Որքանո՞վ են մեծամասնական պատգամավորներն իրենց ընտրողների ձայնը լսելի դարձնում ԱԺ-ում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 18, 2012 13:05

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներ ԱԺ-ում ներկայացնում են իրենց ընտրած համայնքների ձայնը, շահերը: «Անկախն» ուսումնասիրել է այդ պատգամավորների գործունեությունն ԱԺ-ում  և հայտարարագրերը:

Այս նյութում կանդրադառնանք  Տավուշի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի  ներկայացուցիչ պատգամավորների գործունեությանը:

5 մարզերի ներկայացուցիչներից առավել ակտիվ է 30-րդ ընտրատեղամասը ներկայացնող, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ԱԺ  6-ամսյա գործունեության ընթացքում որևէ նիստից չի բացակայել, 2 անգամ ելույթ է ունեցել, 4 անգամ հարց բարձրացրել: Մարուքյանն ընդգրկված է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Էդմոն Մարուքյանը «Անշարժ գույք»  բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Վանաձորում:  Ունի 1 ավտոմեքենա (Հոնդա CR-V): Հաշվետու տարվա եկամուտը` շուրջ 2,5 մլն դրամ և 850 եվրո: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ որպես դրամական միջոց  ունեցել է  մոտ 350 հազար դրամ:  Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Ակտիվությամբ երկրորդ տեղում է 41-րդ ընտրատարածքը ներկայացնող, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:  Ընդգրկված է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:  Նա ունեցել է մեկ ելույթ և երկու հարց:  Հակոբյանն ընդամենը մեկ անգամ է բացակայել ԱԺ նիստերից, մշտապես մասնակցել է քվեարկություններին` կողմ քվեարկելով:

Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է 28 անշարժ գույք. շենք-շինություններ Երևանում և  Դիլիջանում, հողատարածքներ Տավուշի մարզում` մոտ 36 հա մակերեսով:
Ունի 4 ավտոմեքենա (ԲՄՎ-745, Մերսեդես-Բենց Տ500, ԶԱԶ-968-Մ, ՎԱԶ 21214),  բաժնեմաս 11 ընկերություններում, այդ թվում` «Երևանի գարեջուր»  ՓԲԸ-ում` 49.98%, «Դիլիջանի բեռնաուղևորատար»  ՓԲԸ-ում` 100%, «Կիլիկիա» ՍՊԸ-ում (ՌԴ)` 50%:
Տարեկան դրամական եկամուտը` մոտ 6,5 մլն դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1,9 մլրդ դրամ:

Հակոբյանը 41-րդ ընտրատարածքից ընտրվում է արդեն երկրորդ անգամ:

Ուշագրավ է  29-րդ ընտրատարածքը ներկայացնող Արկադի Համբարձումյանի հայտարարագիրը: Անկուսակցական պատգամավորը, որն ընդգրկված է ԱԺ ՀՀԿ խմբակցությունում , հայտարարագիր ներկայացնելիս ոչ մի գրառում չի կատարել «Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» , «Արժեթուղթ և այլ ներդրում»  և «Թեկնածուի թանկարժեք գույք»  բաժիններում: Բայց նշել է, որ տարեկան եկամուտը 112 մլն դրամ է, որը գոյանում է նվիրատվություններից և պատգամավորի աշխատավարձից:

Համբարձումյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք. 1 բնակելի տուն և 1 շենք-շինություն  և 4 հողամաս:
Համբարձումյանը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարցեր և ելույթներ չի ունեցել: Նիստերից բացակայել է 11 անգամ:

Նշենք, որ Համբարձումյանը 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` ՕԵԿ ցուցակով: 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարան է մուտք գործել արդեն մեծամասնական ընտրակարգով` 29-րդ ընտրատարածքից:

Աղքատիկ է նաև 37-րդ ընտրատարածքը ներկայացնող, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի հայտարարագիրը:  Նրա ողջ ունեցվածքն ընդամենը մեկ բնակարան է, այն էլ Գորիսում: Գրիգորյանը չունի ո՛չ թանկարժեք գույք, ո՛չ մեքենա, ո՛չ էլ անգամ դրամական միջոցներ ու եկամուտ:

ԱԺ նիստերից Գրիգորյանը չի բացակայել, մեկ անգամ դեմ է քվերակել, մնացած դեպքերում` կողմ:  Այս ընթացքում որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, ակտիվություն չի ցուցաբերել:  Նշենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ն Գրիգորյանի պատգամավորական առաջին փորձն է:

Իսկ ահա 38-րդ ընտրատարածքը ներկայացնող Վահե Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, 4 բնակելի, 6 շենք-շինություն Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս: Հայտարարագրել է  6 ավտոմեքենա, որոնցից  երեքը` Porsche Panamera , Porsche Gayene և Volkswagen Golf` թողարկված 2011 թ.: Տարեկան եկամուտը կազմել է  մոտ 1,5 մլրդ  դրամ:  Դրամական միջոցները մարտ ամսվա  դրությամբ` 1 մլրդ 270 մլն դրամ:

ՀՀԿ-ական Հակոբյանը նիստերից բացակայել է 5 անգամ, 10 անգամ էլ ներկա է եղել, սակայն չի մասնակցել քվեարկությանը:

Ակտիվությամբ աչքի չի ընկնում նաև 33-րդ ընտրատարածքը ներկայացնող, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, չնայած նա բացակայություններ չունի, քվեարկություններին մասնակցելիս էլ հիմնականում կողմ է քվեարկել:

Աղաբաբյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք. 1 բնակարան Երևանում, 1 բնակելի տուն, 1 վարչական շենք և 1 հյուրանոց Շիրակի մարզում, ինչպես նաև 5 ավտոմեքենա: Տարեկան եկամուտը` 829 մլն դրամ, դրամական միջոցները մարտի դրությամբ` 200 մլն դրամ: Ունի 100% բաժնեմաս «Հրազդան» ՓԲԸ-ում և «Եվրոպարկ» առևտրի կենտրոնում:

Ուշագրավ է 34-րդ ընտրատեղամասի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հայտարարագիրը. նա հայտարարագրել է նաև պարիսպ և  նկուղ, ինչպես նաև 3 անշարժ գույք` 1 բնակելի տուն Գյումրիում և  2 հողամաս: Ունի 2 ավտոմեքենա: «Տրանս Ակնթարթ»  ՍՊԸ-ում ունի 50 % բաժնեմաս:

Տարեկան եկամուտը` 7,3 մլն դրամ: Մարտի դրությամբ դրամական միջոցները կազմել են 168 մլն դրամ:

ԱԺ-ում ակտիվություն չի ցուցաբերել, չնայած ընդամենը մեկ անգամ է բացակայել: 34-րդ ընտրատարածքից երկրորդ անգամ է պատգամավոր ընտրվում:

Բացակայությունների քանակով է աչքի ընկնում 36-րդ ընտրատեղամասի պատգամավոր, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը. 14 անգամ բացակայել է նիստերից, 12 անգամ էլ ներկա է եղել, սակայն չի մասնակցել քվեարկությանը: Չունի նաև նախաձեռնություններ, հարցեր և ելույթներ:

Մուշեղ Պետոյանը հայտարարագրել է 10 անշարժ գույք, որից 6-ը` շենք և շինություն, 4-ը` հողամաս: Հայտարարագրել է բեռնատար և մարդատար 7 ավտոմեքենա:  Տարեկան եկամուտը հաշվետու տարում  կազմել է մոտ 24 մլն դրամ դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն դրամ և 60 հազ. դոլար:
Ունի 50% և 23% բաժնեմաս` համապատասխանաբար «Մուշ-Կոլ» և «Արթ-Կան» ՍՊԸ-ներում:

Պետոյանը ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դարձել 2011-ին, իսկ 5-րդ գումարման ԱԺ-ում ընդգրկվել է մեծամասնականով:

ԱԺ նիստերից 13 անգամ է բացակայել 32-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը: Նիստերին ներկա լինելու   դեպքում, սակայն, Կարապետյանը մասնակցել է քվեարկություններին` հիմնականում կողմ արտահայտվելով  քննարկվող օրենսդրական նախագծերին: Կարապետյանը ևս այս ընթացքում նախաձեռնությամբ հանդես չի եկել, ելույթներ և հարցեր չի ունեցել: Նա պատգամավոր է սկսած 1995-ից: 2007-ին ԱԺ է անցել ՀՀԿ համամասնական ցուցակում, մնացած դեպքերում ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:

Նշենք, որ Կարապետյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: «Արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ում և «Տաշիր ինվեստ գրուպ»  ՓԲԸ-ում ունի 33.15 % և 15% բաժնեմաս: Մարտի դրությամբ ունեցել է 180 մլն դրամ և 189 հազար դոլար դրամական միջոց, տարեկան եկամուտը` 89 մլն դրամ:

ԱԺ նիստերից 8 անգամ բացակայել է, 10 անգամ էլ քվեարկությանը չի մասնակցել 39-րդ ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը: Նա ևս որևէ ակտիվություն չի ցուցաբերել:

2003-ից պատգամավոր է: 2 անգամ  ԱԺ է անցել ՀՀԿ համամասնական ցուցակով, 5-րդ գումարման ԱԺ` մեծամասնական ընտրակարգով:

Աշոտ Արսենյանը «Անշարժ գույք»  բաժնում հայտարարագրել է 4 շենք և շինություն և  2 հողամաս Երևանում ու Վայոց ձորում:  Ունի 1 ավտոմեքենա` Toyota Camry:

Հաշվետու տարվա եկամուտը` 100, 3  մլն դրամ (3 մլն 141հազ. 600 դրամը ՝ պատգամավորի աշխատավարձ, 97 մլն 129 հազարը՝ շահաբաժին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից): Չնայած Արսենյանը «Ջերմուկ Գրուպից» եկամուտ է ստանում, սական, ըստ հայտարարագրի, վերջինս  արժեթղթեր և ներդրումներ չունի:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 150 մլն ՀՀ դրամ, 100 հազ. ԱՄՆ դոլար, 500 հազ. եվրո:

31-րդ ընտրատարածքից ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյանը նիստերից բացակայել է 8 անգամ, սակայն ներկայության դեպքում մասնակցել է քվեարկություններին` հիմնականում կողմ արտահայտվելով:  Որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Ելույթներ և հարցեր չի ունեցել:

Կարեն Սարիբեկյանը հայտարարագրել է 1 բնակարան` 69.3 քմ և 1 ավտոտնակ` 27.4 քմ մակերեսով: Ունի 1 ավտոմեքենա` Lexus LX 470 մակնիշի:

Տարեկան եկամուտը 2 մլն 746 հազ. 500 դրամ է` կազմված բացառապես պատգամավորի աշխատավարձից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 45 մլն  դրամ:

Արժեթուղթ և թանկարժեք գույք չի հայտարարագրել:

Նշենք, որ Սարիբեկյանը պատգամավոր է սկսած 2007-ից: Երկու անգամն էլ մեծամասնական ընտրակարգով է ԱԺ անցել 31-րդ ընտրատարածքից:

6 բացակա ունի 40-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ, անկուսակցական Մարինե Մարաբյանը, որը ՀՀԿ խմբակցությունում է ընդգրկված: Ակտիվություն և նախաձեռնություններ չունի: Մեծամասամբ կողմ է քվեարկել:

Մարինե Մարաբյանը «Անշարժ գույք»  բաժնում հայտարարագրել է 2 բնակարան` 141.1 քմ ընդհանուր մակերեսով:

Հաշվետու տարվա եկամուտը` շուրջ 30, 3 մլն   դրամ:  Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 40 մլն ՀՀ դրամ և 145 հազ. ԱՄՆ դոլար:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Հաջորդ համարում «Անկախը» կներկայացնի նաև մյուս մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ակտիվությունը ԱԺ-ում:

Նյութը պատրաստելիս հիմնվել ենք parliamentmonotoring.am  և parliament.am կայքերում առկա տեղեկությունների վրա:

Դիտվել է 1965 անգամ:
Print Friendly

Leave a Reply