Դեսպան Գասպարյանի այցելությունը Բոտոշան քաղաք

Պաշտոնական, Օրվա լուր | | December 18, 2012 10:43

Դեկտեմբերի 14-15-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Բոտոշան նահանգի վարչական կենտրոն համանուն Բոտոշան քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Օվիդիու Պորտարիուկի եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքային խորհրդի անդամների հետ ընդլայնված հանդիպմանը մասնակցեց նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ջերմ եւ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, խոսելով միջնադարյան Բոտոշանի զարգացման մեջ հայերի ունեցած անուրանալի դերի, տեղական կյանքի տարբեր ոլորտներում նրանց նշանակալի ներդրման մասին, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ ուժերով նոր շունչ հաղորդել հայկական կյանքին, խնամք տանել տեղի հայկական եկեղեցու եւ հիշատակի այլ վայրերի նկատմամբ: Դեսպան Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ռումինիայի քաղաքների միջեւ ծայր առած համագործակցությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի խորացման համար:

Այնուհետեւ նեղ կազմով հաջորդած քննարկմանը դեսպան Գասպարյանի եւ քաղաքապետ Պորտարիուկի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` Հայաստանի տեղական իշխանությունների հետ գործընկերական կապեր հաստատելու ուղղությամբ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո հայ եւ ռումին պաշտոնյաները, որոնց շարքում էին Ռումինիայի Խորհրդարանի անդամներ Միհայ Բալտան եւ Թամարա Չոֆուն, տեղի հասարակության ներկայացուցիչների եւ հայ համայնքի անդամների հետ այցելեցին Բոտոշանի Ազգագրական թանգարանում բացվածմիջնադարյան հայկական գորգերի եւ ասեղնագործության ցուցահանդես, ուր խոսվեց այն անուրանալի դերի մասին, որ խաղացել են հայերը` Բոտոշանն աննշան բնակավայրից առեւտրական խոշոր եւ զարգացած կենտրոնի վերածելու մեջ:

Նույն օրը դեսպան Գասպարյանն այցելեց նաեւ ռումինական ազգային պոետ Միհայ Էմինեսկուի եւ մեծ պատմաբան Նիկոլաե Յորգայի տուն-թանգարաններ:

Նախորդ օրը, դեսպան Գասպարյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, ում ուղեկցում էին առաջնորդական փոխանորդ Եզրաս քահանա Պաուլը եւ տեղի հոգեւոր հովիվ հայր Գրիգոր Հոլկան, հանդիպեցին Բոտոշանի հայ համայնքի ներկայացուցիչներ, նախկին քաղաքապետ Ֆլորին Սիմիոն Էգների եւ Վիորիկա Պոպայի հետ, ովքեր հատորյակներ են հրապարակում Բոտոշանի հայության եւ հայկական հաստատությունների պատմության մասին, ինչպես նաեւ Ալեքսանդրու Ծառուկի եւ Քրիստիան Լազարովիչի հետ:

Բոտոշանում դեսպան Գասպարյանը ծավալուն հարցազրույց տվեց տեղի Monitorul թերթին:

Տեղեկանք: Բոտոշանը համանուն նահանգի վարչական կենտրոնն է (115 հազ. բնակիչ), ուր, ըստ պատմական վկայությունների, հայերը հաստատվել են դեռեւս 13-րդ դարի վերջերից: 1350թ. հիմնված Սուրբ Մարիամ Աստվածածինհայկական եկեղեցին բնակավայրի եւ Մոլդովայի իշխանապետության առաջին քարե հոգեւոր շինությունն է: Միջնադարից սկսած գործունյա հայերն ամենամեծ նպաստն են ունեցել քաղաքի առեւտրատնտեսական եւ հոգեւոր-մշակութային զարգացման մեջ: Այսօր դեռեւս հայերի կառուցած շենքերը կազմում են քաղաքի պատմաշակութային ժառանգության կարեւոր մասը: Բոտոշանում են ծնվել ռումինների ազգային հպարտությունը կազմող մեծ պոետ Միհայ էմինեսկուն, պատմաբան Նիկոլաե Յորգան, կոմպոզիտոր Ջորջե Էնեսկուն, նկարիչ Շտեֆան Լուկյանը եւ այլք, ովքեր սերտ կապեր են ունեցել հայ ժողովրդի հետ:


Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply