Հանդիպումներ Սիրիայում և Լիբանանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 22, 2010 16:47

Մարտի 22-24-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի Սիրիայի Արաբական Հանրապետությունում:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այցի շրջանակներում Հրանուշ Հակոբյանը կհանդիպի Դամասկոսի, Հալեպի և Դեյր Զորի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Մարտի 25-29-ը նախարար Հակոբյանը կայցելի Լիբանան: Սկզբում նախատեսվում է այցելություն Այնջար, հանդիպումներ քաղաքապետ Սեպուհ Սքայանի, մանկավարժների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, այցելություններ դպրոցներ և ակումբներ:

Մարտի 26-ին տիկին Հակոբյանը կհանդիպի Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ալի Շամիի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի, Հայ ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ղեկավարների, Հայկազյան համալսարանի ուսանողության, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ղեկավարների, պատգամավորների և համայնքային առաջնորդների հետ:

Հաջորդ օրը նախարար Հակոբյանը կայցելի մի շարք թերթերի խմբագրություններ ու ռադիոկայաններ (ՙԱզդակ՚, ՙՎանա Ձայն՚, ՙԶարթոնք՚, ՙԱրարատ՚, ՙՌադիո Սևան՚): Նախատեսվում է հանդիպում Հայկազյան համալսարանի մանկավարժների հետ: Այնուհետև կմասնակցի պետական պարգևների հանձնման արարողությանը և Կաթոլիկ եկեղեցու ՙԳրիգոր Նարեկացի՚ մշակութային կենտրոնի բացմանը:

Այցելության վերջին օրը Հրանուշ Հակոբյանը կայցելի հայկական դպրոցներ և մանկատուն: Հնարավոր է նաև նախարարի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վարդեհի հետ:

Բացի այս նախանշված են նաև Հ.Հակոբյանի հանդիպումները Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի, Լիբանանի Օգնության Խաչ կազմակերպության, Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի ղեկավարության հետ:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply