Կոչ`միավորվելու առավել որակյալ, հասանելի և էժան հեռախոսակապ ու համացանց ունենալու նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2012 22:18

Առաջիկա տարվա ընթացքում ՀՀ ողջ տարածքը պետք է ծածկվի  անվճար Wi-Fi-ով, ժամանակակից  (սմարթֆոն տիպի) հեռախոսների և դյուրակիր համակարգիչների ներկրումն ու վաճառքը ՀՀ-ում պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից,  հնարավորություն պետք է ստեղծվի համարի պահպանմամբ օպերատորին փոխելու, IP տեսաձայնային հեռակապին անցնելու, պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ, որպեսզի Հայաստանի հանրապետության քաղաքացին ավելի հեշտությամբ օգտվի համացանցային ծառայութուններից, կարողանա թե՛ ներսի, թե՛ դրսի զանգերը կատարել անվճար կամ միջին հաշվով` ոչ ավել, քան 1 րոպեն`1 դրամ սակագնով:

Այս ամենը ոչ թե կառավարության որոշում է կամ էլ օրենսդրական բարեփոխում, այլև Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կողմից մշակված ծրագիր, որը դեկտեմբերի 18-ին ներկայացվեց պետական գերատեսչությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, շահագրգիռ անձանց և լրագրողներին:

Որպես առաջին քայլ` առաջարկվում է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ՀՀ ողջ  տարածքը ծածկվի համացանցին միացած WI-FI հասանելիության  կետերով, արագացվի համարի պահպանմամբ օպերատորին փոխելու իրավունքի մասին որոշման ընդունումը, անցում կատարվի բազմապատիկ քիչ ծախսեր պահանջող IP հեռախոսակապին, ձևավորվեն  ՓՄՁ-ների  աջակցման   համացանցային ծառայություններ, ՀՀ գյուղական բնակավայրերում ձևավորվեն համացանցային ծառայություններից արդյունավետ օգտվելուն նպաստող կենտրոններ:

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը հանդես եկավ նաև առաջարկությամբ` ձևավորել համագործակցության, փոխօգնության ազգային կառույց՝ հեռակապի ապահովման կենտրոններով, սոցիալական ցանցերով, խորհրդատվության և աջակցման համապատասխան ծառայություններով:

Սադոյանի խոսքով` տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բուռն զարգացումը տնտեսվարող սուբյեկտներին ընձեռում է մատուցվող ծառայությունների ծավալն ընդլայնելու, միևնույն ժամանակ ինքնարժեքը կտրուկ նվազեցնելու նոր հնարավորություններ: Նա ցավով է նշում, որ ՀՀ-ում գործող հիմնական օպերատորները չեն շտապում օգտվել այդ հնարավորություններից և չեն նպաստում, որպեսզի այդ զարգացումները տարածվեն. «Թե ինչ չափերի է հասնում շահագործումն այդ ոլորտում, բոլորիս է հայտնի,-ասաց Սադոյանը,-կարելի է միավորել ջանքերը և օրինակ, 0,1 դրամով հեռախոսային կապ ապահովել` 70 դրամի փոխարեն»:

Ընդհանրապես Սադոյանը կարծում է, որ վաղուց արդեն ժամանակն է համընթաց քայլել աշխարհի հետ, և համակարգիչն ու համացանցը հասանելի դարձնել Հայաստանի յուրաքանչյուր բնակչի` անգամ ամենահեռավոր շրջաններում:

Տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նվաճումները լայն  հնարավորություն են հատկապես մեծ սփյուռք ունեցող մեր ժողովրդի համար` աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, դիմակայելու մարտահրավերներին և զարգանալու:

Այս առումով համագործակցելու պատրաստակամություն հայտնեց Սփյուռքի նախարարության նորանշանակ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Նա հավաստիացրեց, որ նախարարությունը սփյուռքի իր գործընկեր կազմակերպությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների միջոցով կաջակցի նախաձեռնությանը:

Արշակ Սադոյանը դիմեց բոլոր հայրենակիցներին` անկախ բնակության վայրից, համապատասխան կառույցների, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար աշխարհի ներակայացուցիչներին` հնարավորության սահմաններում ներգրավվել, մասնակցել փոխօգնության, փոխաջակցման ազգային կառույցի ձևավորման գործընթացին և նպաստել խրախուսման ֆոնդի կազմավորմանը, քանի որ դա բխում է յուրաքանչյուրի շահից:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply