Հեռուստաընկերություններն Ամանորի գիշերը անակնկալներ են խոստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 17, 2012 13:50

Ամանորի գիշերը հեռուստացույցը Նոր տարին տանը դիմավորող տարբեր խավի եւ նախասիրությունների տեր մարդկանց անբաժանելի ուղեկիցն է: Հենց «սեւ արկղի» ուսերին է ընկած տոնը ուրախ դարձնելու կարեւոր առաքելությունը: Հեռուստադիտողի ուշադրությունը գրավելու մենաշնորհը այն հեռուստաընկերություններին բաժին կհասնի, որոնց կհաջողի եթերը ապահովել ոչ միայն տոնական, այլեւ նոր եւ հետաքրքրական հաղորդումներով:

Նոր տարվա եթերը պետք է լինի տոնը ընտանեկան միջավայրում վայելելու լավագույն միջոց

 «Արմենպրես»ի թղթակցի հետ հետ զրույցում` Հայկական «ՓԻԱՌ» ասոցացիայի գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ հայկական հեռուստաեթերը վերջին տարիներին ամենասպասվածը չէ հայ մարդու համար: «Տարիներ առաջ, բոլորս հիշում ենք, որ Նոր տարվա եթերը անպայման ընտանեկան միջավայրում վայելելու լավագույն միջոցն էր, սակայն տարեցտարի այն դառնում է դիմազուրկ ու անհետաքրքիր։ Գրեթե ոչինչ չի փոխվում, բոլոր տոնական ծրագրերը նույնն են, յուրաքանչյուր հեռուստաընկերության ղեկավարի համար նախընտրած երգիչներն ու երգչուհիները, դերասանները հայտնվում են եթերում եւ փորձում տոն կազմակերպել»,- ասաց կազմակերպության նախագահը: Նրա խոսքով` ամանորյա հեռուստաեթերը ծրագրելիս` հեռուստաալիքները մոռանում են հաշվի առնել այն կարեւոր հանգամանքը, թե ի՞նչ է ցանկանում դիտել հեռուստադիտողը եւ տվյալ հաղորդումը ի՞նչ նորություն է պարունակում։

ԵՊՀ հրատարակչության «Հեռուստածրագրերի տիպաբանություն. հեռուստահաղորդումների դասակարգման չափանիշներ» գրքի հեղինակ Ավետիսյանի համոզմամբ` հեռուստածրագրում ամբողջ տարվա ընթացքում ժամանցային ծրագրերն այնքան շատ են, որ այս օրերին հեռուստաեթերը չի փայլում բովանդակային առումով։ «Կարծում եմ` տոնական հաղորդումներում իրենց տեղը պետք է ունենա նաեւ սովորական մարդը` իր ուրախություններով ու հետաքրքրություններով, հեռուստաընկերությունները պետք է դառնան ինտերակտիվ, հետադարձ կապի հնարավորությունը գնալով սահմանափակվում է»,- նշեց փորձագետը: Նա նաեւ հավելեց, որ Նոր տարին հայ մարդու համար սպասումի, ակնկալիքների, նորին ձգտելու եւ հասնելու հետ է ասոցացվում, եւ որքան էլ առկա լինի վատ տրամադրություն, որքան էլ նեղացած լինենք մեր հարազատներից, այդ օրերին մարդիկ փորձում են մոռանալ ամեն բան եւ յուրովի դիմավորել Ամանորը։

Ամանորրին հայկական հեռուստաեթերը խոստանում է լինել ոչ միայն տոնական, այլեւ նոր 

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախքան 24:00-ն` Առաջին ալիքի եթերում կլինի տոնական «Երգ երգոց» հաղորդաշարը: «Կեսգիշերից հետո տեղի կունենա ռեժիսոր Ելենա Արշակյանի «Ծաղկաձոր Չիկագո տրանզիտ» ֆիլմի պրեմիերան»,- ասաց Անդրեասյանը: Նրա խոսքով` հանրայինի եթերը ոչ միայն հունվարի 1-ին, այլեւ առաջիկա օրերին հագեցած կլինի նոր եւ տոնական հաղորդաշարերով:

«Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի կոորդինատոր Մարիաննա Քարդաշյանը տեղեկացրեց, որ հեռուստաընկերությունը հատուկ անակնկալ է պատրաստել հեռուստադիտողների համար` «Իմ նոր տարին» ամանորյա ծրագրի տեսքով, որը կնախորդի եւ կհաջորդի 24:00-ն: ««Իմ նոր տարին» կպատմի այն մասին, թե ինչպես է Ձմեռ պապիկը որոշում այցելել «Արմենիա» TV, եւ «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալի փոքրիկ դերասանուհի Անին, տեղեկանալով այդ մասին, փախչում է տնից Ձմեռ պապիկին հեռուստաընկերությունը ցույց տալու համար»,- ասաց ծրագրերի կոորդինատորը: Նա նաեւ նշեց, որ «Իմ նոր տարին» ծրագրի ավարտից հետո` եթերում կլինի «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ներկայացուցիչների մասնակցությամբ դիսկոտեկ, այլ անակնկալներ:

«Շանթ» հեռուստաընկերության ամանորյա եթերում տեղ կգտնի նաեւ քաղաքականությունը. հումորի տեսքով անդրաձարդ կլինի նաեւ նախորդ եւ գալիք ընտրական տարվան: Հումորային նմանակումներ իրականացնողների թվում կլնեն ոչ միայն Vitamin Club հայկական հումորային շոուի տղաները, այլեւ դերասան Վարդան Պետրոսյանը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության` «Երկրի Ամանորը» համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կուենան հայկական երգարվեստի ներկայացուցիչները: «Ամանորյա եթերում  ծրագերը, հաղորդումները կունենան տոնական թեմատիկա, ժամանցային ուղղվածություն»,- ասաց ծրագրերի ղեկավար Սուսաննա Տոնիկյանը: Նա հավելեց, որ հեռուստաընկերության տոնական եթերը անուշադրության չի մատնի նաեւ փոքր հեռուստադիտողին` ցուցադրելով նաեւ մուլտֆիլմեր:

«Ռոսիա» հեռուստաընկերության ֆիրմային բաղադրատոմս` ավանդական «Голубой огонек» եւ  Ռուսական առաջին ալիքի «Оливье-шоу»-ն հայ հեռուստադիտողներին հետաքրքրող հաղորդումների թվում են: Համաձայն պաշտոնական ուսումնասիրությունների` յուրաքանչյուր երկրում ամենալայն դիտողականությունն են վայելում երկրի ղեկավարի` 24:00-ին անմիջապես նախորդող շնորհավորական ուղերձը:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը 

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply