Լրացավ Հայ արիական միաբանության (ՀԱՄ) 19-ամյակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 15, 2012 11:46
ՀԱՄ Գերագույն խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի հիմնական, համակիր և օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ:
Հայ արիական միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993 թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաքում և բոլոր մարզերում, նաև Արցախում, Ջավախքում և Սփյուռքում:
Դեկտեմբերի 15-ին Հայ արիական միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, և ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 19-ամյա գործունեությունը:
Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը:
ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաև առանձին ոլորտներում ՀԱՄ աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ արիական միաբանության նաև միջազգային ճանաչմանը: Կարևորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի և Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված և Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի և անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:
Այնուհետև քաղաքամայր Երևանի և ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ՀԱՄ ԳԽ անդամները մեկնեցին Կարմիր բլուր և ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմերը և քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին և Հայ Տեսակին փառաբանելով: Հայ Արիները Հայաստանին ու հայությանը վերամիավորում և հաղթական վերազարթոնք մաղթեցին:
Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու ծիսական արարողություն եղավ նաև հայոց ռազմի ու զորության աստված Վահագնի արձանի մոտ:
Հայ արիների մի խումբ էլ Հայկ նահապետի արձանի մոտ քրմական ծիսական արարողություն կատարեց հայության համախմբման և վերջնական հաղթանակի համար:
Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին և Հայությանը:
Հայ արիական Մմաբանության Գերագույն խորհուրդ






Facebook
Tweet This
Email This Post
