Ի՞նչ տվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպումը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 15, 2012 7:00

Նշանակալի իրադարձություն էր Երևանի մարզահամերգային համալիրում օրերս անցկացված մինչև 18 տարեկան  բռցքամարտիկների աշխարհի երիտասարդական առաջնությունը: Բայց ամենից շատ այն կմտապահվի, որ չեմպիոն դարձավ Մոսկվայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Նիկոլ Հարությունովը (81 կգ): Բանն այն է, որ տարիներ առաջ այդ ստուգատեսում հաղթող է դարձել գյումրեցի  ծանրքաշային բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը: Հայաստանի հավաքականն ունեցավ ևս մեկ մրցանակակիր. բրոնզե մեդալի տիրացավ Նարեկ Մելքոնյանը (+91 կգ):

Մեդալների հաշվարկով աղյուսակը գլխավորեցին Ռուսաստանի (2 ոսկե, 1 արծաթե մեդալ), Անգլիայի (2-ական ոսկե և բրոնզե մեդալ), Կուբայի (2 ոսկե և 1 բրոնզե մեդալ) հավաքականները: Մեկական ոսկե պարգևների արժանացան նաև Չինաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի բռնցքամարտիկները: Իսկ մեդալներով վերադարձան 23 երկրների հավաքականներ: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում էին 68 երկրների 400-ից ավելի բռնցքամարտիկներ: Մեր երկրին սահմանակից Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները տիրացան 1-ական բրոնզե մեդալների:

Առաջնությունն ուշագրավ էր այն առումով, որ պատվիրակներ էր ուղարկել Ադրբեջանը: Ի դեպ, մերոնք բաց էին թողել այդ երկրում 2010-ին կազմակերպված աշխարհի վերջին երիտասարդական առաջնությունը:

Ադրբեջանցիները Երևանում շփումներ չունեցան լրագրողների հետ, սակայն ստուգատեսի վերջին օրը Հայաստան ժամանած Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կոու Վուին հայտնել են, որ գոհ են այն պայմաններից, որոնք ստեղծվել են իրենց համար:

Ի դեպ, այն հարցին, որ 2012-ի օլիմպիական խաղերից առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային էր, Հայաստանի պատվիրակներին փորձել են վատ պայմաններում դնել, հանել հոգեկան հավասարակշռությունից, ֆեդերացիայի նախագահը խուսափողական պատասխան տվեց` ասելով, որ ինքն այդպիսի տեղեկություններ չունի:

Վուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նշելով, որ ստուգատեսն անցկացվել է բարձր մակարդակով,  և  դա երաշխիք է, որ հետագայում Հայաստանը կարող է հյուրընկալել բռնցքամարտի խոշորամասշտաբ ստուգատեսների, այդ թվում նաև Եվրոպայի, աշխարհի առաջնության մասնակիցներին:

Ի դեպ, առաջնության կազմակերպումը հեռահար նպատակ ուներ, որ 2016-ի օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվի Հայաստանում:

Աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպման համար 324 մլն դրամ է ծախսվել: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն էլ խոստովանեց, որ այդպիսի ուժեղ կազմ ունեցող առաջնությունում  երկու մեդալի տիրանալը պատվաբեր է:  Այսինքն` կատարված ծախսերը կարելի է փոխհատուցված համարել:

Դիտվել է 1532 անգամ:
Print Friendly

Leave a Reply