Համալսարանի հասակակիցները հնազանդ` հանճարի ձայնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 16, 2012 16:18

1991 թե 1992  թվականն էր, լավ չեմ հիշում: Բայց ամսաթիվը` սեպտեմբերի 17-ը, լավ եմ հիշում, քանզի 1974 թ. այդ օրն եմ համակուրսեցիներիս հետ Խ. Աբովյանի տուն-թանգարանի բակում մասնակցել մանկավարժականի առաջին կուրսեցիների երդման ավանդական արարողությանը: Այդ օրը երբեք չեմ մոռանում, երդման տեքստն էլ պահում եմ որպես սուրբ մասունք:

Ահա 1991-ի թե 1992-ի սեպտեմբերի 17-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի այժմյան վարչական շենքի մուտքի մոտ հանդիպեցի ընկերոջս` մանկավարժական համալսարանի տարեգրքում հարուստ էջեր արձանագրած լեզվաբան Ջահանգիր Քոչինյանի որդուն` համալսարանի պրակտիկայի բաժնի վարիչ  Հարություն Քոչինյանին: Հարցուփորձից հետո նա դիմեց ինձ.

– Մոտենանք լոռեցիներին:

Ասաց ու ուղղորդեց դեպի կից մասնաշենքի (բարձրահարկի) մուտքը:

… Ջերմ զրուցում էին այսօր արդեն երջանկահիշատակ այրեր Ադամ Մաշինյանը, Յուրի Երզնկյանը, Վարշամ Ավետյանը, Հայկազ Մուրադյանը և Ալբերտ Փարսադանյանը. բոլորն էլ` լոռեցիներ:

Ծանոթ չէի միայն Յուրի Երզնկյանին: Ծանոթացանք վաղեմի հարազատի պես, ու արդեն քանի անգամ եմ ափսոսել, որ այդ օրը, այդ անմոռանալի պահը լուսանկարելու հնարավորություն չեմ ունեցել: Յուրի Երզնկյանին դրանից հետո երկու ագամ էլ Հաղպատում եմ հանդիպել ու ամեն անգամ բաժանումի պահին նույն զգացողությունն եմ ունեցել:

Վերջերս այդ հեռավոր հանդիպման մանրամասները վերհիշեցի համալսարանի 90-ամյակի տոնակատարության առթիվ և ուզեցի բարձրաձայնել, որ իմ հայրենակիցներից երկուսը` Յուրի Երզնկյանը և Ադամ Մաշինյանը, համալսարանի հասակակիցներ են, ծնվել են 1922 թ., անվանի կինոռեժիսորը` Թբիլիսիում, իսկ նկարիչ-մանկավարժը` Լոռվա Շնողում: Հետո երկուսն էլ ուկնդիր են դարձել հանճարի ձայնին ու անմնացորդ նվիրվել հայ ազգային մշակույթին ու նաև կրթության ազգանվեր գործին: Այդ հեռավոր օրվա զրույցից ամենաազդեցիկը Յուրի Երզնկյանի խոհ-հարցադրումն էր Ադամ Մաշինյանին. «Նկարիր Լոռվա բնաշխարհի ցանկացած պատառիկ և կներկայանաս որպես հրաշագործ, քանզի նկարածդ կլինի հրաշք»:

Եվ սա ասում էր նա, որ արդեն Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանել էր «Այս կանաչ-կարմիր աշխարհը» ֆիլմը` օգտագործելով նաև Լոռվա ձեռակերտ ու անձեռակերտ հրաշքները, կարողացել էր դիտողին հաղորդել Բակունցյան ոգին ու նաև  իր սիրո ջերմությունը հայրենի եզերքի հանդեպ: Դստեր` Անետա Երզնկյանի հավաստմամբ` դա ռեժիսորի սիրելի ֆիլմն էր:

Վերջերս «Կինոաշուն 2012» փառատոնի շրջանակներում Ալավերդու մշակույթի պալատում ուկնդիրը դարձա անվանի ռեժիսորի 90-ամյակը նշանավորող երեկոյի, լսեցի գրող հրապարակախոս Մարտին Հուրիխանյանի, ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի, պետական մրցանակի եռակի դափնեկիր, հանրահայտ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի և կինոքննադատ Անետա Երզնկյանի և այլոց հուշերը, դիտեցի նրա «Խաթաբալա» ֆիլմը: Միանգամից ունեցա նույն զգացողությունը, ինչ զգացել էի տարիներ առաջ, երբ այցելել էի նկարիչ Ադամ Մաշինյանի արվեստանոց-բնակարանը, որտեղ պատերին, հատակին, առաստաղին, անգամ ձեղնահարկում արվեստի ավելի քան կեսդարյա ստեղծագործական տքնանքով ծնված գործեր էին, արվեստի վեհացնող բերկրանք պարգևող գունաշխարհ: Էլի Ավ. Իսահակյանի  ժամանակին արված խոստովանությունը հիշեցի. «Երբ այցելեցի պանթեոն, ինձ զգում էի երկրից վերացած, թեթևացած, եթերացած, հիացած, վեհացած»:

Ես իրոք երկու դեպքում էլ հենց այդ զգացողությամբ էի:

… Դառն է եղել երկուսի մանկությունն էլ: Այդ ժամանակների համար` սովորական: 1937 թ. Շնողից աքսորել են բարության սերմնացան Ղազար Մաշինյանին, իսկ Երևանում բանտարկել պետական-հասարակական գործիչ Արամայիս Երզնկյանին, որ հետո պիտի արդարացվեր ու ներկայացվեր որպես մարդ, որ դարձել է լեգենդ դեռ կենդանության օրոք:

Յուրի Երզնկյան, Ադամ Մաշինյան:

Նրանց ոտնահետքերը դեռ պահպանվում են մանկավարժականում: Նկարիչը ավելի քան 40 տարի իր արվեստն է փոխանցել բազում սաների, ինքն էլ մասնակցել հանրապետական և միջազգային բազում ցուցահանդեսների, նաև անհատական ցուցահանդեսներ բացել, գրքեր նկարազարդել, մասնագիտական հոդվածներ հրապարակել, իսկ ռեժիսորը ոչ միայն 25 տարուց ավելի մասնագիտական ամբիոն է ղեկավարել, այլև 1990-ին բացել է կինեմատոգրաֆիայի բաժին, մասնագիտություն, որ այդ տարիներին ուսուցանում էին միայն Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում: Նա հասցնում էր ֆիլմեր նկարել, հոդվածներ, գրքեր գրել ու նաև խմբագրել «Կինո» թերթը: Նրանց վիճակված էր մանկավարժների դաբնոցի` այսօր արդեն 90-ամյա կրթօջախի (և ոչ միայն նրա) դափնեպսակին իրենց «ադամանդը» բերել, մեկը` գույների խաղով, մյուսը` օբյեկտիվի անաչառ զգացողությամբ և մտքի թռիչքով, մի դեպքում` մաշինյանական, մյուս դեպքում` երզնկյանական ներշնչանքով, բայց երկու դեպքում էլ անսահման նվիրումով:

…Ասում են`  արվեստի իսկական գործերը տարածություն և ժամանակ չեն ճանաչում: Հավերժի ճամփորդներ են նրանց շատ գործեր, իսկ հետնորդները նրանց սաներն են ու նաև զավակները` նկարիչներ Ռուբեն ու Գոհար Մաշինյանները, կինոարվեստի նվիրյալներ Անետա և Ռուբեն Երզնկյանները:

Հերթում սերունդներն են:

Արվեստի բոլոր երկրպագուների հետ կրկնում եմ, որ արվեստի նվիրյալները չեն մեռնում. հեռանում, բայց հավերժանում են:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական համալսարանի

ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի

1979 թ. շրջանավարտ

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply