Դավիթ Սարապյանը կռվեց ու անմահացան իր կերտած հաղթանակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 11, 2012 17:45

Դեկտեմբերի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանին: 1972թ.-ին այս դպրոցի առաջին դասարանում էր ուսանում հենց ինքը՝ ազգի ապագա հերոսը:
Իրենց մարտական ընկերոջ հիշատակը եկել էին հարգելու «Տիգրան Մեծ» ջոկատի մարտիկները, Դավիթի կյանքի ընկերները, Դավիթի կարատեյի մարզիչը` Հայաստանի կարատեյի ֆեդերացիայի նախագահ` Գրիգոր Միքայելյանը, Դավիթի հարազատներն ու բարեկամները, նրա մասին գիրք հեղինակած տիկին Էվելինա Մելքումյանը, դպրոցի ուսուցչական կազմը, բարձր դասարանների աշակերտները և բազում հայ երիտասարդներ:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր Դավիթ Ամալյանի, Վարդան Գալստյանի և Արսեն Համբարյանի կատարմամբ, իսկ վերջում անմահական հայկական ռազմապարերով հանդես եկավ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը:
21 տարի առաջ դեկտեմբերի 10ին Դավիթ Սարապյանը` փայլուն կատարելով մարտական առաջադրանքը, հերոսի մահով ընկավ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում:
Դավիթը մեկն էր այն քաջերից, ովքեր ընտրեցին Հայրենիք կոչվող հողակտորի վրա արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը և առանց վարանելու նետվեցին կենաց-մահու կռիվ մղելու թշնամու դեմ: Նրանք կռվեցին ու անմահացան իրենց կերտած հաղթանակում, ապացուցելով, որ ոչինչ և ոչ ոք չի կարող հաղթել մահը մերժողին, ճշմարտության ու արդարության համար պայքարողին: Ինչպես Գարեգին Նժդեհն է ժամանակին ասել. «Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ: Այսպես վարվել, ասել է, մահը դարձնել ներքին զորություն, ներուժ կյանք և հաղթանակի սկզբունք: Այսպես է վարվում նահատակը, հերոսը»:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply