Սկիզբ է առնում մի նոր սառը պատերազմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 14, 2012 16:12

Դեկտեմբերի 3-5-ը կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ստամբուլ, որը սպասվում էր դեռևս հոկտեմբեր ամսին: Սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն էր վերջին երկու ամիսների ընթացքում: Պուտինը բանակցություններ վարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես և լինում է պաշտոնական այցերի ժամանակ, կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր` տնտեսական, երկկողմ հարաբերություններին վերաբերող և այլն: Բայց մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում բոլոր քննարկված հարցերից երկուսը: Նախ` ռուսական կողմի` Թուրքիայում կառուցվող նոր ատոմակայանի «շեֆությունը» ստանձնելու ցանկությունը: Ինչպես արդեն պարզ է` Թուրքական կողմը չի ցանկանում թույլ տալ, որ ատոմակայանի բաժնեմասերի վերահսկող փաթեթը լինի ռուսների ձեռքում. հիմնավորումը բնական է` սեփական էներգետիկ անվտանգության նկատառումներն ու էներգետիկայի ոլորտի դիվերսիֆիկացման խնդիրը:

Բայց մեզ համար կարևոր է նաև քննարկված մեկ այլ հարց` Սիրիան: Անդրադառնալով սիրիական խնդրի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Պուտինը Ստամբուլում նշեց, որ այս երկու երկրների՝ Սիրիայում տեղի ունեցողի նկատմամբ գնահատականներն ու նպատակները համընկնում են, խնդիրը հակամարտության կարգավորման տարբերակներն են: ՌԴ նախագահի խոսքերով` Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում «նոր, թարմ մտքեր են ծագել» սիրիական հարցի վերաբերյալ, և երկու պետությունների ԱԳ նախարարությունները կշարունակեն քննարկումներն այդ հարցի շուրջ: Խոսելով թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայման մասին՝ Պուտինն ասաց, որ ինքը  հասկանում է Թուրքիայի անհանգստությունը, սակայն, իր կարծիքով, «սահմանին որևէ լրացուցիչ միջոցների ստեղծումը ոչ թե թուլացնում, այլ ավելի է սրում լարվածությունը»:

Ահա և մեզ համար ամենահետաքրքիր հարցը: Ով առիթ է ունեցել գոն մեկ անգամ թերթելու աշխարհի նորագույն պատմության գրքերի էջերը, հավանաբար հիշում է, թե ինչ եղավ, երբ ԽՍՀՄ-ն իր հրթիռները տեղակայեց Կուբայում: Այժմ գրեթե նույն կարգավիճակն է ստեղծվում Մերձավոր Արևելքում: «Անկախի» նախորդ համարում մենք անդրադարձել ենք Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի Patriot տեսակի հակահրթիռային կայանների տեղակայման հարցին: Նշել ենք նաև, որ այդ հրթիռների տեղակայմանը դեմ է ոչ միայն Ռուսաստանը, այլև ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան:

Նոր «Կարիբյան» ճգնաժամի հոտ է գալիս

Այժմ այդ հրթիռներն արդեն Թուրքիայում են, և այժմ էլ  եռուն փուլում են հրթիռների` թուրք-սիրիական սահմանին մոնտաժման գործընթացները:

Ահա ենթադրվում էր, որ ինչ-որ արձագանք Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ, կլինի: Ու պատասխան քայլը չուշացավ:

Դեկտեմբերի 3-ին ՌԴ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորքերի հիման վրա կստեղծվի հակաօդային և հակահրթիռային միացյալ համակարգ:

Մոսկվայում ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ մինչև տարեվերջ այդ նպատակով ռազմական հանձնաժողով է ստեղծվելու. «ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցությունը տեղում չի դոփում, այն զարգանում է և կշարունակի զարգանալ»,- շեշտել է գեներալը:

Իսկ  Թուրքիային ամենամոտ ՀԱՊԿ անդամ երկիրը, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն է` անմիջապես սահմանակից Թուրքիային:

Ուշագրավ է նաև այն, որ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվում: Դրա անունը կարող է լինել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» և այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենք գիտենք` ինչն է նպատակը, և փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը»:

Դիվանագիտական հարթության վրա բավական կոշտ բնույթ ունեցող այս հայտարարությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է: Օգտագործված բառերը ևս նկատի չեն ունեցել որևէ նրբանկատություն:

«Սևով սպիտակի վրա հստակորեն Մոսկվան ամբաստանվո՛ւմ է խորհրդային կայսրություն վերահաստատելու փորձ կատարելու հանցանքի համար: Տակավին. ամբաստանությունը ունի այլ բաժիններ: Մոսկվան մոլորության մեջ ուզում է ներքաշել շահագրգիռ կողմերը և խաբկանքի քաղաքականություն կիրարկելով, Մաքսային միություն կամ Եվրասիական միություն բառեզրերը շահարկելով` խորքում կիրառել տարածաշրջանը ռուսականացնելու քաղաքականություն: Ըստ պետքարուղարի, այս բոլորի դիմաց ԱՄՆ-ն չի կարող ձեռնպահ մնալ: Իմանալով նպատակը` ԱՄՆ-ն որոշել է կասեցնել կամ դանդաղեցնել Մոսկվայի ձեռնարկած գործընթացը: Այսքան պարզ է հայտարարությունը և ուղղակի: Սառը պատերազմի ուրվականի վերադարձը նախանշող բնույթ ունի Հիլարի Քլինթոնի՝ առանց բառերը ծամծմելու ասածը»,- գրել է «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա նաև կարծիք է հայտնում. թե տարածաշրջանի խորհրդայնացման և սառը պատերազմի ուրվականի վերադարձի հայտարարություններից հետո սկսվում է Սիրիայի օրակարգով Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցային փուլը:

Ռուսաստանին սկսել են հետաքրքրել սիրիահայերը

Այս միտքն առաջինը հիշեցինք, երբ անցած կիրակի օրը նայեցինք ռուսական «Ռոսիյա պլանետա» հեռուստաընկերության լուրերի թողարկումը: Այս պետական հեռուստաընկերությունը մի ծավալուն նյութով անդրադարձել էր Սիրիայում բնակվող, ուշադրություն, հայերի վրա:

Սա ցանկանում ենք դիտարկել որպես մեսիջ` ուղղված միջազգային հանրությանը: Ռեպորտաժը սկսվում էր այն տեղեկատվությամբ, թե Սիրիայի ամենամեծ քրիստոնյա համայնքը հայկական համայնքն է: Այնուհետև ասվում էր, որ սիրիահայ համայնքը պարբերաբար հարձակումների է ենթարկվում թուրք ու ադրբեջանցի ռազմական հրահանգիչների անմիջական ցուցումներով: Այստեղ հետաքրքիր է այն հանգամանքը, որ նման ռեպորտաժ է հեռարձակվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո, ռուսական պետական երկրորդ  հեռուստաընկերության եթերով:

Իսկ ռեպորտաժում հեղինակները նաև հուշում են, որ այս քրիստոնյա համայնքը, որը փորձում է չեզոքություն պահպանել սիրիական խնդրում, բայց պարբերաբար հարձակման է ենթարկվում, օգնության կարիք ունի, և նրան օգնում է, բնականաբար, եղբայրական Հայաստանը:

Իսկ հիմա, թե ինչպես կարող է հասկացվել այս ռեպորտաժի մեսիջը: Սիրիայում ապրում են քրիստոնյա հայեր, որոնք շատ մեծ համայնք ունեն, որն այսօր օգնության կարիք ունի: Այդ համայնքն անհրաժեշտության դեպքում ո՞ւմ պետք է դիմի, բնականաբար, Հայաստանին: Հայաստանը կարող է նաև իր հայրենակիցների պաշտպանության հարցին խառնվել, իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ անդամ Հայաստանը. պետք է դիմի ՀԱՊԿ-ին, իրեն այդ հարցում օժանդակելու համար: Ահա և իդեալական առիթ, որ Ռուսաստանը Սիրիայում բնակվող հայերին պաշտպաելու համար հնարավորություն ստանա ռազմական կոնտինգենտ մտցնել այդ երկիր` խիստ «խաղաղասիրական» նկատառումներով: Այդպիսով Ռուսաստանը կլուծի երկու հարց` տարածաշրջանային զարգացումներում միանգամից կասի իր «տղամարդու խոսքը», և միաժամանակ Հայաստանին այլ ելք չի մնա, քան ընդգրկվել Ռուսաստանի հրապարակած Եվրասիական կառույցի մեջ:

Ինչ խոսք, բավականին օպտիմալ տարբերակ է, մանավանդ, որ դեկտեմբերի 9-ից պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման պայմանագրային ժամկետը, և Ռուսաստանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքի Ադրբեջանի հետ: Բնականաբար, Ադրբեջանը ևս կամաց-կամաց դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց և ակնհայտորեն ձգտում է դեպի Թուրքիա, այսինքն` Արևմուտք և ՆԱՏՕ: Սա Ռուսաստանի համար ևս մեկ պատճառ է, որ այս տարածաշրջանում անցնի շրջադարձային քայլեր ձեռնարկելու քաղաքականության:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply