Հայկական պատվիրակությունը մասնակցեց ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 17, 2012 12:26

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս եւ Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով եւ հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու եւ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվեց Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:

Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply