Բոլոնյան գործընթացն արդեն 10 տարեկան է. կրթական փոփոխությունների առավելություններն ու թերությունները` ըստ հայաստանյան բուհերի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2010 11:54

«Բոլոնիայի հռչակագրի հիմնական նպատակն իրագործված է՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքն արդեն իրականություն է: Սակայն միասնական կրթական տարածք հիմնելու ճանապարհին առաջացել են խոչընդոտներ, որոնք պետք է լուծում ստանան մինչև 2020 թվականը»,- ասում է  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ամփոփելով գործընթացի տասնամյակի կապակցությամբ Վիեննայում և Բուդապեշտում տեղի ունեցած գիտաժողովը (մարտի 11-12-ին) Բոլոնիայի գործընթացի 47 անդամ երկրների մասնակցությամբ:

Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որ մեկնարկել է 1999 թ.:  Գործընթացի նպատակն է եղել մինչև 2010 թ. ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք: Գործընթացին անդամակցում է 47 երկիր: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005 թվականից:

Նախարար Աշոտյանն ասում է, որ Բոլոնիայի գործընթացն ունի երեք բաղադրիչ: Այն  նախ և առաջ կրթական գործընթաց է, որ միտված է Եվրոպայի տարածքում ստեղծելու ընդհանուր կրթական միջավայր և ընդլայնված Եվրոպայի շրջանակներում ներդնել կրթական փոխճանաչելի համակարգ: Երկրորդ  բաղադրիչը, ըստ Աշոտյանի,  քաղաքական է.  «Գործընթացն  ունի խորը քաղաքական իմաստ. միավորված Եվրոպայի ստեղծումը՝ միասնական քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտով,  անհնար է առանց միասնական կրթական տարածքի»: Երրորդ բաղադրիչը սոցիալականն է. գործընթացը, ըստ Աշոտյանի,  միավորել է բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված բոլոր շահառուներին՝ ուսանողներին, գործատուներին,  պետական  և միջազգային կառույցներին:

Բոլոնյան գործընթացի շրջանակներում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որն, ըստ մասնագետների,  հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորելու գործնական ոլորտում և ստանալու ավելի օբյեկտիվ գնահատական:  Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը: Աշոտյանն այս ամենը համարում է ձեռքբերումներ և հավելում, որ Բոլոնյան համակարգի մաս լինելը շարժունակության հնարավորություն է տալիս. հայաստանաբնակ ուսանողները հանգիստ կարող են իրենց կրթությունը շարունակել Բոլոնիայի տարածքի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Բոլոնյան գործընթացի իրականացման ճանապարհին, ըստ նախարարի, ձեռքբերումներից բացի կան նաև խնդիրներ, որոնք բնորոշ են գործընթացի անդամ բոլոր երկրներին: Նրա խոսքով՝ համընդհանուր խնդիրներից է այն, որ  բարեփոխումները հաճախ  ձևական բնույթ ունեն, ուսանողները լավ չեն իրազեկված գործընթացի մասին, հաճախ լիարժեք պատկերացում չունեն նաև բուհերի դասախոսները:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

Աշոտյանը կարևորում է, որ  Բոլոնիայի հռչակագրի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն ունենա և ընդգծի իր ուրույն տեղը: Նրա խոսքով՝ Հայաստանն այս գործընթացի առաջատարներից չէ, սակայն նաև վերջիններից չէ: «Կրթության որակով և մակարդակով ունենք միջին եվրոպական դիրք. քիչ  զիջում ենք Արևելյան Եվրոպայի երկրներին և բոլորովին չենք զիջում ԱՊՀ երկրներին»,- ասում է նա և ընդգծում, որ Հայաստանը դեռևս հսկայական աշխատանք ունի կատարելու Բոլոնիայի գործընթացի ամբողջական իրականացման առումով:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) Բոլոնյան հռչակագրի դրույթները սկսել է կյանքի կոչել նույնիսկ մինչև գործընթացի մեկնարկը:  Դեռևս 1992 թ. համալսարանը սկսել է անցում կատարել  բազմաստիճան կրթական համակարգի: Իսկ կրեդիտային համակարգը համալսարանը սկսել է փորձնական կիրառել դեռևս 2002-2003 ուսումնական տարուց: «Այս փորձնական աշխատանքների շնորհիվ  2008-ին, երբ  ողջ համալսարանում սկսեց կիրառվել  կրեդիտային համակարգը, մենք  բավականին պատրաստ էինք դրան, և խնդիրներ համեմատաբար քիչ առաջացան»,- ասում է ԵՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: Բացի այդ, արդեն երրորդ տարին է`  ուշադրությունը սևեռել են որակի ապահովման համակարգի կայացմանը: «Մշակվել են ներքին որակի ապահովման չափանիշները, և մեր մշակած մոտեցումները լիովին համապատասխանում են Բոլոնիայի հռչակագրի պահանջներին»,- ասում է նա:

Ըստ ՀՊՃՀ պրոռեկտորի` համալսարանն ունի տարիներ ի վեր ձևավորված բազմաթիվ ավանդույթներ, ինչպես, օրինակ` դասավանդման եղանակների ավանդական մոտեցումները, որոնք համալսարանը մտադիր է պահպանել և համատեղել նոր արժեքների հետ: «Ամբողջական հրաժարումը հնից և նորի մեխանիկական ընդունումը շատ վտանգավոր կլինի,- ասում է նա:- Ամեն ազգ ունի իր յուրահատկությունները, և նոր  դրույթները պետք է կիրառել` այդ յուրահատկությունների հետ համատեղելով»:

Աղգաշյանը նոր համակարգի թերություն է համարում այն, որ ուսանողին լիակատար ազատություն է տրված ընտրելու, թե ինչ առարկաներ պետք է ուսումնասիրի համալսարանում: «Ընտրության շրջանակը պետք է սահմանափակ լինի, որպեսզի ուսանողը ստանա որակավորում ապահովող ուսուցում,  այլապես համալսարանական ուսուցումը կարող է վերածվել  ինչ-որ մոդուլների ուսումնասիրման համակարգի»:

Բոլոնյան գործընթացի մասնակից 47 երկրներից միայն   7-ն են դեռևս ձեռնամուխ եղել բժշկական կրթության  համակարգի փոփոխությանը: Այդ յոթ երկրների թվում է և Հայաստանի Հանրապետությունը:

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) Բոլոնյան հռչակագրի դրույթներին անցում է կատարել 2006-ից: Արդեն իսկ ներդրել է կրթության երկաստիճան և գնահատման կրեդիտային համակարգը: Կադրային փոփոխություններ են կատարվել, դասախոսների միջին տարիքը երիտասարդացվել է, և մշակվել է դասախոսների որակավորման նոր չափորոշիչ: Այժմ վերանորոգվում է նաև  համալսարանի կլինիկական ցանցը, քանի որ մագիստրատուրայի ուսումնական ծրագրի 75 տոկոսը նախատեսում է պրակտիկ աշխատանք:

ԵՊԲՀ ինտեգրացման և բարեփոխումների բաժնի պետ Լարիսա Ավետիսյանն ասում է, որ նոր համակարգի կիրառումը փոփոխություններ է ենթադրում նաև օրենսդրական դաշտում. «Մեր բակալավրիատն ավարտող շրջանավարտի աշխատանքային գործունեության շրջանակները դեռևս հստակեցված չեն: Այժմ հաստատման փուլում են չափորոշիչները, ըստ որոնց` բակալավրիատն ավարտող շրջանավարտին կտրվի բժիշկ-օգնականի որակավորում»,- ասում է նա:

Նախկինում համալսարանի և՛ գերազանց և՛ բավարար առաջադիմություն ունեցող շրջանավարտներին  տրվում էին նույն գործառույթները: Նման պայմաններում բավարար առաջադիմություն ունեցող շրջանավարտները  դառնում էին գործազուրկ, քանի որ չէին  կարող նաև բուժքույր աշխատել: Ըստ Ավետիսյանի` նոր համակարգի շնորհիվ այդ հարցը լուծվում է` շրջանավարտին տրվում են որոշակի գործառույթներ` իր գիտելիքների հնարավորության սահամաններում:

Ավետիսյանը, սակայն, ունի նաև մտահոգություններ. «Այժմ ապահովվում է ուսանողների շարժունակությունը, դա կարող է հանգեցնել ուղեղների արտահոսքի»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ ԵՊՀ-ն Բոլոնյան գործընթացի տարրերը սկսել է կյանքի կոչել դեռևս 1999-2000 ուսումնական տարում` ներդնելով կրթության եռաստիճան համակարգը համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Նրա կարծիքով՝ ընդհանուր բարձրագույն կրթական տարածք հիմնելու նպատակն է` դիմանալ համաշխարհային մրցակցությանը. «Բոլոնիայի գործընթացի անդամ 47 երկրները մտադիր են գերիշխող դիրք ունենալ համաշխարհային գիտակրթական տարածքում»:

Սիմոնյանի կարծիքով` Բոլոնիայի գործընթացը եկել է ոչ թե փոփոխելու արդեն իսկ գոյություն ունեցող արժեքները, այլ ավելացնելու նորերը:  «Հին ու նոր արժեքները պետք է միահյուսել և ստեղծել մի նոր արժեհամակարգ»,- ասում է նա: ԵՊՀ-ն հիմա որակյալ դասախոսական անձնակազմ ձևավորելու խնդիր ունի: «Դասախոսներ կան, որոնք արդեն երկու տասնամյակ  որակավորման բարձրացում չեն անցել»,- ասում է Սիմոնյանը՝ նշելով, որ այժմ ստեղծում  են որակավորման նոր համակարգ:  Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն դասախոսական կազմում ընդգրկում է երիտասարդների, սակայն դեռևս ոչ բավարար քանակությամբ:

Սիմոնյանը խնդիր է համարում նաև համալսարանում առկա կաշառակերության երևույթը, որի դեմ պայքարը դեռևս անարդյունավետ է:

Ըստ Արմեն Աշոտյանի` Բոլոնյան հռչակագրի բաղադրիչների կիրառումն, օրինակ, հանգեցրել է նրան, որ կրեդիտային համակարգը հաճախ ձևական է, ռոտացիայի կիրառումը հանգեցրել է ներբուհական կոռուպցիայի աճի, սակայն ծագած խնդիրները հիմք չեն կարող դառնալ անգամ կարճ ժամանակով բարեփոխումները դադարեցնելու համար: Նախարարն ասում է, որ կրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ «ջրի երեսին մնալ ցանկացող երկրները»  պետք է մշտապես բարեփոխեն իրենց կրթական համակարգը:  Նախարարի խոսքով` Բոլոնյան գործընթացի տարածքում օրինաչափություն է, որ աստիճանաբար կրճատվում են կրթության ոլորտին ուղղված  պետական ներդրումները և աճում է մասնավորը: Սակայն,   Բոլոնիայի հռչակագրով նախատեսված է նաև սոցիալապես խոցելի խավերի համար կրթության մատչելիության ապահովումը, ուստի պետությունը շարունակելու է  կատարել սոցիալական որոշակի խմբերին բարձրագույն կրթության մատչելիությունը ապահովելու դերը: «Առաջիկայում ներմուծելու ենք նաև նոր արտոնություններ Հայոց բանակից զորացրվածների համար»,- ասում է Աշոտյանը:

Դիտվել է 4899 անգամ:
Print Friendly

Leave a Reply