Ի՞նչ է ընդդատությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 20, 2012 7:01

Քաղաքացիական դատավարությունում առկա է ինչպես քաղաքացիական գործերի, այնպես էլ միևնույն օղակի տարբեր դատարանների ընդդատություն: Որոշել գործի ընդդատությունը նշանակում է պարզել, թե Հայաստանում գործող բազմաթիվ դատարաններից որում պետք է քննվի այս կամ այն գործը: Իսկ այս կամ այն դատարանի ընդդատությունը որոշելը նշանակում է պարզել, թե կոնկրետ որ քաղաքացիական գործերը, ըստ էության, կարող են քննվել տվյալ դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իսկ ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները:

Դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

Քաղաքացիական գործի դատական ենթակայությունը որոշելուց անմիջապես հետո հայցադիմումն (դիմումն) ընդունող դատավորը պետք է պարզի, թե տվյալ գործն ընդդատյա՞ է արդյոք այն դատարանին, որը սպասարկում է ինքը: Եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, ապա դատավորը վերադարձնում է հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը:

Ընդդատության հարցն ավելի հրատապ է դառնում, երբ հայցվորի և պատասխանողի բնակության վայրերը տարբեր են, այսինքն` տարածքային առումով նրանք իրար մոտ չեն ու այստեղ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, թե որ դատարանին է ընդդատյա տվյալ քաղաքացիական գործը: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ քաղաքացիական դատավարության 83-րդ հոդվածը: Այսպես, տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:

Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան:

Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:

Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:

Հնարավոր է նաև ընդդատության փոփոխում կողմերի համաձայնությամբ, սակայն դա տեղի է ունենում կոնկրետ դեպքերում ու մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը:

Քաղաքացիական դատավարությունում կիրառվում է նաև բացառիկ ընդդատություն: Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:

Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:

Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:

Իսկ ինչ վերաբերում է վճարման կարգադրություն արձակելու գործին, ապա այն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3480 անգամ:
Print Friendly

Leave a Reply