Պարգևատրվեցին 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 11, 2012 17:39


Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարգևատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկներին։ Մրցանակները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը։ Նախարարը կարևորեց ուսանողական սպորտի զարգացումը Հայաստանում։ ՙՈւսանողական սպորտի զարգացման առումով անելիքներ շատ կան. մենք որոշ բուհերում ունենք մարզադահլիճների, մարզագույքի խնդիր, բայց ակնհայտ է, որ մեր ուսանողները շարունակում են հաջողություններ արձանագրել և՜ հանրապետական, և՜ միջազգային ասպարեզներում։ Ակնհայտ է նաև, որ առողջ ապրելակերպի նկատմամբ սկսում է ձևավորվել մշակույթ։ Իհարկե, կարևոր են ֆինանսները, ենթակառուցվածքները, բայց պակաս կարևոր չէ վերաբերմունքը դեպի սպորտ, դեպի ֆիզիկական կուլտուրա և առողջ ապրելակերպ։ Այս տեսակետից մեր երիտասարդության շրջանում նման խաղերի կարևորագույն առաքելությունը ոչ միայն հաղթողների հայտնաբերումն է, այլև ուսանողական սպորտի խթանումը և ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ճիշտ մշակույթի ձևավորումը՚,- նշեց Արմեն Աշոտյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012թ. անդամակցել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացային, մեր ուսանողական թիմերն ու մարզիկները մասնակցել են եվրոպական համաուսանողական խաղերին։ 2013թ. փետրվարին Երևանում կկայանա Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի նախագահության նիստը, որտեղ կքննարկվեն նաև Հայաստանում ուսանողական սպորտի զարգացման առաջնահերթությունները։ ՀՀ ԿԳ նախարարը կարևորեց նաև 2013թ.Կազանում անցկացվելիք ուսանողական մարզական համաշխարհային խաղերը, որոնց մասնակցելու է նաև Հայաստանը։ Նախարարը շեշտեց, որ արվելու է առավելագույնը՝ այդ խաղերում բարձր արդյունքներ ցույց տալու և մեդալներ նվաճելու համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղաված ծրագրերը՝ նշելով, որ հիմնադրամը բոլոր այդ նախաձեռնությունների կողքին է։ ՙՀայաստանի երիտասարդական հիմնադրամը հետագայում նույնպես կաջակցի այն բոլոր ուսանող-մարզիկներին, որոնք Հայաստանը կներկայացնեն միջազգային հարթակներում՚,- նշեց Կարեն Ավագյանը։

Նշենք, որ 13-րդ հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, որին մասնակցել է 20 բուհի շուրջ 2000 ուսանող։ Ուսանող-մարզիկներն ուժերը չափել են 8 մարզաձևերում (լող, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, կրոսավազք, մինի ֆուտբոլ, հանդբոլ)։ 8 մարզաձևերից անցկացվել է 14 առաջնություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply