«Վաղ թե ուշ համայնքների խոշորացման հարցն առաջ է գալու». Արմեն Գևորգյան

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 18, 2012 22:12

«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ». այս փաստաթղթի շուրջ էր Հանրային խորհրդի Տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին գումարել նիստ՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ՀԽ անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեղական ինքնակառավարման ներկա իրավիճակը և հիմնախնդիրները, համակարգի զարգացման և ապակենտրոնացման քաղաքականության հիմնական սկզբունքներն ու նպատակները, գերակա ուղղություններն ու խնդիրները ներկայացվեցին փաստաթուղթը կազմած փորձագետների կողմից: Քննարկվեցին երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգերի անցման, համայնքների կառավարման ռացիոնալ և արդյունավետ համակարգի կառուցման, ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաների, համայնքների խոշորացման վերաբերյալ հարցեր:

Ինչպես և սպասվում էր, ամենաթեժ քննարկումը ծավալվեց համայնքների խոշորացման հարցի շուրջ: Ներկաներից մեկը կոչ արեց չգնալ այդ քայլին՝ հիշեցնելով խորհրդային տարիներին կատարած անհաջող փորձը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրն ունի սոցիալ-հոգեբանական կողմ, և այն պետք է լրջորեն քննարկվի: Փոխարենը նա առաջարկեց ծրագիրն իրականացնել մի քանի համայնքներում, և համեմատելով միավորված և առանձին համայնքների գործունեությունը, ընտրել առավել արդյունավետ տարբերակը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծում է, որ նախ պետք է մտածել գյուղատնտեսության, ֆերմերային տնտեսության և կոոպերատիվների զարգացման մասին, ինչն, ըստ նրա, բնականոն եղանակով կբերի համայնքների միավորմանը: Նա կիսեց ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքը, որ դա պետք է կիրառել որոշ մարզերում, անգամ կամավոր հիմունքներով և փորձից ելնելով՝ գնալ համընդհանուր ճանապարհով:

Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ համայնքների խոշորացման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքաշինական զարգացման արդյունքում շատ համայնքներ ներթափանցել են միմյանց մեջ: «Ընդհանուր խնդիրներ լուծելու համար համայնքները կարող են համագործակցել, բայց այսօր այդ համագործակցության մակարդակը Հայաստանում շատ ցածր է: Ապակենտրոնացման հետ կապված խնդիրն էֆեկտիվ է, երբ կիրառվում է սուբսիդավորման խնդիրը, երբ շատ հարցեր փոխանցվում են ավելի ներքևի կառավարմանը, որը հնարավոր է այնտեղ իրականացնել»,-ասաց նա:

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով Հանրային խորհրդին կազմակերպած քննարկման համար, նշեց, որ շատ է կարևորում ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առկա տրամադրությունները:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, որի անհրաժեշտությունը, նրա կարծիքով, վաղ թե ուշ առաջ է գալու, Արմեն Գևորգյանն առաջարկեց այն չքննարկել, քանի որ փաստաթղթում տրված է միայն խնդիրը, իսկ լուծումներ առաջարկված չեն: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց մի կարևոր դրույթի վրա. “Մենք երբեք չենք խոսելու գյուղերը միավորելու մասին, երբեք չենք խոսելու բնակավայրերը միավորելու մասին, մենք խոսելու ենք համայնքների խոշորացման մասին, այսինքն` այն վարչական գործառույթների, որոնք կատարվում են մեր բնակավայրերում և գյուղերում”:

Ընդհանուր առմամբ քննարկվող փաստաթուղթը փորձագիտական է և ներկայացնում է Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ հնարավոր մոտեցումները: “Բավականին հետաքրքիր և օգտակար փաստաթուղթ է: Մեկտեղված են ոլորտի ներկա իրավիճակի և խնդիրների լուծումների վերաբերյալ ամբողջական գաղափարներ, որով կարող է առաջնորդվել թե՛ կառավարությունը և թե՛ իշխանությունները ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս”:

Փոխվարչապետը կարևորեց նաև այն, որ փաստաթուղթը բաց է, որևէ որոշումով չի հաստատվելու կամ փոփոխվելու, և յուրաքանչյուր ոք կարող է դրան ավելացնել իր առաջարկներն ու դիտողությունները:

Նշենք, որ փաստաթուղթը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության (ՔՀՏԻԱ) ծրագրի շրջանակներում՝ մի շարք հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից: Դրա վերաբերյալ լսումներ են անցկացվել Ազգային ժողովում, եղել են քննարկումներ Տարածքային կառավարման նախարարությունում:

«Անկախ»-ի հետ զրույցում Արմեն Գևորգյանը նշեց, որ նմանատիպ բարեփոխումներ իրականացնելիս նման խնդիրներ միշտ էլ ի հայտ են գալիս: «Ոչ վիճահարույց, բայց որպես նոր գաղափար՝ բազմաթիվ քննարկումների տեղիք կարող է տալ նաև երկհամակարգ տեղական ինքնակառավարումը:  Թե որքանո՞վ է այն կիրառելի Հայաստանի համար, քննարկման հարց է»,-նշեց նա:

Ի դեպ, խորհրդարանական լսումների ընթացքում առաջ քաշված միտքը, թե մարզպետարաններն անպիտան կառույցներ են, Արմեն Գևորգյանը չի ընդունում: Ավելին, նրա կարծիքով՝ նման գնահատականն է անպիտան: Նախարարի չորսուկես տարվա աշխատանքային փորձառությունը ցույց է տվել, որ մարզպետարաններն ամենագործնական կառույցներն են մեր պետական համակարգում:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply