշինգտոնի ներկայացուցչի կատարած վերհիշեցումը, որը մինչ այժմ չի հերքվել:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply