«Անթեմ» Ջավախքը և Գարեգին Բ-ի ձախողման իրական պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 17, 2012 14:25

Արդեն մեկուկես տարի է անցել այն օրերից, երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Վրաստան, եղավ Հայրենի Ջավախքում: Այցը շատերը համարեցին պատմական` ելնելով այն հանգամանքից, որ տասնամյակներ շարունակ Հայոց կաթողիկոսներից և ոչ մեկը չէր այցելել Ջավախք: Այդուհանդերձ, երբ հարցը քննում ենք ձեռքբերումների տեսանկյունից, դժվար է այն պատմական որակելը, քանի որ, բացի որոշ կամ անորոշ խոստումներից, ուրիշ ոչ մի շոշափելի ձեռքբերում չգրանցվեց վրացական կողմի հետ վիճելի կամ ներհայկական եկեղեցական խնդիրներում:

Այցից հետո Վրաստանում տեղի ունեցան որոշ տեղաշարժեր տարբեր կրոնական կազմակերպություններին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու հարցի շուրջ: Շատերն այն համարեցին պատմական ձեռքբերում, քայլ դեպի ժողովրդավարություն, վիրահայոց տասնամյակներ ձգվող խնդիրների լուծում և այլն: Սակայն իրադարձության խորքային քննումը ցույց տվեց, որ այն իրականում խաբկանք էր: Նախ`փորձ արվեց խնդիրը լուծել ոչ թե խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մշակմամբ և ընդունմամբ, այլ ընդամենը փոփոխություն մտցվեց «Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի» մեջ` ավելացնելով 1509-րդ հոդվածում «զ» ենթակետը (տես` «Քաղաքացիական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին Վրաստանի օրենքը», 05.07.2011, №5034-ՌՍ, թարգմ. վրաց.): Հաջորդը և ամենակարևորը` սույն օրենսդրական խմբագրումը չի կարգավորում գրանցված կրոնական միավորումների սեփականության իրավունքը: Այս կետն էր ամենակարևորը և բաղձալին հայկական կողմի համար, քանի որ վերջինս պահանջներ ունի բազմաթիվ վանական կալվածքների և եկեղեցիների մասով, իսկ ահա այս հարցը չի կարգավորված սույն օրենքով, որից ելնելով` տեսանելի ապագայում հայկական եկեղեցիների վերադարձի հարցը չի լուծվելու: Մշուշոտ է նաև ՀԱԵ-ի` հատկապես ո՞ր իրավական դաշտում գործելու հանգամանքը (օրենքի մանրամասն քննությանը մենք ժամանակին անդրադարձել ենք):

Վերն առաջ քաշված խնդիրների շրջանակներում կուզենայինք քննել մի շարք հարցեր, որոնք խորը մտորելու տեղիք են տալիս: Նախ`ինչու՞ ձախողվեցին Գարեգին Բ-ի այցի` եկեղեցիների հետ վերադարձի մասով բանակցությունները: ՀԱԵ ներկայացուցիչները կամ այլշրջանակների կողմից բերված պատճառաբանությունները, այն է` վրաց կաթողիկոս Իլյա II-ն անզիջող էր, վերադարձի դիմաց ներկայացնում էր ՀՀ տարածքում մի շարք եկեղեցիների համար անհարկի պահանջներ և այլն, արդարացման էժանագին միջոցներ են: Խնդիրն ավելի խորքային է: Իրականում վրաց կաթողիկոս-պատրիարքի պահանջներն այնքան էլ անհիմն չեն, եթե խորանում ենք հարցի էության և Էջմիածնի գործունեության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, անգործության մեջ:

Հայտնի է, որ, սկսած 7-րդ դարի առաջին քառորդից, մինչ 8-րդ դարի սկզբները (մինչ Հ. Օձնեցի կաթողիկոս), ունեցել ենք քաղկեդոնադավան եկեղեցի: Իսկ, սկսած 10-րդ դարից, մինչ 14-15-րդ դարերը, այսինքն` մինչ Բյուզանդիայի վերացումն ու հյուսիսայինվրաց-քաղկեդոնական ազդեցության թուլացումը, բյուզանդական և վերելք ապրող վրացական ազդեցության պայմաններում Հայաստանում առկա էին երկաբնակ դավանանքի մի շարք գավառներ: Ահա այս երկու շրջանների պատմաճարտարապետական կոթողները, բնականաբար,կրելու էին այս դավանանքին բնորոշ ձև և բովանդակություն: Եթե առաջին ժամանակափուլի` 7-րդ դարի կոթողները (Զվարթնոց, Արուճի Ս. Գրիգոր և այլն) հասկանալի պատճառներով չեն կրել պաշտոնական եկեղեցու հալածանքները, ապա երկրորդի` 10-13-րդ դարերիհուշարձանների կառուցման հեղինակ քաղկեդոնիկ հայերը, ՀԱԵ հալածանքների պատճառով օտարվելով իրենց ազգությունից (հարկ է այդ առթիվ վկայակոչել Պետրոս Գետադարձ կաթողիկոսի 1021 թ. կազմակերպված Վասպուրականի հայության տեղափոխումը Սեբաստիա), կրելեն հարևան քաղկեդոնիկ պետությունների և մշակութային, և լեզվական ազդեցությունները: Տայքի (Բանակ (7-րդ դար), Իշխան (7-րդ դար),Օշկ վանք (10-րդ դար) և այլն (Տ. Մարության, Խորագույն Հայք, Ե., 1978)), Ջավախքի (Աբուլ, Ազավրեթ, Ալաստան, Բավրա, Բեժանո, Բուռնաշեթ, Գանձա, Թմկաբերդ, Մեծ Խորենիա, Ծունդա (Նաքալաքև), Կոկիա, Գումբուրդո, Ղաուրմա, Մեծ Սամսար, Սաղամո, Տամալա, Փոկա, Քարցեբ բնակավայրերում և վերջիններիս հարակից վայրերում առկա մի շարք եկեղեցիներ, գերեզմանոցներ և քաղկեդոնիկ մշակույթի այլ նմուշներ) և Լոռի-Տավուշի (Պղնձահանք (Ախթալա),Խուճապավանք, Քոբայրավանք, Կիրանց և այլն) մի շարք հուշարձաններ նշյալ իրողությունների բերումով ստեղծված քաղկեդոնիկմշակույթի իսկական գանձեր են: Վերջիններիս վրա արագորեն հայտնվում էին հին վրացերեն արձանագրություններ, պատճառը, ինչպեսնշեցինք, և՛ ՀԱԵ-ի մերժողական, հալածական կեցվածքն էր, և՛ վրաց աշխարհիկ և հոգևոր վերնախավի խոշորացող ազդեցությունը, քանի որ 10-13-րդ դարերի քաղկեդոնիկ հուշարձանների կառուցողներն օտարված էին հայ ազգից, իսկ վերջիններիս ստեղծած գոհարները չէին համարվումհայ մշակույթի մաս:

Ահա այս վրացատառ արձանագրություններով պատված հայ-քաղկեդոնիկ մշակույթի նմուշ-հուշարձանաբույլի հանդեպ է, որվրացական կողմն ունի «պահանջատիրոջ» կեցվածք: Սակայն կրկին այս ամենը չէր բուն պատճառը, որ վրացական կողմն անզիջող գտնվեց, ևմենք 2011 թ. ամռան բանակցություններում պարտվեցինք: Նախախորհրդային և խորհրդային տարիներին գիտական մակարդակով, իսկ հետխորհրդային տարիներին` արդեն գործնականապես, վրացական կողմը սկսեց մի կատաղի և լայնամասշտաբ պայքար, որով մեկը մյուսի հետևից նվաճվում, վերանորոգվում և օծվում էին Ջավախքի վերոնշյալ հայ քաղկեդոնիկ եկեղեցիներն ու հուշարձանները: Որոշներն արդեն գործում են որպես վրացական կրոնատեղիներ, որոշներն ընթացքի մեջ են, իսկ որոշները դեռևս զավթման սաղմնավորման` որպես վրացական հուշարձան ներկայացվելու փուլում են: Բավական է մտնել Ջավախքի շրջանների պաշտոնական կայքէջեր, որպիսի ականատեսը լինենքպետական մակարդակով զավթման պաշտոնականացմանը: Ջավախքի ժողովուրդը իր ուժերի ներածին չափով պայքարեց վրացական այս նկրտումների դեմ, սակայն հզոր հոգևոր, պետական և վարչական օղակների բռնաճնշումներն ու հակազդեցությունն անմիջապես երևան եկան. զավթման գործընթացը թեև դանդաղեց, բայց կանգ չառավ: Ջավախքի բռնազավթված քաղկեդոնիկ հուշարձանները չպահանջելու, այդպիսով` իրեն այդ հուշարձանների տեր չհամարելու ՀԱԵ այս դատապարտելի վարքագիծն ահա փայլուն օգտագործվեց Իլյա II-ի կողմից: Անգամ կաթողիկոս Գարեգին Բ-ի այցի երթուղին, որը մշակվել էր ոչ պատահականորեն, հաստատեց ևս մեկ անգամ, որ ՀԱԵ-ն ոչ մի խնդիր չի տեսնումՎՈւԵ-ի կողմից Ջավախքի հայ քաղկեդոնիկ հուշարձանների յուրացման հետ կապված. Գարեգին Բ-ն այցելեց Ախալքալաքի նախկին մսուր-մանկապարտեզի վրա կառուցված վրացական եկեղեցի, որը սակայն սոսկ հյուրընկալ կողմի սովորական եկեղեցի չէր. վերջինս նստավայրն է ՎՈւԵ Ջավախքի թեմի, իսկ թեմը կոչվում է Ախալքալաքի և Գումբուրդոյի միտրոպոլիտություն: Բոլորին է հայտնի, որ Գումբուրդոյի 974 թ. հայ քաղկեդոնիկ հրաշակերտ եկեղեցին արդեն քանի տարի է, ինչ փորձում են զավթել ՎՈւԵ ներկայացուցիչները, որին դեմ է հանդես գալիս տեղի գյուղացիությունը: Խիստ զգայուն այս հարցի առթիվ իր ժամանակին գյուղ է այցելել անգամ հանգուցյալ վարչապետ Զ. Ժվանիան: Հազիվ թե այս ամենի մասին տեղյակ չլինեին մեր պատվիրակության անդամները. անգամ լուրերից կարելի էր լսել դրանք: Խնդիրն այստեղ ՀԱԵ-ի պատմական սխալի, այն է` միջնադարյան հայ քաղկեդոնիկ հուշարձաններններն իրնից և ազգից օտարելու մեջ է: Իրավամբ` եթե մինչ օրս հաշտվողական, լուռ համաձայնողական կեցվածք ենք դրսևորել Ջավախքի հայ քաղկեդոնիկ հուշարձանների անխնա յուրացման և վրացացման հանդեպ, ի՞նչ պատմական կամ բարոյական իրավունք ունեինք նույն դարաշրջանի և նույն դավանանքի մարդկանց ձեռքով կառուցված Լոռի-Տավուշի մի շարք եկեղեցիներ սեփականելու կամ ներկայացվող վրացական պահանջները անհարկի կամ անհիմն համարելու: Ինչ է` մի դեպքում դրանք «հիմնավոր» են (վկա` ՀԱԵ պասիվությունը), մեկ այլ դեպքում` «անհի՞մն»: Այդպիսի բան չի կարող լինել կյանքում: Նեղլիկ, հատվածական-կրոնական շահերով առաջնորդում, որը միջնադարում բերեց հարյուր հազարավոր հայության օտարում ինչպես մայր ազգությունից, նույնպես և Մայր Հայրենիքից, իսկ այսօր նույն դրսևորումներով հանդես է գալիս հուշարձանների օտարման տեսքով:

Ահա թե որն է մեր 2011 թ. «ամառային» բանակցություններում պարտության իրական պատճառը:

Երբ 2011 թ. կաթողիկոս Գարեգին Բ-ի` Ջավախք այցից օրեր անց հեռուստատեսությամբ քննարկում և ամփոփում էինք այցի արդյունքները, ես մտահոգություն հայտնեցի` իմ վերոշարադրյալ միտքը մի քանի նախադասությամբ մեջբերելով: Ի արձագանք իմ մտահոգության` քննարկմանը ներկա ՀԱԵ հոգևորական-ներկայացուցիչը պատասխանեց հետևյալը, որ «ՀԱԵ-ն չի կարող ինչպես Ջավախքի, այնպես էլ ընդհանրապես հայ քաղկեդոնիկ հուշարձաններին տեր կանգնել, քանի որ դրանք մերը (տվյալ պարագայում՝ ՀԱԵ-ինը-Վ.Ս.) չեն»: Այդ առթիվ վերջինս բերեց օրինակ. «եթե մի օր հայ կաթոլիկները վերանան (ինչպես վերացել են հայ քաղկեդոնիկները- Վ.Ս.), ապա վերջինիս կալվածքներն ամբողջովին կհանձնվեն Հռոմին»:

Եթե անգամ կրոնական տեսանկյունից հնարավոր է ինչ-որ կերպ հիմնավորել այս փաստարկը, սակայն հավաքական ազգային շահերից ելնելով սա կործանարար իրողություն է հայ ազգի համար: Եթե այդպես վարվենք, ապա ինչու՞ չենք հանձնել «իսկական տիրոջը»` Բյուզանդիային, Զվարթնոցի տաճարը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին, Բանակի տաճարը, Իշխանը, Օշկ վանքը և այլ կոթողային աշխատանքներ, որոնք, ինչպես տրամաբանում են ՀԱԵ ներկայացուցիչները, «մերը չեն» և «մի օր պետք է հանձնվեն»: Չկա՞ Բյուզանդիան, վերջինիս տեղում կա Թուրքիան, հանձնենք նրան, աճուրդի հանենք, կարծում ենք` տերեր կգտնվեն: Ահա թե ինչպիսի զավեշտի կարող է հասնել ամեն ինչ, եթե առաջնորդվում ենք ՀԱԵ հատվածապաշտ տրամաբանությամբ: Եթե այսօր չկա հայ քաղկեդոնադավան համայնք, որը պետք է տեր կանգներ իր ստեղծած 7-րդ և 10-13-րդ դարերի արժեքներին, ապա միթե՞ դրանք անտեր են կամ պատկանում են քաղկեդոնադավան Բյուզանդիային կամ Վրաստանին: Միաժամանակ, ելնելով կրոնական հիմքերից կամ համոզմունքներից, հայոց համահայկական-համազգային արժեքները սրան-նրան հանձնելու Էջմիածնի իրավունքը խիստ քննելի իրողություն է: Ի վերջո` միթե՞ քաղկեդոնիկ հայի ստեղծած արժեքը հայկական չէ, ի վերջո` ինչու՞ է մեր կաթողիկոսը կոչվում Ամենայն Հայոց: Ես բոլոր հիմքերն ունեմ հայտարարելու, որ պետք է և ժամանակն է, որ մեր կաթողիկոսի կոչումը խմբագրվի` վերանվանվելով Կաթողիկոս Ամենայն Առաքելադավան Հայոց:

Իմիջայլոց, նույն պատճառահետևանքային կապը գործեց նաև Ջավախքի արևմտյան հատվածի` 18-րդ դարի երկրորդ կեսերինկաթոլիկացած, հետևաբար` հայկական միջավայրից արագորեն հալածված և նույնքան արագորեն վրացացած հայ-կաթոլիկների ևվերջիններիս մի ժամանակ պատկանած Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու ուղղակի հանձնման պարագայում: Վերջին շրջանում Երևման Ս. Խաչի հանդիսավոր բացումը որպես վրացական «Սբ. Ռոզեյրի»-ի եկեղեցի` հայ ազգի հերթական մշակութային կորուստն էր:«Հռոմապատկան» եկեղեցին ի պահ հանձնվեց կրկին Հռոմին, սակայն «հռոմեական ճանապարհի» վրա էլ այն խլվեց վրացիների կողմից:Ախալցխայի վրացացած հայ-կաթոլիկների ծավալուն խնդրի մասին կխոսենք մեկ այլ անգամ:

Կաթողիկոս Գարեգին Բ-ի` հատկապես Ջավախք այցի հաջորդ սպասելիքը և տրված խոստումը Ջավախքում ՀԱԵ թեմի բացման և, դրանով իսկ, Ջավախքի Ընդ. Առաջնորդական փոխանորդությունը ընդհանուր Վիրահայոց թեմից տարանջատելու մասին հավաստիացումն էր: Խոսվեց անգամ ժամկետների մասին` մեկ տարի: Անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն ոչ մի քայլ այդ ուղղությամբ: Ավելին` հարցի ձգձգման ուղղությամբ ողջամիտ բացատրությունների բացակայությունն արդեն կես տարի է, ինչ ջավախահայության մոտ տեղի է տալիս այն ոգևորության նվազումի, որը կար Գարեգին Բ-ի այցի օրերին: Վերջին շրջանում բավականին ակտիվություն է նկատվում Վիրահայոց թեմում, իրականացվում են մշակութային ծրագրեր, թեմի առաջնորդը հանդես է գալիս որոշակի պահանջներ պարունակող հայտարարություններով և այլն, սակայն այս ակտիվությունը, ցավոք, մեծամասամբ տեղափոխվել է Թիֆլիս: Այնինչ՝ Ջավախքի տարածաշրջանը պահանջում է առանձնահատուկ մոտեցումներ, Ջավախքի տարաբնույթ հիմնահարցերի մեծամասնությունը բոլորովին նման չեն Թիֆլիսում առկա խնդիրներին, բացի ֆիզիկաշխարհագրական դժվարություններից, կապի, տրանսպորտային միջոցների խնդիր և այլն (Թիֆլիսից դեպի Ջավախք Վիրահայոց թեմի առաջնորդի այցի սակավության մասին դեռ անցյալ դարասկզբին գրում էր «Մշակի» նամակակիրը. «… Ի դէպ, մեր գաւառի (Ախալքալաքի գավառ-Վ.Ս.) շատ բազմամարդ և առաջնակարգ հայ լուսաւորչական գիւղերը այստեղ գաղթելուց յետոյ, հաւանականօրեն դեռ արժանացած չեն հայ եպիսկոպոսի այցելութեան: Արիտակէս եպիսկոպոս Սեդրակեան Թիֆլիսի իր թեմակալութեան ժամանակ մի քանի անգամ այցելել է այս գաւառը, բայց չեմ կարծում, թէ բոլոր գիւղերը այցելած լինի, իսկ հետևեալ թեմակալները երբէք չեն այցելել հայաշատութեամբ կարևոր այս գաւառը: Ժողովուրդը երկար տարիներ սպասում է ներկայ առաջնորդ Սուրէնեանի շնորհաբեր գալստեանը, յուսալով, որ իրանց առաջնորդը` տեղն ու տեղը անմիջապէս ծանօթանալով իր իրաւասութեանը վերաբերվող տեղական կենսական խնդիրների և կարիքների հետ` կարգադրութիւններ կանէ կամ վճիռներ կկայացնէ ո’չ թէ ընդհանուր կշռադատութիւննրով կամ նոյն իսկ առանց դրանց, ինչպէս օրինակ, եկեղեցական գումարների հարցում, այլ իրողութեան և իրական փաստերի ու երեւոյթների անողոք լօգիկայի հիման վրա: Փառք Աստծու, Թիֆլիսը աւելի մոտ է մեզանից, քան Սարատօվը (նամակագիրը նկատի ունի Ջավախքի հայ-կաթոլիկներին (հայախոս և վրացախոս) և վերջիններիս եպիսկոպոսանիստ կենտրոն Սարատով քաղաքը, որտեղից ևս, շուրջ 73 տարի ոչ մի առաջնորդ չէր այցելել Ախալցխայի և Ախալքալաքի գավառներ – Վ.Ս.), և հազարաոր վերստեր կտրելու կարիք չը կայ» («Մշակ», Թիֆլիս, 1903, թիվ 142)),Ջավախքի և թիֆլիսի հայության միջև առկա են խորը պատմական, հոգեբանական, լեզվամշակութային և այլ կարգի տարբերություններ, որոնք չի կարող ընկալվել և կանոնակարգվել մեկ թեմի կողմից: Ավելին՝ Ջավախքի հիմնահարցը երբեք չի կարող նույնացվել Վրաստանի այլ շրջանների խնդիրների հետ, դա վրաց իշխանության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններին է հարիր: Ուստի՝ Ջավախքը թեմի իմաստով նույնացնել համայն Վրաստանի թեմի հետ, նշանակում է տուրք տալ նշյալ հայտարարություններին: Միաժամանակ՝ բազմիցս ենք նշել, որ թեմի ստեղծումով անհամեմատ կավելանան մշակութային ծրագրերը, հոգևորականների թիվը, որոնք ներկայումս, վրացական հոգևորականների աճող բանակի դիմաց, դեռևս մի քանիսն են: Կարևոր է ավելացնել նաև, որ Ջավախքի Ընդ. Առաջնորդական Փոխանորդության հոգևորականները, չնայած քանակի նվազ լինելուն, աշխատում են բավականին արդյունավետ, կարճ ժամանակում սիրվում ջավախահայության կողմից:

 

պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

«ՄԻՏՔ» վերլուծական կենտրոն

17.12.12 թ.

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply