Այնթափի Քուրթուլուշ մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 10:52

Թուրքական «Emek dünyası» լրատվական կայքում մի հոդված է հրապարակվել, որը պատմում է այն մասին, թե Այնթափում (Գազիանթեփ) ճարտարապետական ամենամեծ կառույցներից մեկը հանդիսացող Քուրթուլուշ մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել:

Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Թեփեբաշ թաղամասի սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցին դարձել է ազգայնականության զոհը`վերածվելով տանջարանի, որտեղ իրենց պատիժն են կրել այդ շրջանում բազմաթիվ ձերբակալվածները: 1988 թվականին  եկեղեցին վերածվել է մզկիթի, իսկ 1992 թվականին էլ վերանորոգվելով վերափոխվել և ստացել է Քուրթուլուշ անվանումը: Մզկիթը 30 մ բարձրություն ունի և 1100 քառ. մետր տարածք է զբաղեցնում:

Մզկիթին նայելիս կարելի է նկատել, որ կառույցի մայր գծերից հետո, որոնք գոթական ոճն են ներկայացնում, մինարեթները ավելացված են: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո հայերը ստիպված են եղել լքել երկիրը և քաղաքում նրանց թիվը զգալիորեն կրճատվել է: Այդ պատճառով էլ եկեղեցին երկար ժամանակ փակ է եղել և չի գործել:

Պատմաբան Շերեֆեթթին Չալըմլըն այս կապակցությամբ նշել է, որ եկեղեցին ցույց է տալիս այնթափցի հայերի ճարտարապետությունը, իսկ քաղաքի թաղամասերով և փողոցներով քայլելիս կարելի է տեսնել հայերի ապրելակերպի արտացոլումը: «Ուսումնասիրություններ կատարելիս այն ժամանակ այստեղ ապրած մի քանի մարդու հետ հանդիպեցինք: Տեսանք, որ անցած օրերի մասին ինչ մեծ թախիծով են խոսում: Հիմա քաղաքում մնացած քչաթիվ հայերը լավ պայմաններում չեն ապրում: Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում բարձրացող ազգայնականության ալիքը նրանց վախեցնում է, այդ պատճառով էլ ապրելու միջավայր չեն կարողանում գտնել: Հայերը ոչ միայն սխալ են համարում եկեղեցու վերածումը մզկիթի, այլև ուզում են տեր կանգնել իրենց պաշտամունքի վայրերին: Այնթափի Իբրահիմլի քաղաքում աղոթատների շրջակայքում թուրքական դրոշներ են ծածանվում: Սա ազգայնականության դռսևորում է, որը ատելության համար ճանապարհ է բացում»,-նշել է Չալըմլըն:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply