Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2010 23:06

Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը շարունակել է հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ: ՀՀ Նախագահը հանդիպել է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:Նախագահ Սարգսյանը նշել է, որ Սիրիայի հայկական ստվար համայնքը կարող է կամրջի դեր կատարել նաեւ տնտեսական կապերի ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանն այցելել է Դամասկոսի Օմայան մզկիթ, որն ի սկզբանե կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, ապա նոր միայն վերածվել մզկիթի, ինչի շնորհիվ էլ Սիրիայում այն համարվում է կրոնական հանդուրժողականության խորհրդանիշ:

ՀՀ Նախագահն այցելել է նաեւ Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը նրանց հետ խոսել է հայ-սիրիական հարաբերությունների ապագայի մասին` վստահություն հայտնելով, որ այն լինելու է անխախտ եւ փայլուն` անկախ որեւէ վերադասավորումից,տարածաշրջանային ուժերի ազդեցություններից կամ այլ հանգամանքներից: Սերժ Սարգսյանի խոսքով` այդ հարաբերությունների զարգացմանը մշտապես նպաստել եւ շարունակելու է նպաստել նաեւ սիրիահայ համայնքը, որի հարատեւությունն ու հզորությունը նաեւ Հայաստանի Հանրապետության ներուժի հզորացում է նշանակում:

ՀՀ Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների,այդ ճանապարհին հաղթահարելիք դժվարությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների մասին: ՙՀայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ հայկական խնդիրները բոլորիս խնդիրներն են: Եւ սա է պատճառը, որ ամենաբարդ խնդիրների շուրջ հարմար եմ գտնում խորհրդակցել նաեւ մեր քույրերի եւ եղբայրների հետ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս՚,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 23-ի երեկոյան Դամասկոսից մեկնել է Հալեպ:-0-

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply