Մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը. օրակարգում 16 նախագիծ է, 2 համաձայնագիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2012 12:59

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում 16 օրենքի նախագիծ և 2 միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ համաձայնագրեր են: Օրենքի նախագծերի մեջ են, մասնավորապես, «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություն սահմանելու մասին», «Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագրերը վերաբերում են «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխությանը և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության ժամկետի երկարաձգման վերաբերյալ համաձայնագիրը:

Վերջին համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցող, Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք մեր զինծառայողները մասնակցել կամ մասնակցելու են ռազմական գործողությունների, երկարաձգման ընթացքում ո՞ւմ վրա է ծանրանում ֆինանսական պատասխանատավությունը և ի՞նչ հարաբերությունների մեջ են մեր զինծառայողերը տեղի բնակչության հետ:

Նազարյանի խոսքով՝ հայ զինծառայողներն Աֆղանստանում իրականացնում են միայն անվտանգության ապահովման գործառույթներ և մարտական գործողությունների չեն մասնակցում: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա բոլոր ծախսերը, բացի վարձատրությունից, հոգում է գերմանական կողմը: Բնակչության հետ շփումը տեղի է ունենում միայն գերմանական հրամանատարության թույլտվությամբ, որի ներքո են գտնվում հայ զինծառայողները:

Հարցին, թե որքա՞ն գումար են վաստակում զինծառայողներն այդ աշխատանքի դիմաց, փոխնախարարը մոտավոր պատասխան տվեց. «640 000 դրամի սահմաններում, սակայն հստակ թիվը սպաների և ենթասպաների համար այս պահին ասել չեմ կարող»,-ասաց նա:

Համաձայնագրի երկարաձգումը վավերացնելու դեպքում հայ զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն ևս 2 տարի:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply