Արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 12, 2012 16:29

Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաեւ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988թ. աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված ազգաբնակչության տառապանքներն ու կարիքները: Դեսպան Նազարյանը հավաստիացրեց, որ նախորդ տարիների օրինակով, 2013թ.-ին եւս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին, ինչպես նաեւ դրվատանքի խոսքեր հղեց ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար, ԳՔ տեղակալին` արտակարգ իրավիճակներում արագ եւ կանխարգելիչ արձագանքման խթանմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական միջոցներն արդյունավետորեն կառավարելու համար:
Տեղեկանք. Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից 2005թ. հիմնադրված մարդասիրական ֆոնդ է, որը ժամանակին եւ համապատասխան մարդասիրական օգնություն է տրամադրում տարերային աղետներից եւ զինված հակամարտություններից տուժածներին: Այն հիմնադրվել է` նոր մակարդակի բարձրացնելու մինչ այդ գոյություն ունեցող Արտակարգ իրավիճակների կենտրոնական շրջանառու ֆոնդը (Central Emergency Revolving Fund) դրամաշնորհային տարր ներառելու միջոցով: Դրամաշնորհը գոյանում է կառավարությունների եւ մասնավոր հատվածի` կորպորացիաների, անհատների ու հասարակական կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների արդյունքում: Հիմնադրամը նպատակ է հետապնդում թերի ֆինանսավորում ունեցող ճգնաժամերի հաղթահարման ծրագրերում ամրապնդել հումանիտար օգնության արագ արձագանքման առանցքային տարրերը: Դեռեւս 2010թ.փետրվարին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումով պետբյուջեից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվել էր տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի եւ առողջապահական կարիքների ապահովմանը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply