Ալեն Դելոն. Մինչ այս տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են (լուսանկարներ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 18, 2012 18:38

Այսօր երեկոյան Երևանում տեղի կունենա «Շնորհավոր ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերան:  Այդ կապակցությամբ Երևան է ժամանել նաև ֆիլմի դերակատարներից Ալեն Դելոնը:

Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  մինչ այս չգիտեր, որ իրեն  Հայաստանում այդքան սիրում ու գնահատում են.  «Առաջին անգամ եմ Հայաստանում, այսօր հանդիպեցի Հայաստանի նախագահի հետ և նրան էլ ասացի, որ մինչ այժմ տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են: Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց նույնիսկ նա այդ մասին ինձ չի ասել: Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլը երևի պարզապես վախեցել է, որ ես երես կառնեմ, եթե իմանամ, թե որքան են ինձ սիրում ձեր երկրում»

Ֆիլմում Դելոնը խաղում է ինքն իրեն:  «Առաջին անգամը չէ, որ ինքս ինձ եմ խաղում:  Ֆիլմում նկարահանվելու հրավերքն ընդունեցի, քանի որ գաղափարն ինձ դուր եկավ»,- ասում է Դելոնը:  Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ հավելեց, որ Դելոնն անգամ հրաժարվել է հոնորարից:

Ֆիլմում Դելոնը երազի պես հայտնվում է Փարիզ երազանքների հետևից եկած հիվանդ կնոջ կյանքում, նրան պարի հրավիրում՝ ականջին շշնջալով. «Փարիզում վայրկյաններն արագ են անցնում» և նույնքան հանկարծակի էլ անհետանում:

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիան  հինգ տարբեր պատմությունների մեկտեղում է. «Մայրերի պատերազմ»,  «Թավջութակահարը», «Երջանիկ թվեր», « Տեսնել Փարիզը և … », «Սողոմոնի որոշում»:

Ամեն նովել առանձին ռեժիսոր է նկարահանել: Յուրաքանչյուրը պատմում է մոր և երեխայի սիրո մասին: Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Ֆրանսիայում:

Վալերի Սահարյանն ասում է, որ մեր օրերում քիչ են ֆիլմերը, որոնք կարելի է գնալ դիտելու մայրիկի հետ: Իսկ այս ֆիլմը հենց այդպիսին է, այնպես որ թեկուզ ֆիլմի դիտմանը միասին գնալով ամեն ոք կարող է նվեր մատուցել իր մայրիկին:

«Շնորհավոր ամանոր, մայրեր»  ֆիլմի պրեմիերան առաջինը տեղի կունենա Երևանում, հետո նոր Մոսկվայում: Սահարյանն ասում է, որ սա էլ, կարելի է ասել, նվեր է իր մայրիկին, ով Երևանում է ապրում և այսօր երեկոյան առաջին անգամ կդիտի  ֆիլմը:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply