«Արփինե՛, պատասխանի..» Հովիկ Աբրահամյանն ասպետորեն պաշտպանեց երիտասարդ հանրապետականին ընդդիմադիրների «հարձակումներից»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2012 14:41

Խորհրդարանում բուռն քննարկման առարկա դարձավ “Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորեց էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով՝ նշելով, որ կատարվող փոփոխություններ ուղղված են ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության իրավունքների հավասար պաշտպանությանը:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը դիմել էին կառավարություն, որպեսզի հարցը մտներ արտահերթ նստաշրջանի օրակարգ, ինչն էլ դաշնակցական պատգամավորների վրդովմունքի պատճառ դարձավ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ պատգամավորներին վերաբերող հարցը չպետք է ներկայացվի կառավարության կողմից, այլ դրա մասին պետք է տեղյակ լինեն բոլորը: “Դուք երկու պատգամավորով ինչո՞ւ դիմեցիք կառավարությանը, դուք առանձին կարգավիճա՞կ ունեք կառավարության մոտ”,-զարմացավ նա:

Հովիկ Աբրահամյանը, նկատելով, որ Արփինե Հովհաննիսյանին նեղն են գցում, խառնվեց. “Պարոն Ռուստամյան, ինչի Դուք կարծում եք որ հանրապետականը չի՞ մասնակցել այդ որոշմանը, միայն երկու պատագամավորո՞վ են որոշել: Կամ էլ ում ինչ գործն է՝ ով է դիմել կամ ով է հարցը ներկայացնում”:

ԱԺ նախագահի խիստ նկատառումից հետո դահլիճում իրարանցում սկսվեց. “Հանգիստ, Հանգիստ…,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, իսկ պատգամավորներից մեկին, որը չհետևեց նրա կոչին, ասաց,-ես Ձեզ կտանեմ մի լավ տեղ, որ հանգստանաք”:

Արփինե Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով “իրեն այդքան ուշադրություն դարձնելու համար”, փորձեց Արմեն Ռուստամյանին հավատացնել, որ նախագիծը քննարկվել է Հանրապետական խմբակցությունում և հրատապ համարվելով՝ ներկայացվել կառավարությանը. “Դուք չեք հավատա այս խոստովանությանը, որ…,-ասաց երիտասարդ պատգամավորը և կիսատ թողնելով միտքը՝ արձագանքեց Ռուստամյանի ակնարկին,-ոչ, սիրո խոստովանությանը չէ, պարոն Ռուստամյան…”:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ, կառչելով նախագծի այն փոփոխությունից, որտեղ ամրագրվում են իշխանական և ոչ իշխանական հասկացությունները, “օրիորդ Հովհաննիսյանին” հարցրեց. “ԲՀԿ-ն ոչ իշխանական է, ոչ էլ ընդդիմադիր, այլընտրանք է, ինչո՞ւ եք ուզում զոռով կոխել մի տեղ, սա ի՞նչ մոտեցման ձև է”:

Հովիկ Աբրահամյանը կրկին միջամտեց. “Շատ չմեծամտանաք, մենք հարց ենք քննարկում, ոչ թե մեկս մյուսին վիրավորելու համար ենք եկել այստեղ”:

“Պարոն Վարդանյան, շատ ճիշտ եք ասում՝ ընդդիմություն չեն, իշխանություն էլ չեն: Տաֆտալոգիա է ստացվում:Բայց պե՞տք է ինչ որ դասակարգվածություն լինի”,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

“էդ դեպքում տարբերությունը ո՞րն է  մեր և ԲՀԿ-ի միջև,-բորբոքվեց Վարդանյանը, ապա  հանկարծ հետաքրքրվեց,-բա Դավիթ Հարությունյա՞նն ուր ա”?

Հովիկ Աբրահամյանն այլևս իրեն չտիրապետեց. “Ձե՞զ ինչ ուր ա: Ես խնդրում եմ՝ ամեն ինչ չափի մեջ”:

Բուռն վեճին արձագանքեց նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որին Հովիկ Աբրահամյանը հարցրեց. “Պարոն Հովհաննիսյան, Դո՞ւք ինչու եք բարկանում: Ահաբեկո՞ւմ եք…Մի անգամ ահաբեկեցինք, եսիմ որտեղ հասաք…Արփինե՛, պատասխանի”:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ “դահլիճում առկա ըմբոստությունը” նորմալ համարեց և խոստովանելով, որ “դժվար է աղջկան հարց տալ, մանավանդ որ նրա ետևում կանգնած է հանրապետական կուսակցությունը”,  ասաց.”Այս հարցի հրատապությունը չկա: Կա տպավորություն, որ դուք պարզապես թաքցնում եք այն, ինչ բոլորս հասկանում ենք՝դուք ուզում եք հանձնաժողովում մեծամասնություն կազմել: 12 հանձնաժողովում մեծամանություն եք, մենք դիմանում ենք այդ տառապանքին: Ի՞նչ է եղել, այդ հանձնաժողովում էլ դուք փոքրամասնություն եղեք”,-ասաց նա:

Նշենք, որ  էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա.Ռուստամյանի նոյեմբերի 28-ի N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ  հարցը: Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում  էր ս.թ. նոյեմբերի 21-ին   հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն:

Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ քանի որ նշված 83 պատգամավորների թվում եղել է նաև ինքը, ապա “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:

Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ նա հանձնաժողովին ներկայացրել էր իր դիրքորոշումը և նշել, որ կմասնակցի միայն մյուս 82 պատգամավորների մասով:”Հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով  իր իրավունքները, հայտարարեց,  որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից”,-ասել էր Հարությունյանը՝ բացատրելով, թե ինչի է դրանից հետո լքել նիստերի դահլիճը:

Ըստ որոշ պատգամավորների, այդ միջադեպն է եղել պատճառը, որ հարցը հրատապ ձևով բերվել է խորհրդարան:

 

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply