Ա. Աշոտյան. “Մերժված երեխան ամոթն է հասարակության”

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2012 15:56

ՀՀ Ազգային ժողովի “Առողջապահության, մայրության և մանկության հարցերի” և “Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի” մշտական հանձնաժողովները համատեղ այսօր կազմակերպել էին խորհրդարանական լսումներ` “Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում” թեմայով: Խորհրդարանական լսումները կազմակերպվել են “Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի” նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Խորհրդարանական լսումներին թեմատիկ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման խնդիրներին: “Վերջին շրջանում նմանատիպ քննարկումները հաճախակի են դարձել, և այդ փաստն ինքնին ուրախալի է, քանի որ համապատասխան քննարկումները, որպես կանոն, բերում են կոնկրետ քայլերի: “Հանրակրթության մասին” և “Կրթության մասին” ՀՀ օրենքներում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը կարծես նոր զարկ տվեց խոցելի խմբերի երեխաների կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քննարկումներին: Կրկնակի ուրախալի է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներում բոլոր քաղաքական ուժերը որդեգրեցին նախևառաջ բովանդակային, մասնագիտական և մարդասիրական մոտեցումներ, այլ ոչ երբեք քաղաքական”,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս Հայաստանում իրականացնել հեղափոխական և հավակնոտ ծրագիր. “Օրենքները ոչ թե ներկա իրավիճակի լուսաապատճեններ պետք է լինեն, այլ նպատակներ, խնդիրներ, որոնց պետք է հասնել: Մենք դեմ ենք լոկ մեխանիկական ամրագրումներին, քանի որ ցանկացած նոր օրենք պետք է դնի որոշակի նշաձող, որին պետք է փորձել հասնել: Իրականում Հայաստանում երեխայի կրթության իրավունքի հարցում արձանագրվել են լուրջ փոփոխություններ. ներառական կրթության մոդելը ոչ միայն ներքին սպառման, կրթական ծրագրերի ներքին շուկայի համար է հետաքրքիր, այլ այն կարող է նաև արտահանվել, քանի որ հայաստանյան փորձը հետաքրքրել է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների”,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաև լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ և ֆինանսական մեծ հատկացումներ: “Սակայն այս խնդրում առավել քան կարևոր է հոգեբանության փոփոխությունը. մենք պետք է չունենանք ոչ մի բարոյական սահմանափակում, կաղապարներ` հաշմանդամ երեխաների կողքին առողջ երեխաներ տեսնելու հարցում: Ցավոք, հոգեբանական նման կարծրատիպեր դեռևս գոյություն ունեն, որոնք կոտրելու համար անհրաժեշտ է վերաբերմունք, հստակ ուղղորդված մտածելակերպային փոփոխություն: Երբ բոլորս հասկանանք, որ երեխաների միջև խտրականություններ չկան, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում պետք է ապահովվի իրեն համապատասխան կրթական ծառայություններով, այդ դեպքում միայն ունակ կլինենք լավատեսական և արդյունավետ ծրագրեր իրականացնել: Խոցելի խմբի երեխաներին ներառելու խնդիրը ոչ այնքան կրթական, որքան երեխաների ապագայի արժանապատվության խնդիր է, որովհետև հասարակությունից մերժված երեխան ամոթն է հայ հասարակության, բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են նրանց համար լավ պայմաններ ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք լուծել երեխաների արժանապատվության և սոցիալիզացիայի խնդիրները”,-իր ելույթն ամփոփել է նախարար Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով նաև հասարակական կազմակերպություներին. առանց վերջիններիս աջակցության, ըստ նախարարի, բազմաթիվ հաջողություններ չէին արձանագրվի:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply