Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին Ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 17, 2012 20:39

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ կատարվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:
Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյան գործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:
ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։
Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցին նաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:
Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Էրատո Կոզակու-Մարկուլիսի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը։

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply