Աշխատանքային միգրացիան` գոյատևելու միջոց

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 17, 2012 13:55

Ինչու՞ են արտերկրում ոտնահարվում  միգրանտների իրավունքները

 Միգրացիան այն երևույթն է, որից ապահովագրված չէ և ոչ մի երկիր: Երկրի տնտեսական անկայունությունը հանգեցնում է գործազրկության աճի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է աշխատանքային միգրացիայի:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասի երկրներից մեծ արտագաղթ տեղի ունեցավ օրինական և անօրինական ճանապարհներով արտասահմանում աշխատանք փնտրելու նպատակով: Այս տարածաշրջանի միգրանտների համար հիմնական ընդունող երկրներն են ՌԴ-ն, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հունաստանը, Իտալիան, Լեհաստանը և Չեխիան:

Հայաստանն այսօր հանդիսանում է աշխատուժ արտահանող երկիր

Մեզանում հստակ վիճակագրական տվյալներ չկան, թե տարեկան որքան միգրանտ է աշխատանքի նպատակով արտերկիր տեղափոխվում, քանի որ նրանցից շատերը մեկնում են անօրինական ճանապարհով` առանց գործատուի հետ հստակ հաղորդակցման և աշխատանքային պայմանագրի առկայության, ինչը բավական մեծացնում է միգրանտների շահերի ոտնահարման և շահագործվելու վտանգը:

 Արտերկրում աշխատանքային պայմանների մասին վստահելի աղբյուրներից իրազեկված լինելու պակասը, ինչպես նաև օրինական միգրացիայի հնարավորությունների սղությունը նպաստում են միգրանտների խոցելիությանը: Գործատուները կամ հենց թրաֆիքինգի կազմակերպիչները մարդկանց խոստանում են արտերկրում շահավետ աշխատանք , որը կա՛մ չկա, կա՛մ շատ հեռու է իրականությունից: Անբարեխիղճ գործատուներն այս եղանակով փորձում են  բարձր եկամուտներ կորզել միգրանտներից` շահագործման ենթարկելով նրանց: Իսկ վերջիններս էլ` անտեղյակ լինելով իրենց իսկ իրավունքների մասին, վախենում են իրականությունը բացահայտելուց և նախընտրում են մնալ ստվերում: Եվ երբեմն դժվար է տարբերակել աշխատանքային թրաֆիքինգը և ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող պայմաններում աշխատանքը:

Ի՞նչ է արվում այս առումով  քաղաքացիների զգոնությունը մեծացնելու ուղղությամբ, ի՞նչ մեխանիզմներ են գործում միգրացիոն քաղաքականության ոլորտում, և առհասարակ ի՞նչ գործընթացներ են իրականացվում աշխատանքային միգրացիոն հոսքերը կանոնակարգելու ուղղությամբ:

2011-ից անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական գործակալության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանի համոզմամբ, թրաֆիքինգը և նման երևույթները նախկին հայեցակարգերում ավելի թույլ էին արտահայտված: Նոր հայեցակարգում առանձնացված են 14 առաջնահերթ խնդիրներ, և անցած տարվա նոյեմբեր ամսին ընդունվել է հայեցակարգից բխող  2012- 2016 թթ. գործողությունների ծրագիրը: Մատնացույց են արվել կոնկրետ գործողություններ, և նշվել է դրանք իրականացնող իրավասու մարմինների շրջանակը: Փոփոխությունները, որոնք առաջարկված են հայեցակարգում, կարող են նպաստել երկրից սկիզբ առնող անօրինական միգրացիայի կանխարգելմանը և որոշակի օրինական հիմունքներ ստեղծել` ընդլայնելու քաղաքացիների օրինական զբաղվածությունն արտերկրում և լուծելու որոշ խնդիրներ` կապված նրանց վերադարձի հետ: Համբարձում Աբրահամյանի համոզմամբ, բավական լուրջ խնդիր է նրանց վերադարձի ապահովումը և հասարակության մեջ նրանց  լիարժեք վերաինտեգրումը: Նա հարկ համարեց հիշեցնել, որ մինչև 2002 թ. բոլոր աշխատանքային գործակալությունները ենթակա էին լիցենզավորման: Այն ժամանակ ՀՀ-ում գործում էին մոտ  20 լիցենզավորված կազմակերպություններ, որոնք զբաղվում էին  աշխատանքի տեղավորման և օտարերկրյա պետություններում աշխատաքային ծառայությունների մատուցմամբ: 2002-ից հետո, լիցենզավորման մասին նոր օրենքով հանվեց լիցենզիա ստանալու նրանց պարտավորությունը, և այժմ այդ կազմակերպություններն ազատ են` զբաղվելու այդ գործունեությամբ առանց պետական թույլտվության: Այս հանգամանքն էլ ստեղծում է վտանգներ միգրանտների իրավունքների խախտման  տեսանկյունից:

 «Որպես լուծում` մեր գործողությունների ծրագրով նախատեսվում է այդ գործակալությունների վերահսկման և մոնիթորինգի իրականացման որոշակի ձևեր մշակել: Կարող են ընդունվել վերահսկման այն մեխանիզմները, որոնք միջազգայնորեն ճանաչված են: Կառավարության շահագրգիռ մարմինների քննարկման արդյունքում կորոշվի, թե մոնիթորնիգի որ ձևերն են գործելու` երկու կողմերի համար առավել արդյունավետ տարբերակով»,- տեղեկացրեց Համբարձում Աբրահամյանը: Ըստ նրա` անօրինական միգրացիայի կանխարգելման ամենակարևոր միջոցներից են տեղեկատվությունը և  քարոզչությունը հանրության շրջանում, ինչի շնորհիվ  մեկնելուց առաջ միգրանտը տեղյակ կլինի տվյալ երկրի օրենսդրությանն ու անհրաժեշտ պահանջներին և զերծ կմնա անօրինական միգրանտի կարգավիճակից ու դրանից բխող հետևանքներից: «Ցանկացած քաղաքացի արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ պետք է աշխատանքային պայմանագիր կնքի գործատուի հետ, որպեսզի արդյունքում միգրանտը տվյալ երկրի քաղաքացուն համահավասար իրավունքներ ունենա դատական պաշտպանությունից օգտվելու համար: Հակառակ դեպքում, լիարժեք չի լինի նրա իրավական պաշտպանվածությունը»,-  համոզված է նա:

Մեկ այլ զրուցակցի`  ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի հարցերով պետի տեղակալ Գարիկ Սահակյանի հավաստմամբ, այն գործակալությունները, որոնք աշխատուժ են արտահանում արտերկիր, օրենսդրորեն պարտավորություններ չունեն և նույնիսկ ներքին շուկայում լիցենզավորված չեն: Երբ քաղաքացին արտերկրում աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, և ոտնահարվում են նրա իրավունքները, նա պետք է իրավապահ մարմիններին դիմի, ինչը  հազվադեպ է պատահում` խոչընդոտելով նման դեպքերի բացահայտումը:

Գարիկ Սահակյանը կարծում է, որ ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է միջպետական համաձայնագրեր կնքել միգրանտ ընդունող երկրների հետ: «Ուսումնասիրելով միջազգային տարբեր երկրների փորձը` կարող եմ ասել, որ աջակցության առաջին օղակը աշխատանքային կցորդների ինստիտուտի ներդրումն է և այդ երկրներում աշխատանքային օրենսդրությունն ուսումնասիրելը: Այս գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի պաշտպանել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքները: Կցորդները հանդիսանում են նաև կապող օղակ գործատուների և քաղաքացիների միջև: Նման պայմանագիր, ի դեպ, Հայաստանն ունի ՌԴ-ի հետ»:

Երկու տարվա ընթացքում զբաղվածության պետական գործակալությունը ստեղծել է միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք տեղակայված են ՀՀ մարզային տարածքային կենտրոններում և նպատակ ունեն հետագայում ընդլայնելու իրենց գործունեությունը հանրապետության ողջ տարածքում: ՀՀ քաղաքացիներին իրազեկելու առաջին քայլն արդեն ձեռնարկված  է:

Այն երկրները, որոնք զբաղվում են աշխատանքային միգրացիայով և աշխատուժ են արտահանում այլ երկրներ, ունեն աշխատանքային կցորդներ, որոնք իրենց ներկայացուցիչներն ունեն նաև մեր երկրի դեսպանատներում: Կցորդները  զբաղվում են միգրանտների աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրների լուծմամբ, ինչպես նաև գործատուների հետ համապատախան թափուր աշխատատեղեր գտնելու գործընթացով:

Միջոցառումների այս ծրագիրը նախատեսված է կյանքի կոչել առաջիկա տարիներին` մինչև 2016 թ.:

Լ.Ն.  

 

 

Դիտվել է 1900 անգամ:
Print Friendly

Leave a Reply