Մայրաքաղաքում ընտրովի քաղաքապետի ինստիտուտն անհրաժեշտություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2010 14:25

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարցազրույցը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի կայքէջին

Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջին ընտրված քաղաքապետն եք։ Արդեն ձեր ընտրություններից՝ 2009 թվականի մայիսից, մեկ տարի է անցել։ Ինչպե՞ս կգնահատեիք Ձեր փորձը։

–  Իմ աշխատանքային փորձը, սկսած 2002 թվականի հոկտեմբերից, կապված է եղել հիմնականում ընտրովի պաշտոնների հետ: Մինչ քաղաքապետ դառնալը երեք անգամ անընդմեջ ընտրվել եմ Երևանի ամենախոշոր՝ Կենտրոն համայնքի թաղապետ։ Նաև այս հանգամանքով էր պայմանավորված, որ Հանրապետական կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում ինձ առաջադրեց որպես քաղաքապետի թեկնածու: Համամասնական կարգով անցկացված ընտրություններում մեր կուսակցությունը փայլուն հաղթանակ տարավ, և ես ընտրվեցի Երևանի քաղաքապետ:
Որպես քաղաքապետ իմ գործունեության առաջին տարին ընթացավ, ինչպես հայտնի է, միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում, որն իր զգալի ազդեցությունը թողեց նաև Հայաստանի տնտեսության և անմիջականորեն Երևանի զարգացման վրա։ Չնայած դրան, օրենսդրական արմատական ռեֆորմը և աշխատաոճում նոր մոտեցումները թույլ տվեցին ապահովել մայրաքաղաքի բնակչության առաջնային սոցիալական կարիքների, առօրյա պահանջների բավարարումը և այս ուղղությամբ արձանագրել նաև նկատելի առաջընթաց։ Այսօր մայրաքաղաքում հանրային կազմակերպման և սպասարկումների առումով ակնհայտ են որակական փոփոխություններ, քաղաքապետարանի գործունեությունն առավել կենտրոնացել է բնակչության լայն խավերի ուղղակի շահերին։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե խնդիրներ չունենք: Այսօր էլ կան հարցեր, որոնք մեր բնակիչների արդարացի դժգոհությունն են հարուցում: Մեր կողմից դրանց լուծում տալու ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում:
Առաջին տարին շատ ծանր, բայց ստեղծագործ աշխատանքի խթանման, նոր մոտեցումների կիրառման, կառավարման հայեցակարգի շրջադարձային փոփոխության տարի էր, և ես հիմքեր ունեմ գոհ լինելու աշխատանքի արդյունքներից։

Մայրաքաղաքներում են գտնվում ազգային կառավարությունները, որոնք փորձում են ուղղակի վերահսկողություն իրականացնել մունիցիպալ կարգավիճակի վրա։ Ի՞նչ ազդեցություն ունի այն ընտրված քաղաքապետի աշխատանքների վրա։

– Այդ ուղղակի վերահսկողության չափանիշները սահմանադրական վերջին բարեփոխումների և «Երևանի մասին» օրենքի կիրառումից հետո մեզ մոտ զգալիորեն փոխվել են՝ հօգուտ ինքնակառավարման մեխանիզմների գերակայության։ Միաժամանակ, մենք գտել ենք գործառույթների հարմոնիկ բաշխման, աշխատանքների համաձայնեցման օպտիմալ մեխանիզմները և այստեղ խնդիրներ քիչ ենք ունենում։ Դերաբաշխումը կատարվում է ճիշտ այնպես, ինչպես պետք է լինեն պետական կառավարման և համայնքային ինքնակառավարման հարաբերությունները ժողովրդավարության կայացած, գործուն պետականության շրջանակներում։ Այստեղ կայացման և համագործակցության մեխանիզմները շարունակական զարգացում են ապրում շնորհիվ Հայաստանի կառավարության, Երևանի ավագանու և քաղաքապետի ամենօրյա, համակարգված գործունեության։

Ձեր կարծիքով՝ ինչու՞ է մայրաքաղաքներին անհրաժեշտ հատուկ կարգավիճակ և ինչպե՞ս կարող է Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսը օգնել սահմանել այդ կարգավիճակը։

– Այդ կարգավիճակը թելադրված է հենց մայրաքաղաքների հատուկ դերակատարմամբ հանրապետությունների կյանքում։ Դա առանձնապես տեսանելի է Երևանի պարագայում, որտեղ կենտրոնացած է հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդը, համախառն արտադրանքի կեսից ավելին և պետական, քաղաքական, մշակութային, գիտական կյանքի գերակշիռ մասը։ Քիչ երկրներ կան, որտեղ մայրաքաղաքն ունի այնպիսի մեծ կշիռ, ինչպիսին Հայաստանում է։
Շուրջ մեկ տարի է, ինչ գործում է «Երևանի մասին» օրենքը, որը և սահմանում է այդ կարգավիճակը և որով առաջնորդվում ենք կառավարման և կազմակերպչական խնդիրներում։ Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, ինչը որոշակիորեն բարձրացնում է քաղաքական գործոնը Երևանի կառավարման համակարգում։
Բացի վերը թվարկված գործառույթներից, մայրաքաղաքը առաջատար պետք է լինի նաև համայնքային և քաղաքացիական զարգացման մակարդակով։ Այստեղ չափազանց կարևոր է շփումների զարգացումը եվրոպական մայրաքաղաքների հետ, որոնց փորձն այս տեսակետից, ես գտնում եմ, օրինակելի և առաջադիմական է։ Հենց նույն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է ԵԽ փորձագետների հետ, հաշվի են առնվել նրանց ներկայացրած կարևոր եզրակացությունները, այդ թվում առաջարկությունները` էապես բարձրացնելու Երևանի քաղաքապետի լիազորությունները և այլն։
Այս առումով անհնար է գերագնահատել եվրոպական կառույցների դերը փորձի փոխանակման և հետագա ինտեգրացման ապահովման գործում։ Ես կարծում եմ, որ դա առավել արդյունավետ կարող է լինել, եթե ինտեգրման գործընթացների մեջ անմիջականորեն ներգրավվեն համայնքները և մեր քաղաքացիները։ Չափազանց կարևորում եմ Հայաստանի ընդգրկումը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, որի իրագործումը հնարավորություն կտա ավելի լիարժեք ու կայուն դարձնել ժողովրդավարության զարգացումը մեր երկրում և մայրաքաղաքում, անմիջական երկխոսությունների ճանապարհով բարձրացնել մեր բնակչության և ժողովուրդների շփումները և մշակութային, քաղաքակրթական առնչությունները։ Տեղական իշխանությունները և մայրաքաղաքները կարևոր դերակատարում պետք է ունենան այս գործընթացներում։ Իմ զեկուցման մեջ ես առաջարկել եմ Կոնգրեսին Եվրամիության ռեգիոնների կոմիտեի հետ համագործակցությամբ փորձագիտական և քաղաքական խորհրդակցություններ սկսել «Արևելյան գործընկերության» շրջանակներում մեր ջանքերը համատեղելու ուղղությամբ։ Աշնանը Երևանում կկազմակերպվի «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը»։ Այս համաժողովին ես հրավիրել եմ մասնակցելու նաև Կոնգրեսի պատվիրակությանը և շատ արժևորում եմ նրա մասնակցությունը։ Ինչպես հայտնի է, 2010 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը։ Ես պատրաստ եմ բոլոր հնարավոր պայմաններն ստեղծել այս միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և նրանց մտահղացումներն իրականացնելու համար։

Մայրաքաղաքի համար ընտրված քաղաքապետ ունենալու «առավելությունը» ո՞րն է (այն նույն կերպ չի՞ աշխատում նշանակովի քաղաքապետի դեպքում)։ Պե՞տք է արդյոք Հարավային Կովկասի այլ մայրաքաղաքներ հետևեն Երևանի օրինակին։

–  Մայրաքաղաքի կառավարման և ներքին կյանքի կազմակերպման հարցերում ընտրովի քաղաքապետի առավելություններն ակնհայտ են։ Նախ, դա նրան ավելի ինքնուրույն է դարձնում, բարձրացնում և խթանում է նրա աշխատանքի ակտիվությունը և ձեռներեցությունը, հնարավորություն է տալիս ավելի ուղղակիորեն արտահայտել իր ընտրողների կամքն ու ներկայացնել նրանց շահերը։ Չեզոքացնում է նշանակովի քաղաքապետի և ընտրովի թաղապետների աշխատանքների անհամամասնությունները և դիսոնանսը, ինչն առկա էր մեր նախկին կառուցվածքում։ Սեփական բյուջեի առկայությունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում առավել հասցեական և նպատակային դարձնելու ներդրումները, այլև, թեթևացնելով պետության հոգսերը, էականորեն բարձրացնում է մայրաքաղաքի կառավարման մարմինների աշխատանքի պատասխանատվության մակարդակը։
Սրանք ակնհայտ առավելություններ են, որ ընկած են մայրաքաղաքների համայնքային կառավարման առաջադեմ սկզբունքների հիմքում։ Ցանկացած պետությունում, այդ թվում նաև Հարավային Կովկասի բոլոր երկրներում, որտեղ դեմոկրատական արժեքներն ավելի բարձր են դասվում կառավարման կենտրոնացման սկզբունքներից, որտեղ չեն վախենում կառավարման ժողովրդավարացումից, անպայման պետք է ձգտեն  ընտրովի քաղաքապետի ինստիտուտին։ Սա անհրաժեշտություն է։

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply