Առողջության պահպանման պարզագույն միջոցներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2010 12:20

Կեղտոտ օդը, սխալ սնունդը եւ ամենօրյա սթրեսները մեր օրգանիզմի համար մեծ փորձություն են. այս ամենը կարող է մի շարք առողջական խնդիրների  և հիվանդությունների  պատճառ դառնալ:

Սակայն, քչերը գիտեն, որ գրեթե բոլոր տեսակի հիվանդությունների դեմ բնությունը ստեղծել է մի շարք բնական դեղամիջոցներ:

Եթե առողջական խնդիր ունեք, որը դեռ չի խորացել այնքան, որ լուրջ միջամտության կարիք զգացվի, օգտվեք բնության բարիքներից, որոնք հարուստ են օգտակար նյութերով և կարող են օգնել պայքարելու առկա առողջական խնդիրների դեմ եւ կանխել նոր խնդիրների առաջացումը:

Վատ տրամադրությու՞ն: Հոգեկան ընկճվածությու՞ն: Ծանր աշխատանք եւ հոգնածությու՞ն: Սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրնե՞ր: Սեւ շոկոլադը կօգնի ձեղ հաղթահարել այս բոլոր խնդիրները:

Ձմեռային թուլությու՞ն: Չանցնող մրսածություն եւ ինֆեկցիոն հիվանդություննե՞ր: Մասուրի թեյը` ձեզ օգնական:

Մարսողության կամ շնչառական համակարգի հետ կապված խնդիրնե՞ր ունեք` կերեք սոխ:

Սև շոկոլադը`ընդդեմ վատ տրամադրության

Բժիշկները պնդում են, որ օրական 40-50 գրամ սեւ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը եւ օգնում է պայքարել դեպրեսիաների դեմ:

«Սեւ դառը շոկոլադը, որը, իմիջիայլոց, շատ ավելի օգտակար է քաղցր կաթնայինից, պարունակում է մի շարք նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել դեպրեսիայի, վատ տրամադրության եւ հոգնածության դեմ», – ասում է թերապևտ Կարինե Հայրապետյանը:

Հայտնի է, որ շոկոլադը լավացնում է նաեւ գլխուղեղի արյան մատակարարումն ու  աշխատանքը, այսինքն, լավ է մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց համար: Շոկոլադը  կօգնի դպրոցականներին  եւ ուսանողներին ավելի լավ ընկալել եւ հիշել ինֆորմացիան, հեշտացնում է սովորելու պրոցեսը եւ պայքարում ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեմ:

Կակաոյի հատիկները, որոնցից պատրաստվում է շոկոլադը, հարուստ են վիտամիններով, պրոտեիններով եւ երկաթով: Վերջինս ոչ միայն ուժի եւ էներգիայի աղբյուր է, այլ նաեւ նպաստում է արյունաստեղծման պրոցեսին: Հենց այս պատճառով էլ բժիշկներն իրենց պացիենտներին խորհուրդ են տալիս արյուն հանձնելուց հետո շոկոլադ ուտել, որպեսզի կորցրած արյունը շուտ վերականգնվի:

Շոկոլադի հատիկների մեջ քիչ չէ նաեւ ֆոսֆորի պարունակությունը, ինչի շնորհիվ այն պնդացնում է ոսկորները եւ տարբեր տեսակի վնասվածքներից հետո  նպաստում արագ վերականգնմանը:

Հայտնի է նաեւ, որ շոկոլադի չափավոր օգտագործումը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ չի թողնում, որ երակները խցանվեն: Այս պատճառով էլ շոկոլադը նվազեցնում է ինֆարկտի եւ կաթվածի հավանականությունը: Բժիշկները նաեւ պնդում են, որ նրանց մոտ, ովքեր արդեն ունեցել են իրենց կյանքում կաթված, այն այլեւս չի կրկնվի, եթե նրանք երբեմն շոկոլադ օգտագործեն:

Այսպիսով, շոկոլադը, չափավոր քանակությամբ, բարձրացնում է տրամադրությունը, լավ է գլխուղեղի, արյունաստեղծ եւ սրտանոթային համակարգերի համար: Օրական մի փոքր կտոր շոկոլադը բավարար է նրա բոլոր դրական արդյունքները ստանալու համար: Եթե չարաշահեք շոկոլադի օգտագործումը, այն ավելորդ կիլոգրամների, ատամների հետ խնդիրների եւ նույնիսկ շաքարային դիաբետի պատճառ կարող է դառնալ:

Մասուրը` ընդդեմ մրսածության

Մասուրի յուղն օգտագործվում է արոմաթերապիայում եւ ունի հանգստացնող ազդեցություն, իսկ մասուրի թեյը, ինչպես հայտնի է, հարուստ է մի շարք վիտամիներով (A, B1, B2, D, E, C), որոնց մեջ հատկապես աչքի է ընկնում վիտամին C- ն, քանի որ այն ուժեղացնում է իմունային համակարգը եւ օգնում է կանխել մրսածությունն ու գրիպը:

Մասուրի թեյը նաեւ շատ լավ միզամուղ է, եւ մրսածության կամ գրիպի ժամանակ այն օգնում է իջեցնել բարձր ջերմությունն ու շուտ վերականգնվել: Մասուրը նաեւ լավագույն բնական դեղամիջոց է տարատեսակ ինֆեկցիաների դեմ: Բժիշկները խորհուրդ են տալիս անպայման խմել մասուրի հյութ բոլոր այն մարդկանց, ովքեր հակաբիոտիկների կուրս էին ընդունել, քանի որ մասուրը օգնում է վերականգնել իմունիտետը եւ հնարավորինս շուտ չեզոքացնել հակաբիոտիկների բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա:

Թերապևտ Կարինե Հայրապետյանը նաեւ նշում է, որ մասուրի թեյը մաքրում է երիկամները:

Ինչպես եւ շոկոլադը, մասուրը հարուստ է կալցիումով, ֆոսֆորով եւ երկաթով: Մասուրի թեյը շատ լավ է հատկապես կանանց համար? դաշտանից հետո, քանի որ այն օգնում է վերականգնել ուժերը եւ արյունը:

Ինչ խոսք, մասուրի թեյը շատ լավ է առողջության համար, բայց չարաշահել այն չարժի, քանի որ  կարող է առաջացնել անքնություն, գլխացավ, սրտխառնոց եւ մի շարք այլ խնդիրներ:

Սոխը` ընդդեմ ամեն ինչի

Հազարավոր տարիներ մարդիկ օգտագործում են սոխը բժշկական նպատակներով: Հին Չինաստանում բուժակները օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու համար: Հին Հունաստանի մարզիկները եւ Հին Հռոմի գլադիատորները ուտում էին սոխ` ուժեղ լինելու եւ պայքարներից միշտ հաղթող դուրս գալու համար: Միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները:

Իսկ ինչ է ասում սոխի մասին ժամանակակից բժշկությունը

• Սոխը լավ է շնչառական եւ իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ եւ ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ: Սոխը կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաեւ շնչարգելությունը եւ բրոնխիտները: Սոխը լավ ազդեցություն ունի նաեւ թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի եւ, նույնիսկ, թոքախտի դեմ:

Թերապեւտ Կարինե Հայրապետյանն ասում է, որ մեղրով սոխը ժամանակակից բժշկության մեջ առաջին հերթին օգտագործվում է որպես խորխաբեր: Այն նաեւ օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների եւ բորբոքային պրոցեսների կանխման համար:

• Մարսողական համակարգ. սոխը նպաստում է ձեր աղիքներում «լավ» բակտերիաների արագ բազմացմանը եւ պայքարում է «վատ» բակտերիաների դեմ: Այսինքն, սոխն օգնում է լավացնել ձեր աղիքների միկրոֆլորան, ինչի համար էլ  խորհուրդ է տրվում բոլոր հակաբիոտիկ ընդունողներին? մասուրի թեյի հետ զուգահեռ: Սոխը նաեւ սպանում է ձեր աղիքներում գտնվող ճիճուներին եւ այլ մակաբույծներին: Այն լավացնում է  մարսողությունը եւ օգնում կարգավորել  քաշն ու կանխել գիրությունը:

• Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են օգտագործում իրենց օրական ռացիոնում սոխ, ավելի հազվադեպ են ուռուցքներ ունենում: Իսկ մարսողության համակարգում ուռուցքներ նրանց մոտ գրեթե  չեն հանդիպում:

• Սոխը լավ է նաեւ սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ եւ ճնշումը, մաքրում է արյունը եւ առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը:

Ինչպես եւ բոլոր (նույնիսկ բնական) դեղամիջոցները, սոխը չի կարելի չափից ավելի շատ ուտել, քանի որ դրա չարաշահումը կարող է ձեր ստամոքսին ամենեւին դուր չգալ…

Դիտվել է 4011 անգամ:
Print Friendly

Leave a Reply