Ջեմ Թոքեր. «Հասկանում եմ, որ դա ձեր երկրում համազգային խորը դրամա է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2010 14:40

Զեմ Թոքեր Թուրքիայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց, որ միշտ պատրաստ է թողնել իր գործերը և գալ Հայաստան, քանի որ հույս ունի, թե կարող է իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի մեջ։ Թոքերը վերջին 2 տարվա ընթացքում  5-րդ անգամ է եկել Հայաստան ու իր նախորդ այցերի տպավորություններով արդեն կիսվել է իր երկրի նախագահի հետ, մեկժամյա զրույցի ընթացքում ներկայացրել նրան այն, ինչ տեսել ու լսել է Հայաստանում: «Հավանաբար նախագահը Թուրքիայում միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որն իսկապես իր սիրտն է դրել, այսինքն՝ հոգով է աշխատում այս գործընթացի համար։ Ես ինքս լիբերալ-դեմոկրատ եմ, և չեմ հավատում փակ սահմաններին, կանխակալ վերաբերմունքին և նման բաների։ Հավանաբար սա է այն հիմնական պատճառը, որն ինձ ստիպել է վերջին 24 ամսվա ընթացքում 5 անգամ այցելել Հայաստան»,-ասաց թուրք գործիչը։

Միևնույն ժամանակ, թուրք գործիչը նշեց, որ հայ պատմաբանների փոխանցմամբ 1915թ-ի իրադրաձություններ Ցեղասպանություն են, իսկ թուրք պատմաբաններն էլ ասում են, որ գազանություններ են եղել, բայց ոչ Ցեղասպանություն: «Ես պատմությունը չեմ սիրում ու այդ պատճառով չեմ խորացել: Չեմ կարող ասել` որ կողմն է ճիշտ, սակայն ես հասկանում եմ, որ դա ձեր երկրում համազգային խորը դրամա է: Ես հասկանում և գնահատում եմ դա: Իմ 5 այցերի ընթացքում ես համոզվել եմ, որ այդ գազանությունների հետ կապված յուրաքանչյուր հայ ընտանիք իր պատմությունն ունի»,-ասաց Թոքերը, ով այցելել է արդեն Ցեղասպանության հուշահամալիր:

Նա նաև նշեց, որ ինքն ավելի շուտ կենտրոնանում է դրական զարգացումների վրա, քանի որ նույնիսկ Աստված չի կարող փոխել տեղի ունեցածը:  Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանությունը ճանաչող 252-րդ բանաձևի  ընդունմանն, ապա, ըստ Թոքերի՝դժվար թե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի վավերացնի այդ օրինագիծը, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, աշխարհաքաղաքական ու քաղաքական շահեր։ Թուրք գործիչը ասաց նաև, որ  այս պահին օրինագծի  ընդունումը չի նպաստի կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին։ «Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այս կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում, ինչպես այս օրինագծի ընդունումը ողջ աշխարհում։ Նման օրենքներն ավելի շատ պատժում են հայ ժողովրդին, քան թուրք ժողովրդին»,-ասաց Թոքերը:

Դիտվել է 3135 անգամ:
Print Friendly

Leave a Reply