«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալին կարճատև մեկնում չտրամադրվեց

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 14, 2012 16:04

 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի միջնորդությունն իր պաշտպանյալին 5-օրյա կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին:

Ըստ պաշտպանի, ամբաստանյալի մայրը՝ Աղավնի Ադամյանը, ու կինը՝ Զարինե Հակոբյանը, վերջերս տուժել են ավտովթարից՝ մայրը գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ կինը վիրահատության է ենթարկվել և ներկայումս շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Կարճաժամկետ մեկնումը հնարավորություն կտա ամբաստանյալին տեսակցել իր մերձավորներին, ինչպես նաև իր մանկահասակ երեխային հանձնել ընկերոջ խնամքին՝ ներկայումս երեխան գտնվում է ազգականի խնամքի ներքո:

Տուժող ու պաշտպանական կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, սակայն դատարանը գտավ, որ թեև ամբաստանյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դ. Ադամյանը չի մեղադրվում առանձնապես ծանր հանցագործության մեջ և օրենքը թույլ է տալիս նրան տրամադրել կարճաժամկետ մեկնում, սակայն պաշտպանության կողմից չներկայացվեցին պատշաճ հիմնավորումներ, որ առկա է ամբաստանյալի հարազատների կյանքին սպառնացող վտանգ:

Դատարանը միաժամանակ հայտնեց, որ երեխայի հետագա խնամքը ստանձնող անձի տվյալներն ունենալու դեպքում կարող է կարգավորել հարցը, հակառակ դեպքում՝ դատարանի ձեռնարկած միջոցների շնորհիվ երեխայի մասին կհոգան բնակության վայրի տարածքի խնամակալության մարմինները:

Դատարանը նաև ընդգծեց, որ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում ամբաստանյալը կարող է հետագայում էլ նույն միջնորդությամբ հանդես գալ:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply