Ծեծված դերասանի խորհրդավոր լռությունը…

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2012 15:19

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, որը դեկտեմբերի 1-ին գլխուղեղի ցնցումով, հեմատոմայով և լսողության կորստով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Անկախի» հետ զրույցում ասաց, որ արդեն տանն է, իրեն շատ լավ է զգում, լսողությունն էլ վերականգնվել է: Միաժամանակ նա խնդրեց երկար չխոսել, քանի որ բժիշկներն արգելել են հեռախոսային երկար խոսակցությունը, և հայտնեց, որ չգիտի, թե դեռ որքան ժամանակ կմնա տանը:

Երբ հերթը հասավ հիվանդանոցում հայտնվելու պատճառներին. «Без комментариев, կներեք, ես անջատում եմ հեռախոսը»,- ասաց նա ու հեռախոսն անջատեց:

Պատասխանն իհարկե սպասելի էր: Սակայն հետաքրքիրն այն էր, որ նա չպնդեց ոստիկանությանը տված իր ցուցմունքը, ըստ որի` ինքն ընկել է և վնասվել: Հավանաբար հասկացել է, որ այդ վարկածին արդեն ոչ ոք չի հավատում, ուստի ընտրել է ոչինչ չասելու տարբերակը:

«Անկախի» հետ զրույցում Սերգեյի ընկերներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, ասաց, որ իր և Սերգեյի ընդհանուր ընկերներից մեկը, որն այդ օրը եղել է թատրոնում և տեսել նրան այդ վիճակում, պատմել է հետևյալը. «Սերյոգն էկավ էդ օրը՝ լրիվ անջատված, շշմած, շատ դանդաղ էր խոսում, հետաքրքրվում էր՝ ով ծանոթ բժիշկ ունի: Իսկ ախպոր դեմքն էն տիպի էր, որ ես նույնիսկ չկարողացա թաքցնել իմ էմոցիան…ոնց որ գլխի կողքից ուրիշ գլուխ լիներ…»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ընկերներին ավելի շատ անհանգստացրել է Սերգեյի եղբոր վիճակը, քանի որ նրա վիճակն արտաքուստ ավելի վատ է եղել: Սերգեյի ծոծրակի վրա և դեմքի որոշ հատվածներում են ուռուցքներ և կապտուկներ նկատել, ինչը նրանք փորձել են մեղմել սառույցի միջոցով:

Ընկերոջ պատմածի համաձայն` այդ օրը Սերգեյը գնացել է ծանոթ բժշկի մոտ, սակայն նրան չեն հոսպիտալացրել, միայն խորհուրդ են տվել չմասնակցել ներկայացումներին: «Գիշերը կրկին իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել, հետ է տվել: Շտապօգնություն են կանչել և տարել հիվանդանոց: Պարզվել է` ուղեղի ցնցում է ստացել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը համոզված է, որ Սերգեյին ահաբեկել են, սպառնացել, որ կվնասեն, եթե խոսի: Անգամ այդ օրը, երբ նա ընկերներին պատմել է իրողությունը, խնդրել է ոչ ոքի ոչինչ չասել, թե «էդ մարդկանց հետ պետք չի գործ ունենալ…»:

«Անգամ Մհերի տղան ա զանգել Սերյոգին ու ասել` դու հիվանդանոցից դուրս արի, տես ես իրանց ոնց եմ պատժելու (այսինքն՝ ծեծողներին)»:

Փաստորեն, Թոխմախի Մհերի շրջապատն ու հարազատները ոչ միայն  բռնություններով են զբաղվում, այլև պատժիչ գործողություններով, որոնք, ի վերջո, կրկին վերածվում են բռնության` ծեծի, քանի որ պատժի միջոցը նրանց մոտ հիմնականում ծեծն է:

Դեպքի վերաբերյալ «Անկախը» զրուցեց նաև թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ:

Նրա խոսքով՝ դեպքի օրը՝ նոյեմբերիի 29-ին, պետք է տեղի ունենար կարևոր մի պրեմիերայի գլխավոր փորձ-ներկայացումը, որը սովորաբար դիտելու է գալիս ողջ աշխատակազմը: «Սերգեյն այդ ներկայացման մեջ դեր չէր խաղում, սակայն եկել էր ներկայացումը դիտելու և մինչ ներկայացման սկսվելը պատմել էր կռվի մասին, հետո ասել, որ գլուխը ցավում է, գլխացավի դեղ էր ուզել, բայց հետո զգալով, որ վիճակը գնալով վատանում է, տուն էր գնացել»,-պատմում է տնօրենը:

Հաջորդ օրը, երբ տնօրինությունն իմացել է, թե ինչ է կատարվել, փորձել է հեռախոսով կապվել Սերգեյի հետ, բայց. «Ինչքան զանգում էինք, եղբայրն էր պատասխանում, թե Սերգեյը քնած է, քնած է, քնած է…: Հետո իմացանք, որ  կորցրել է լսողությունը, մտածեցիքն` երևի դա է պատճառը, որ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»:

Ինչ վերաբերում է նրա տված ցուցմունքին, թե իբր ընկել է, ապա Դավթյանը կարծում է, որ դա Սերգեյի իրավունքն է: «Համենայն դեպս, ես ասել եմ ու նորից եմ կրկնում, որ եթե լիներ Սերգեյի թույլտվությունը, թատրոնը, որպես նրա աշխատավայր, պատրաստ էր դիմել յուրաքանչյուր ճիշտ, իրավական քայլի և հարցը բարձրացնել մինչև ոստիկանապետ, բայց եթե մարդը նման կամք չի հայտնում, մենք ինչպե՞ս դա անեինք: Մեզ համար շատ և շատ զարմանալի էր, որ նա էդպես արեց: Վախացրել են, չեն վախացրել՝ չգիտեմ: Եթե ես լինեի նրա փոխարեն և եթե իսկապես մեղավոր չլինեի, ապա կգնայի մինչև վերջ: Գոյություն ունի մարդկային ինքնասիրություն: Բայց էլի եմ կրկնում` դա նրա իրավունքն է»:

Ի դեպ, Դավթյանն ասաց, որ Սերգեյը խոսել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ և տեղեկացրել, որ չնայած հիվանդանոցից դուրս է գրվում, դեռ մոտ 10 օր էլ պետք է մնա տանը, քանի որ աշխատունակ չէ, և իրեն անկողնային ռեժիմ է անհրաժեշտ: Եվս մեկ հակասություն այս և Սերգեյ Գրիգորյանի՝ մեզ հայտնած այն տեղեկության միջև, թե ինքը շատ լավ է և որևէ խնդիր չունի:

Ինչ կտա Սերգեյ Գրիգորյանին իր լռությունը` թերևս միայն իրեն է հայտնի: Բայց այն, որ դա ջուր կլցնի մյուս հեղինակություն-պատգամավորների հրոսակախմբերի ջրաղացին, փաստ է: Ու նորից կտուժի ո՞վ, բնականաբար նույն Սերգեյ Գրիգորյանն ու Հայաստանի Հանրապետության մյուս շարքային քաղաքացին:

Հիշեցնենք, որ Լուրեր.com լրատվական կայքը օրեր առաջ տեղեկություն էր տարածել, որ Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ վեճն ու ծեծկռտուքը ծագել է այն բանից հետո, երբ պատգամավորի անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը, իսկ դերասանն ասել է, որ ուշանում է աշխատանքից: Համացանցում և կայքերում բարձրացված աղմուկից հետո Մհեր Սեդրակյանն անձամբ է գնացել հիվանդանոց` պարզելու, թե իրականում ինչ է եղել, կասկած հայտնելով, որ հնարավոր է` իր աշխատակիցներն իրեն ճշմարտությունը չեն ասում: «Եկել եմ` պարզեմ` իրո՞ք իմ թիկնապահներն են, թե՞ ինչ-որ ուժեր սարքում են, հետաքրքիր բան է…»,- ասել է Մհեր Սեդրակյանը:

Այսպիսով, պատգամավորը «պարզել է» իրողությունը և բաց ճակատով հայտարարել, որ դեպքն իր հետ որևէ կապ չունի:

«Անկախ»

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply