Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2012 20:12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրական դինամիկա ունեն:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության և այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարևորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել են մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply