Անաստասիա Դավթյան. «Գաղութը չի որոշում՝ ինչպիսի մարդ ես դու»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 17, 2012 7:20

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն արդեն 12 տարեկան է: ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանը հիշում է լավ ու վատ ժամանակները և ասում է՝ տարիներն ապացուցեցին, որ այսօր արդյունք ունենք

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

Կալանավորներին աշխատանքով ապահովելու, նաև նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով 2001-ի սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Գրիգոր Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կազմակերպվում դատապարտյալների աշխատանքը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում:

– Ասեմ, որ դատապարտյալները հիմնականում աշխատում են կամավոր: Կան դատապարտյալներ, որոնք աշխատելու ցանկություն չեն ունենում, կան և այնպիսիք, որոնց դատվածության հոդվածը հնարավորություն չի տալիս, որպեսզի նրանց ընդգրկենք համապատասխան աշխատանքներում:

Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Աշխատավարձի չափը սահմանվում է ըստ մասնագիտական հմտությունների և աշխատանքային ծանրության: Օրինակ՝ տրիկոտաժի արտադրության մեջ աշխատողներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գյուղատնտեսության կամ անասնապահության մեջ աշխատողները, գորգագործ դատապարտյալների աշխատավարձն ավելի բարձր է, քան, ասենք, անկողնային պարագաներ կարողներինը:

Փորձում ենք դատապարտյալների աշխատավարձը հնարավորինս մոտեցնել հանրապետությունում միջին ամսական աշխատավարձին: Ու այսօր պետք է ասեմ, որ քրեակատարողական հիմնարկներում չկա մի աշխատող, որը ստանում է 32.500 դրամից պակաս աշխատավարձ: Անկեղծ եմ ասում` մինչև դատապարտյալն իր աշխատավարձը չի ստանում, հիմնադրամի տնօրինությունն աշխատավարձ չի ստանում,- նշում է պրն Մանուկյանը:

«Անկախի» այն հարցին, թե ինչպես են ապահովվում դատապարտյալների աշխատանքային իրավունքները, ասում է.

– Հիմնադրամը որևէ դատապարտյալի ստիպողաբար չի աշխատեցնում: Նրանք աշխատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և օրենքներով: Իսկ դատապարտյալների աշխատանքային իրավունքներն ապահովվում են քրեակատարողական հիմնարկի համապատասխան ղեկավարության, ինչպես նաև հիմնադրամի իրավաբանի և համապատասխան մասնաճյուղերի տնօրենների միջոցով: Դատապարտյալը նախապես ծանոթանում է աշխատանքի պայմաններին, հետո միայն ցանկության դեպքում ստորագրում պայմանագիրը և անցնում աշխատանքային պարտականությունները կատարելուն: Կան «բաց տիպի» դատապարտյալներ, որոնց աշխատավարձը կարողանում ենք տալ անձամբ իրենց, իսկ ուղղիչ-աշխատանքային գաղութում գտնվողների աշխատավարձը փոխանցվում է նրանց բանկային հաշվին:

Գրիգոր Մանուկյանը տալիս է 12-ամյա հիմնադրամի արդյունավետության գնահատականը.

– Ընդհանուր գնահատմամբ հիմնադրամն այսօր իսկապես անհրաժեշտություն է դատապարտյալի, նրա հոգսերն ու կարիքները թեթևացնելու համար: Բայց հիմնադրամի գործունեությունը լիարժեք արդյունավետ կգնահատեմ այն ժամանակ, երբ կարողանանք դատապարտյալների գոնե 50 տոկոսին` 2000-2500 մարդու բավարարել աշխատանքով: Այդ ժամանակ կմտածեմ, որ կառույցում իսկապես լավ գործ է արվում:

ՀԻՄՆԱԴՐԱՄՆ  ՈՒՆԻ  8 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանն այսօր ուրախությամբ է նշում, որ արդեն հասցրել են 8 մասնաճյուղ բացել: Խնդրեցինք համառոտ նկարագրել, թե որ մասնաճյուղում հիմնականում ինչով են զբաղվում դատապարտյալները:

– Օրինակ՝ Ախուրյանում դատապարտյալները հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Քանի որ քրեակատարողական հիմնարկների հացի ամբողջական մատակարարումը կատարում է հիմնադրամը, այս տարի Ախուրյանի մասնաճյուղում ցանել ենք շուրջ 25 հա ցորեն: Այն ինչ-որ չափով կթեթևացնի ալյուրի ձեռքբերման խնդիրը: Հացի մատակարարումն էլ ավելի էժան կլինի:

Իսկ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում հենց ներսում մակարոնի արտադրամաս է հիմնվել: Այնտեղ, ճիշտ է, ընդամենը երեք դատապարտյալ է աշխատում, սակայն նրանք կարողանում են մակարոնով ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկներին:

Արթիկի մասնաճյուղում դատապարտյալները զբաղվում են հացաթխմամբ:

Էրեբունիում վերանորոգվեց և վերաբացվեց բետոնե սալիկների արտադրամասը, որտեղ 5-6 դատապարտյալ է աշխատում: Մեղրիի մասնաճյուղում, եթե ամեն տարի աշխատում էր 9-10 դատապարտյալ, ապա այս տարի այգիների խնամքը բարելավելու համար նրանց թիվն ավելացրինք ևս 10-ով: Այս դատապարտյալների աշխատանքի շնորհիվ արտադրվեց շուրջ 7 տոննա թզի ջեմ, որը հանձնվեց քրեակատարողական վարչությանը: Սևանի մասնաճյուղում ևս զբաղվում են անասնապահությամբ: «Աբովյանի» մասնաճյուղում աշխատում է 63 դատապարտյալ, որոնք ընդգրկված են գորգագործության, տրիկոտաժի արտադրության, գյուղատնտեսության և անասնապահության աշխատանքներում:

Դատապարտյալները զբաղվում են նաև ստեղծագործական աշխատանքներով: Առիթից օգտվելով` մեր քաղաքացիներին կխնդրեի սատար կանգնել ստեղծագործող դատապարտյալներին: «Վերնիսաժում» ունենք տաղավար, որտեղ վաճառվում է դատապարտյալների ձեռքի աշխատանքը: Տաղավարի վրա այդպես էլ գրված է՝ «Դատապարտյալների ձեռքի աշխատանք»: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնել այդ աշխատանքները, նրանք իրենց գնած յուրաքանչյուր ապրանքով կնպաստեն դատապարտյալի համար ևս մեկ աշխատատեղի բացմանը:

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ «ԱԲՈՎՅԱՆՈՒՄ»

«Աբովյանի» կանանց քրեակատարողական հիմնարկում այսօր կա մոտ 140 ազատազրկված: Նրանցից մեկն էլ մեր հերոսուհին է՝ Անաստասիա Դավթյանը: Նա երկար-բարակ չի ցանկանում պատմել, թե ինչպես և ինչու է անազատության մեջ: Փոխարենը սիրով պատմում է իր աշխատանքներից: Աշխատում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գորգագործության բաժնում:

Մեր այն հարցին՝ այստե՞ղ ես սովորել, Անաստասիան ասում է.

– Գորգագործություն ինչ-որ չափով դրսում իմացել եմ, էստեղ ավելի կատարելագործել եմ: Առաջին անգամ երբ էկա հիմնադրամի էս մասնաշենքը, 2011-ի հոկտեմբեր ամիսն էր, հետո որոշ ժամանակ աշխատելուց հետո դուրս էկա, նորից ստեղ եմ: Հիմա, օրինակ, պատրաստում եմ Ակադեմիական թատրոնին նվիրված գորգը: Գլխավոր մասում Ակադեմիական թատրոնի շենքն է պատկերված: Գունային առումով ինքս եմ ընտրում, ինքս եմ գծագրում, օրինակ` իմ աշխատանքներից են  «Գառնին», «Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին»: Ինչպես գիտեք, գորգագործությունն արվեստի հին ճյուղերից ա, փորձում եմ զարգացնել էսքիզները:

Մեր հերոսուհին վերջերս էլ ցուցահանդես է ունեցել գաղութում, գորգագործությունից բացի, նաև նկարում է: Մեր այն հարցին, թե՝ երբ դուրս կգա այստեղից, կշարունակի արդյոք գորգագործությամբ կամ նկարչությամբ զբաղվել, ասում է.

– Հա, անպայման: Սա կյանքից մի հատված ա, որ գալիս ենք էստեղ ու ամեն ինչ չի, որ կտրվում ա էս վայրում գտնվելով: Էս զբաղմունքը շատ ա օգնում կտրվելու էն ամենից, ինչի մեջ ես: Գիտես, վայրը չի որոշում, ինչպիսի մարդ ես դու, այլ աշխատանքը: Օրինակ՝ գեղեցիկը արվեստի մեջ ներդնելով` դու կտրվում ես էս առօրյա հոգսերից, խնդիրներից: Ինչ-որ չափով ինքդ քեզ ես ներկայացնում արվեստի մեջ:Շատ, շատ ա օգնում,- նշում է անազատ կինը:

Անաստասիան խոսելու ընթացքում աշխատում էր, աշխատում ու պատմում: Հարցրինք, թե արդյոք, մասնագիտություն ունի՞:

– Իհարկե, ունեմ, բարձրագույն կրթություն: Սովորել եմ Մաշտոցի համալսարանում՝ հագուստի մոդելավորման և դիզայնի ֆակուլտետում: Կողքից էլի նկարչական խմբակներ հաճախել եմ: Ի դեպ, ինքնուս սովորել եմ անգլերեն ու հիմա բավական նորմալ տիրապետում եմ: Ես, իրոք, շնորհակալ եմ մեր ղեկավարությանը, մեր հիմնարկի պետին՝ պրն Սարգսյանին, որ թույլ են տալիս, միջոցներ են ձեռնարկում, որ կարողանանք աշխատել, որովհետև կոնկրետ մեր գաղութում ունենք աշխատանք, զբաղվածություն, որը մարդկանց առօրյա հոգսերից կտրվելու, տարանջատվելու միջոց ա:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

 

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի աջակցությամբ դատապարտյալները, աշխատելուց բացի, ցանկության դեպքում, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունեն:

– Դասավանդումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներում, շաբաթական երկու օր,- ասաց հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանն ու շարունակեց,- ուսումնական հաստատությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր, 77 դատապարտյալներ, այդ թվում` 27-ը անչափահասներ, սկսել են դասընթացներն ու ուսումը:

Դատապարտյալներին կրթության հնարավորություն տալու հիմնական նպատակն այն է, որ ազատազրկումից հետո կարողանան աշխատել և պահել իրենց ընտանիքները: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենը վստահ է, որ նախկինում դատված լինելու հանգամանքը չի կարող խանգարել քաղաքացուն աշխատանք ձեռք բերելու հարցում, քանի որ լավ մասնագետի կարիք միշտ էլ կա:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 2914 անգամ:
Print Friendly

Leave a Reply