Երեւանում այսօր կգրանցեն մոտ 80 ամուսնություն. «Գոլդ» բախտ` «գոլդ» թվերի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 8:47

Այսօր վերջին հնարավորությունն է «գոլդ» ամսաթվին ամուսնանալու եւ ամուսնության վկայականում «գոլդ» ամսաթիվ ունենալու համար: Այս վերջին «շանսը» օգտագործելու ձգտումը հայ ամուսնացող զույգերին ստիպել է դեռ ամիսներ առաջ դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանմումներ, որպեսզի հանկարծ հետ չմնան 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու հնարավորությունից:

NEWS.am-ի անցկացրած հարցումները Երեւանի ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) բոլոր ստորաբաժանումների շրջանում ցույց են տալիս, որ եթե սովորական օրերին ամուսնանալու ցանկությունն ունեցող մինչեւ 2-4 զույգ է լինում, ապա «գոլդ» թվերին, ինչպես օրինակ` 07.07.07, 10.10.10, 11.11.11,12.12.12 դիմող զույգերի թիվն անհամեմատ մեծանում է:

Այսպես, եթե Ավանի ՔԿԱԳ-ում ամբողջ ամիս գրանցում են 20 ամուսնություն, ապա միայն 12.12.12 ամուսնությունը գրանցելու համար դիմել է 8 ամուսնական զույգ: Արաբկիրի ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 7 ամուսնություն, իսկ «ոչ գոլդ օրերին»` 2-3: Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 12 ամուսնություն, իսկ սովորական օրերին այդ թիվը կազմում է 3-4, լինում են օրեր, երբ ոչ մի ամուսնություն էլ չեն գրանցում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 7-8 ամուսնություն, սովորական օրերին այստեղ գրանցում են 2-3 ամուսնություն: Մալաթիա-Սեբաստիայի ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 10, Նոր-Նորքում` 9, Շենգավիթում` 5-6, Քանաքեռ-Զեյթունում` 8, Աջափնյակ եւ Դավիթաշեն ՔԿԱԳ-ում` 7-8 ամուսնություն:

Այսպիսով, այսօր միայն Երեւանի ՔԿԱԳ-երի ստորաբաժանումներ կգրանցեն 76 ամուսնություն, բայց դեռ ինչքան հարսանիք կլինի առանց գրանցման:

ՔԿԱԳ-երի աշխատակիցները մեզ հետ զրույցում փաստեցին, որ 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու համար զույգերը դիմել են ամիսներ առաջ եւ դեռ շարունակում են դիմել, սակայն ՔԿԱԳ-ում ոչինչ չեն կարող անել: Ամուսնական զույգերը ամուսնությունը գրանցելու համար պետք է դիմեն առնվազն 10 օր առաջ, բայց, օրինակ, դեկտեմբերի 11-ին մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ-ում սկզբից խնդրում, համոզում, իսկ հետո կռվում էր իր ամուսնությունը այսօր գրանցելու համար: «Գոլդ» թվերին ամուսնացողները, ՔԿԱԳ աշխատակիցների գնահատմամբ, «թիթիզ ջահելներն են»` 23-35 տարեկան:

Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ-ի ղեկավար Լուսինե Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամուսնական զույգ է եղել, որ օգոստոսին է դիմել իր ամուսնությունը 12.12.12-ին գրանցելու համար` վախենալով, որ հնարավոր է հերթեր լինեն եւ չհասցնեն: Կան զույգեր, որ որ նույնիսկ հատուկ նշել են, որ ժամը 12-ին իրենց ամուսնացնեն: Նա նշեց, որ վերջերս մի հետազոտություն էր ընթերցում, որտեղ նշված էր, որ «գոլդ» թվերին ամուսնացողները ավելի շուտ են ամուսնալուծվում, քան սովորական օրերին ամուսնացողները: Պատճառն այն է, որ նրանք ընկնում են արտաքին տեսքի, գեղեցկության ետեւից, «գոլդ» թվերով են հրապուրվում, որ հետո հպարտանան, գլուխ գովեն 12.12.12-ին են ամուսնացել:

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ «գոլադամոլությունը» հայկական երեւույթ չէ, այն «տարել է նաեւ ամբողջ աշխարհին»: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «գոլդ» թվերին ամուսնանալու մեջ տարբեր մարդիկ տարբեր իմաստ են դնում, բայց հիմնականը հետագայում ամուսնության տարեթիվը հիշելու, գեղեցիկ, սիմետրիկ թիվ ընտրելու խնդիրն է: Հոգեբանի խոսքով` այստեղ գործում է «լավ ձեւի» օրենքը, ինչը ընդհանուր ընկալման օրինաչափություն է, որին ենթարկվում են կենդանիները եւ մարդիկ: Երկուսն էլ ի ծնե սիրում են սիմետրիկություն: Սամվել Խուդոյանը նկատել է, որ ճոխ հարսանիքներ անողները ավելի հաճախ են ամուսնալուծվում, ուստի կոչ է անում «գոլդ» բախտը» «գոլդ թվերի» կամ այլ արտաքին գեղեցկությունների մեջ չփնտրել:

Ի դեպ, 12.12.12-ին կկայանան նաեւ մի շարք հայտնիների հարսանիքներ, ինչպես օրինակ` դերասաններ Նարբեն եւ Աստղիկը, ԱԺ պատգամավոր, գեներալ սեդրակ Սարոյանի որդին: «Հիմա էլ ասում են, թե Սարոյանը տղայի հարսանիքը 12.12.12 ամսաթվին ա անում: Մթոմ Սարոյանի մտքով շատ ա անցնում, թե երբ ա լինելու հարսանիքը: Հիմա ինչի իմ տղեն 12-ին չանի, 14-ին անի: Իմ տղան էտ ինչ մի մեծ բան է ուզել, կամ խի՞ իմ տղեն պետք է լավ չապրի կամ ինչի մեր բոլոր երեխեքը լավ պետք է չապրեն»,- անդրադառնալով այդ թեմային` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր պատգամավորը:

NEWS.am

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply