Հայաստանում աշխատանքով ապահովված սիրիահայերի թիվն աճել է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2012 10:22
Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի թիվը աճել է՝ հասնելով շուրջ 6500-ի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Սիրիահայերի մեծ մասը բնակարաններ են վարձել Երևանում, չնայած դրան, նկատելիորեն աճել է մարզերում հաստատվելու ցանկություն ունեցողների թիվը, որոնց մենք պատրաստ ենք ապահովել բնակարաններով և հողատարծքով»,-ասաց Զաքարյանը: Նրա խոսքով` տարեսկզբից մինչև հիմա Հայաստանում հաստատված սիրիահայերի թիվը եղել է մոտ 10.500, որոնցից 4000-ը վերադարձել են Սիրիա, իսկ մոտ 50-60 ընտանիք մեկնել են այլ երկրներ:
Անդրադառնալով հայկական դպրոցներում ուսում ստացող սիրիահայ երեխաներին՝ Զաքարյանը նշեց, որ «Կիլիկյան» դպրոցում կրթություն է ստանում 1-9-րդ դասարաններում սովորող շուրջ 270 սիրիահայ աշակերտ, իսկ նրանց ընդհանուր թիվը հասնում է 600-ի:
Այս շրջանում աճել է նաև աշխատանքով ապահովված սիրիահայերի թիվը: Խմբի ղեկավարը նշեց նաեւ, որ աշխատանք գտնելու հարցում սիրիահայերին աջակցելու նպատակով դեկտեմբերի 16-ին Մերգելյան ինստիտուտում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ միասին, կկազմակերպվի եւս մեկ աշխատանքի տոնավաճառ, որը կօգնի սիրիահայերին նոր աշխատանք գտնել: Միջոցառմանը կմասնակցի Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատու, ովքեր աշխատատեղեր կառաջարկեն սիրիահայերին:
Վերջերս մի խնդիր ևս հարթվել է՝ կապված սիրիահայերի հաշվառման հետ: « Նրանք բոլորը ապահովվեցին կացության վկայականներով, որոնք տրամադրվում են միանգամայն անվճար»,-տեղեկացրեց Ֆիրդուս Զաքարյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանի խոսքով՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար միգրացիոն ծառայություն է դիմել 425 սիրիահայ 168 ընտանիքից, որոնցից 44-ը ապահովվել են հատուկ կացարաններով:
Սիրիայում շուրջ 21 ամիս ընթացող բախումներին զոհ է գնացել շուրջ 40 հազար մարդ, այդ թվում` ավելի քան չորս տասնյակ սիրիահայեր:






Facebook
Tweet This
Email This Post
