Սերիական մարդասպանները. մեր օրերի անտիհերոսները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 23, 2010 12:08

Ջեֆրի Դամեր

Այս օրերին www.serialkillers.ru  կայքի հայտարարած հեղինակային հոդվածների մրցույթի  ամենագլխավոր փուլն է` հոդվածների տեղադրում կայքում և քվեարկություն: Կայքը մրցույթի մասնակցության մոտ 50 հայտ է ստացել: Առաջին հայացքից տարօրինակ է թվում հետաքրքրասիրությունը թե՛ թեմայի, թե՛ սերիական-մարդասպանների նկատմամբ, որ դրդում է կայքին նոր հոդվածներ ստանալու համար մրցույթ կազմակերպել:

Սերիական մարդասպանների «հայրենիք» կարելի է համարել Ամերիկան: Առաջին հայտնի սերիական մարդասպանը` Ջեքը, ապրում էր Անգլիայում, սակայն հենց Ամերիկան է, որ թվով  ամենաշատ սերիական մարդասպաններ է «արտահանում»: Բացի այդ, Ամերիկան նաև զբաղվում է մարդասպանների «ներմուծմամբ» կինոինդուստրիա և զանգվածային արվեստ (լույս են տեսնում սերիական մարդասպանների լուսանկարներով օրացույցներ, շապիկներ, գրվում են գրքեր):

Հիշեք, թե սերիական մարդասպանի մասին քանի ֆիլմ եք դիտել և քանի ֆիլմ` ինչ-որ պատմական հերոսի կամ կոմիքսային սուպերհերոսի մասին: Դրանց թիվը գրեթե հավասար կլինի, ինչը նշանակում է, որ հավասար պահանջարկ և կարևորություն ունեն: Սակայն, ի տարբերություն սուպերհերոսների, սերիական մարդասպանների կերպարները ֆիլմերում իսկական նախատիպեր ունեն, այսինքն` հոլիվուդյան սլեշերների (սերիական մարդասպանների մասին ֆիլմ` թրիլլերի տարրերով) և սարսափ ֆիլմերի մեծ մասը կենսագրական են` որոշ չափազանցություններով:

Օրինակ, եթե  որևէ ֆիլմում սերիական մարդասպանը իր հետևից գլուխկոտրուկ հետքեր է թողնում, ոստիկանություն կամ քաղաքի ամենահայտնի թերթի խմբագրություն նամակներ է ուղարկում, որոնցում փորձում է պատճառաբանել իր արարքներն ու երբեմն նամակի հետ կցում է մարդու մաշկ կամ նման մի բան, իսկ ֆիլմի վերջում այդպես էլ չբացահայտված է մնում, ապա հաստատ համոզված եղեք, որ Ջեքի կամ Զոդիակի մասին քիչ ձևափոխված ֆիլմ եք դիտում:

Մարդակերների մասին ֆիլմերը «սնվում» են Ալբերտ Ֆիշի, Ռիչարդ Չեյզի, Մայվեսի  կենսագրություններից (վերջինը կերել էր իր սիրեցյալին,  «Հաննիբալ» ֆիլմում որոշ չափով դա վերարտադրվում է): Հոլիվուդում տարածված է նաև  ծիսական սպանության թեման,  այս դեպքում հիմնականում մարդասպանը սատանիստ է կամ մասոն: Նման «սատանիստ» սերիական-մարդասպան էր Ռիչարդ Ռամիրեզը, որ սպանելուց հետո  դիակների մարմնին դանակով պենտագրամմա էր նկարում, իսկ մինչև սպանությունը ստիպում էր զոհերին, որ ասեն «սիրում եմ Սատանային», բայց նման արարքները «սատանիզմ» անվանելն այնքան էլ ճիշտ չի լինի:

Ալբերտ Ֆիշ

Կան սերիական մարդասպաններ, որոնց կերպարն այնքան էլ տարածված չէ ֆիլմերում, ինչպես Հոլմսն ու Գեյնը, որոնց հանցագործությունները նմանեցվում են նացիստական Գերմանիայի թողած հետքերին: Ֆիլմերում մարդասպանները հաճախ սիրունատես են լինում. չէ՞ որ ֆիլմն  իրականությունից ինչ-որ բանով պետք է տարբերվի: Եվ բացի գեղեցկանալուց, սերիական մարդասպանի կերպարը «ինտելեկտուալացվում»  է և  ստեղծագործ «ոգի» ստանում: Իրականում, սերիական մարդասպանների մեծ մասը հոգեկան խանգարում ունեցող, բիրտ  ու այնքան խելացի մարդիկ են, հաճախ մտավոր հետամնացներ կամ ուղղակի  դյուրահավատ ու տպավորվող ամերիկացիներ, ովքեր չափից ավելի շատ են հեռուստացույց դիտել ու հավատացել տեսածին: Ասվածը մերկապարանոց չհնչելու համար բերենք  Ջեֆրի Դամերի օրինակը:

Նա մարդկանց փախցնում էր, տանջամահ անում իր փորձարկումներով, որպեսզի իրեն ծառայող զոմբիների բանակ ստեղծի: Սակայն կինոյում ցույց տրվող գեղեցիկ, զգայուն, տառապող մարդասպանի կերպարն այնքան ուժեղ է ազդում մարդկանց (հատկապես դեռահաս աղջիկների)  գիտակցության վրա, որ վստահելով հեռուստացույցից ստացված տեղեկությանը`  երկրպագում են սերիական մարդասպաններին, նամակներ գրում դեռևս կենդանի մնացածներին, երազում հանդիպել նրանց հետ, այնպես ինչպես 15-ամյա Քելլի Քեմփբլը, որ 16 կին բռնաբարած ու սպանած բանտարկյալ Ռիչարդ Ռամիրեզի հետ նամակագրական կապ էր հաստատել, որը հետագայում վերածվեց սիրավեպի, իսկ Ռամիրեզի համար` բանտում մերկ աղջկա նկար տեսնելու հնարավորության: Քելլին իր վերջին հարցազրույցում ասել է, որ երազում է չափահաս դառնալ, որպեսզի  գնա Ռիչարդին տեսնելու, ու համոզված է, որ իր հետ հանդիպելուց հետո սպանվածների մարմիններին սատանիստական պենտագրամմա դաջող, մարդկանց օրերով տանջամահ անող Ռամիրեզը կփոխվի, կդառնա լավը:

Ռիչարդ Ռամիրեզ

Գուցե հետաքրքրությունը սերիական մարդասպանների նկատմամբ կարելի է բացատրել Քելլիի տեսանկյունից. ուսումնասիրել, որպեսզի փոխես, ինչպես օրինակ, «Մեխանիկական նարինջ» ֆիլմի հերոսին փոխեցին ագրեսիվ ցանկությունները ճնշող դեղորայք ներարկելով` զրկելով սեփական ընտրության իրավունքից:

Գուցե մարդիկ ուսումնասիրում են մարդասպաններին, որպեսզի ավելի զգո՞ւյշ լինեն և կանխարգելե՞ն հետագայում նման մարդկանց ի հայտ գալը: Այդ հետաքրքրության պատճառը քիչ թե շատ հասկանալու համար պետք է հիշել դրա աղբյուրը` Ամերիկան, մի երկիր, որը զուրկ է մարդու հանգիստ կյանքի համար կարևոր գործոնից` դիցաբանությունից: Դրա պակասի պատճառով է, որ զանգվածային արվեստից են քաղվում ժամանակակից ամերիկյան լեգենդներն ու հերոսները` թագավոր Էլվիսը, սրբանկարիչ Էնդի Ուորհոլը, ատլանտների բացը լրացնում են կոմիքսային սուպերմեններն ու բեթմենները, ովքեր միշտ պատրաստ են փրկել մարդկանց, իսկ անտիհերոսի  դերն էլ միշտ պատրաստ են ստանձնել հեռուստացույցի առջև մեծացած  ամերիկացի պատանիները (թինէյջերները), ովքեր հագնում են 36 հոգի սպանած Չարլզ Մենսոնի նկարով շապիկներ, լսում դեդ-մեթալ ու կարծում, որ մարդասպանությունը խորը ստեղծագործական, փիլիսոփայական արարք է, որը մեզ նման «թշվառները» հազիվ թե հասկանան:

Գրեթե բոլոր ֆիլմերի վերջում սերիական մարդասպանները վերադառնում են` գերմանական էքսպրեսիոնիստների պես հիշեցնելով, որ միշտ պետք է զգոն ու զգույշ լինել:

Դիտվել է 2615 անգամ:
Print Friendly

Leave a Reply