Օրվա լուր | | December 13, 2012 21:31

Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով:
Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20–ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։
«Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաև որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումնեը ևս քաղաքապետարանի հետևողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու»,– ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։
Այս Ամանորին Ազատության հրապարակում, հունվարի 5–ին, փոքրիկների համար նախատեսվել է նաև առանձին, մեկ ամբողջ օր տևող միջոցառում՝ անվանի երգիչների և համույթների մասնակցությամբ ։
Հունվարի 6–ին, սբ. Ծննդյան օրը ևս Ազատության հրապարակում նշվելու է համերգային ծրագրով՝ ազգագրական ու հոգևոր կատարումներով։ Միջոցառումների օրերին բեմերը լինելու են թեմատիկ ձևավորմամբ։
Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լիելու, որ տոնական օրերին Հանրապետության և Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։
Դեկտեմբերի 20–ից մեկնարկող տոնական միջոցառումները կամփոփի հունվարի 13–ի մեծ միջոցառումը, որը Արամ Սուքիասյանի բնորոշմամբ տոնական համերգների գալա–համերգ է հիշեցնելու։
Տոնական միջոցառումների ժամանակացույցը պարբերաբար հանրությանը կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply