ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2010 12:24

Հասարակություններում տեխնոլոգիաները, ծնելիության նվազումը և անցյալի նախապաշարմունքները սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ են դառնում

Չինացի գրող Հինրան Հյուն նկարագրում է իր այցելությունը Յիմենգ շրջանի Շանդոնգ գավառի մի գյուղական ընտանիք: «Կինը ծննդաբերում էր: Մենք մի կերպ նստած էինք խոհանոցում,-  գրում է նա,- երբ լսեցինք  կողքի սենյակից եկող ողբագին ճչացող կնոջ ձայնը. նրա լացուկոծն ավելի ու ավելի բարձր էր դառնում, և հանկարծ դադարեց: Հետո լացը վերածվեց  հեկեկանքի , ապա տղամարդու կոպիտ ձայնը մեղադրական տոնով ասաց` անպետք բան է»:

«Հանկարծ կարծես թխկոց լսեցի հետևում դրված կեղտաջրով լի դույլի մեջ»- հիշում է Հինրան,-  շուռ եկա և սարսափեցի` տեսնելով դույլի պռունկից կախված փոքրիկ երեխայի ոտքը: Կարծեցի, թե քույրը կենդանի-կենդանի այդ երեխային գցել է մեջը: Ինքնամոռաց ինձ գցեցի  դույլի վրա, բայց ոստիկանները, որոնք ուղեկցում էին ինձ, ամուր բռնելով արմունկներիցս, կանխեցին իմ այդ պոռթկումը ասելով. «Մի շարժվեք, արդեն շատ ուշ է , փրկել չեք կարղ»: « Բայց սա սպանություն է, և դուք ոստիկաններ եք»: Փոքրիկ ոտքը դույլի մեջ անշարժացավ: «Աղջիկ երեխա ունենալը  մեծ բան չէ այս կողմերում»,-մխիթարական տոնով ասաց տարեց մի կին: «Բայց չէ՞ որ դա կենդանի երեխա է»- դողացող ձայնով ասացի` նայելով դույլին:  «Դա երեխա չէ,-  ուղղեց ինձ կինը, – դա աղջիկ երեխա է, և մենք չենք կարող նրան պահել: Այս կողմերում չես կարող յոլա գնալ առանց որդու: Աղջիկ երեխաները հաշիվ չեն»:

2010 թ. հունվար ամսին Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիան (ՉՍԳԱ) ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել երկրին, երբ աղջիկ երեխաները «հաշիվ չեն»: Ըստ ակադեմիայի տվյալների` 10 տարվա ընթացքում 5 երիտասարդ տղաներից 1-ի համար անհնար կդառնա կին ճարելը, ինչը աննախադեպ երևույթ  է խաղաղ պայմաններում գտնվող երկրի համար:

Սեռասպանություն (genderside) եզրույթը, որ առաջին անգամ օգտագործվել է  1985 թ.  Մարի Աննա Ուարենի  հեղինակած գրքում, Չինաստանի «մեկ երեխա» քաղաքականության հետևանք  է, որ առաջադրվել է 1979 թ.: Եվ ինչպես պարզվում է, աղջիկ երեխաների դեմ պատերազմը չի սահմանափակվում միայն Չինաստանով:

Հնդկաստանի որոշ շրջաններում սեռային հարաբերակցությունը շատ չի տարբերվում հարևան Չինաստանից: Մյուս արևելյան ասիական երկրները` Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը նույնպես տղա երեխաների ծնելիության  բավական մեծ ցուցանիշ ունեն: Այս նույն երևույթը նկատվում է նաև Կովկասում և Բալկանների արևմտյան երկրներում, նույնիսկ Միացյալ Նահանգների բնակչության որոշ խմբերում:

Իրական պատճառը, ըստ ամերիկացի ժողովրդագետ Նիկ Էբերստադի, ոչ թե պետք է փնտրել որևէ երկրի   հատուկ քաղաքականության, այլ  տղա երեխա ունենալու համատարած  նախապատվության, արագորեն տարածվող տեխնոլոգիաների (նախապես սեռը պարզող) և ծնելիությունը նվազեցնող միջոցների մեջ:

Տղա երեխաների վաղ հասակում մահացության ցուցանիշը մի քիչ ավելի բարձր է, քան աղջիկ երեխաներինը: Որպես փոխհատուցում` ավելի շատ տղա երեխաներ են ծնվում քան աղջիկ երեխաներ, որպեսզի սեռական հասունության շրջանում հավասար քանակով կանայք և տղամարդիկ լինեն: Այն հասարակություններում, որտեղ ծնունդները գրանցվում են, յուրաքանչյուր 100 ծնված աղջկա դիմաց մոտ 103-106 տղա է ծնվում:

Այդ օրնաչապությունը, սակայն, վերջին 25 տարիների ընթացքում հիմնովին փոխվեց: Չինաստանում սեռային հարաբերակցությունը  1985-1989 թթ. սերնդի համար  108 էր, 2000-2004 թթ. սերնդի համար` 124 տղա 100 աղջկա դիմաց: Ըստ ՉՍԳԱ- ի, այսօր այդ թիվը 123/100 է: Եվ այս տարբերությունը տարեցտարի աճում է: Նման  հարաբերակցությունը,  առանց մարդու միջամտության, կենսաբանորեն անհնարին է:

Այլ երկրներում նույնպես սեռային հարաբերակցությունը շեղվել է: Թայվանում այդ հարաբերակցությունը  հասել է 110-ի, Հարավային Կորեայում սեռային հարաբերակցությունը` հօգուտ արական սեռի,  1990 թ. հասավ 117-ի, ապա դարձավ աշխարհում ամենաբարձրը  և ի վերջո իջավ համեմատաբար ավելի նորմալ մակարդակի:

Չամուսնացած տղամարդկանց  մեծ թիվն այս հարուստ երկրում հանգեցնում է նրան,  որ տղամարդիկ սկում են հարս բերել այլ երկրներից:  2008-ին ամւսնությունների 11%-ը խառնամուսնություններ էին, մեծ մասամբ կորեացի տղամարդկանց և օտարազգի կանանց միջև: Սա լարման պատճառ է դառնում մինչ այդ համասեռ եղած հասարակության մեջ, ինչը հաճախ դաժանաբար է անդրադառնում այդ ընտանիքներում ծնված երեխաների վրա, որոնց  արդեն «Kisian»  կամ կորեա-ասիականներ են անվանում:

1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո սեռային մեծ անհավասարակշռություն սկսվեց Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Սեռային հարաբերակցությունը` հօգուտ տղա երեխաների, 1991-2000 թթ. այս պետություններում նորմալից աճեց մինչև 115-120: Այս նույն աճը  Հարավսլավիայի քանդվելուց հետո ի հայտ եկավ նաև  Բալկանյան որոշ պետություններում: Սերբիայում և Մակեդոնիայում այս հարաբերակցությունը հասավ 108-ի: Սեռային անհավասարության  նշաններ են նկատվում են նաև Ամերիկյան  տարբեր ասիա-ամերիկյան խմբերում: 1975-ին, ըստ պրն Էբերստադի հաշվարկների, սեռային անհավասարակշռությունը  չինա-, Ճապոնա-, Ֆիլիպինյան ամերիկացիների  շրջանում  100-106 էր, իսկ 2002-ին 107-109:

Բայց ամենաուշագրավ  ռեկորդը սահմանում է մեկ այլ գերհսկա երկիր` Հնդկաստանը:

2001-ին 6 տարեկանից բարձր երեխաների մեջ  հարաբերակցությունը կենսաբանորեն անառարկելի  104-ից աճել է կենսաբանորեն անհնարին 108-ի: Իսկ մի շրջանում 1991-ին սեռային անհավասարակշռությունը  125-ից բարձր էր:

Նման անհավասարության  պարագայում  տրամաբնությունը թելադրում է, որ սա ավանդապահ երկրներին հատուկ հետամնացության կամ (Չիանաստանի պարագայում)_ մեկ երեխա ունենալու քաղաքականության հետևանք է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ քաղաքականության բարեփոխումները կամ հասարակության  արդիականացումը (ասենք` կանանց դիրքի բարձրացումը) կարող են սեռային հարաբերակցությունը բերել հավասարակշռության: Բայց դա  միշտ չէ, որ հաջողվում է. սեռային նորմալ հարաբերակցության հասնելու ճանապարհը դեռևս ոլորապտույտ ու խորդուբորդ է:

Այն հասարակություններում, որտեղ ընտանեկան գիծն անցնում է որդու միջոցով, և տղայի պարականությունն է հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս մեծանան, տղան ավելի մեծ արժեք ունի, քան աղջիկը: Այս հասարակություններում աղջիկն այլ ընտրություն չունի, քան ամուսնանալուց հետո միանալ իր ամուսնու  ընտանիքին: Եվ համարվում է, որ նա կորած է իր ծնողների համար: Ինչպես հնդկական ասացվածքն է ասում. «Աղջիկ մեծացնելը նույնն է, ինչ ջրել հարևանի բոստանը»:

Տղային նախապատվություն տալը  երևում է նաև հարցումների ժամանակ:  1990-ին Հնդկաստանի կառավարությունը  հարցում էր անում կանանց շրջանում, թե ինչ սեռի երեխա կուզենան:  Դեռևս երեխա չունեցող կանանց 1/3-ը նախընտրում էր տղա, 2/3-ը որևէ նախընտրություն չուներ և միայն հատուկենտ կանայք էին աղջիկ երեխա ունենալու ցանկություն հայտնել: Պակիստանում և Եմենում անցկացված հարցումները նույնն են ցույց տալիս: Որոշ զարգացող երկրներում 10 կանանցից 1-ն է միայն ցանկություն հայտնում  աղջիկ երեխա ունենալ:

Մինչև 1980- ականներն աղքատ երկրների բնակիչները շատ քիչ բան կարող էին անել սեռային ընտրութան հարցում: Մինչ երեխայի ծնունդը բնությունն իր գործն անում էր: Սակայն 1980 ականներին ուլտրաձայնային ստուգումը (scanning)  և սեռը որոշող այլ մեթոդների ի հայտ գալը շատ բան փոխեցին: Հնդկաստանի բժիշկները  սկսեցին ուլտրաձայնային ստուգումը գովազդել հետևալ կարգախոսով «Վճարիր այսօր 5000 հնդկական ռուպի (110$) և խնայիր 50000 ռուպի վաղվա համար» (խնայողությունը աղջկա ապագա օժիտի հաշվին է): Այսպիսով, այն միլիոնավոր ծնողները, ովքեր որդի էին ցանկանում ունենալ, բայց դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:

Հնդկաստանում 1994-ին և Չինաստանում 1995-ին սեռային ընտրությամբ պայմանավորված արհեստական վիժեցումն արգելվեց: Այս երևույթն անօրինական է գրեթե բոլոր երկրներում (սակայն Շվեդիան 2009-ին օրինականացրել է դա): Քանի որ գրեթե անհնարին է ապացուցել արհեստական վիժեցման պայմանավորվածությունը երեխայի սեռով, այս  գործելակերպը դույզն-ինչ չի նվազում: Ուլտրաձայնային չափորոշումն արժե 12 դոլար, ինչը թե՛ չինական, թե՛ հնդկական ընտանիքների մեծ մասի համար մեծ գումար չէ:

Սեռը կանխորոշող տեխնոլոգիաները ոչ միայն նպաստեցին սեռային անհավասարության աճին, այլև մեկ այլ մինչ այդ առեղծվածային երևույթի բացատրությունը տվեցին: Սեռային անհավասարակշռությունը միտված է աճելու եկամուտների և կրթության աճին զուգընթաց: Փաստորեն սնանկ է այն ենթադրությունը, թե սեռային անհավասարակշռությունը լոկ հետամնացության հետևանք է: Հնդկաստանում ամենաբարեկեցիկ նահանգներից  մի քանիսը, օրինակ` Մահարաշտրան, Փենջաբը, Գուջարան, աչքի են ընկնում սեռային խիստ անհավասարակշռությամբ:  Չինաստանում որքան բարձր է շրջանի կրթվածության մակարդակը, այնքան ավելի անհավասարակշռված է սեռային կազմը:

Այսպիսով,  արդիականացումը` իր աճող եկամուտներով, ավելի հեշտ և ցանկալի է դարձնում երեխայի սեռն ընտրելը: Ավելին, համեմատաբար փոքր ընտանիքներն ավելի մեծ եռանդ են ներդնում տղա երեխա ունենալու համար: Երբ ընտանիքը մեծ է. մի տղան էլ բավական է, որ շարունակի ընտանիքի գիծը: Բայց եթե ընտանիքում միայն  մեկ կամ երկու երեխա պիտի ծնվի, ապա դրանց սեռի հարցը դժվար է թողնել բախտի քմահաճույքին:

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում հանցագործությունների ու բռնությունների մեծ մասի հեղինակը երիտասարդ տղամարդիկ են եղել,  հատկապես ամուրի տղամարդիկ: Մանավանդ այն երկրներում , որտեղ մարդու հասարակական դիրքը և հեղինակությունը  մեծապես կախված են ամուսնացած լինելուց և երեխաներ ունենալուց, ինչպես, օրինակ` Չինաստանում և Հնդկաստանում,   ֆրուստրացիա ապրող ամուրի տղամարդկանց թվի այսպիսի աճը հղի է մեծ վտանգներով: Չինաստանում անցած 20 տարիների ընթացքում հանցագործություններն աճել են գրեթե երկու անգամ` ներառելով հատկապես այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են աղջիկ առևանգելը, կանանց թրաֆիքինգը, բռնաբարությունները և մարմնավաճառությունը:

Բռնությունն ու հանցագործությունները, սակայն, միակ հետևանքը չեն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO)` Չինաստանում կանանց ինքնասպանության թիվն աշխարհում ամենաբարձրերից է: Լրագրող Հուան Հյուն  կարծում է, որ ինքնասպան կանայք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ արհեստականորեն վիժել կամ սպանել են իրենց դուստրերին:

Մոտ ապագայում  սեռային ընտրողականության հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն: Սոցիալական հետևանքներն ավելի ակնառու կդառնան, այսուհանդերձ իրավիճակն անհուսալի չէ, քանի որ և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանն ու Հարավային Կորեան սկսել են լրջորեն գիտակցել վտանգը և քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

4 մարտ, 2010 թ.

«Էկոնոմիստ» ամսագիր

Դիտվել է 3833 անգամ:
Print Friendly

Leave a Reply